«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Ինչպես ծնվեց կապիտուլյացիան» վերտառությամբ։ Գրառման մեջ Թեւանյանը նշել է, որ կապիտուլյացիոն փաստաթղթից կարելի էր խուսափել, եթե Նիկոլ Փաշինյանը ճիշտ պահին համաձայներ զինադադարի։ Թեւանյանի գրառումը՝ ստորեւ․
«1․ Հնարավո՞ր էր արդյոք խուսափել պատերազմից։
Այո՛, հնարավոր էր, եթե Նիկոլ Փաշինյանը բանակցային գործընթացը միտումնավոր կամ հիմարաբար չմտցներ փակուղի, չփչացներ հայ-ռուսական, հայ-իրանական հարաբերությունները (Ռուսաստանն ու Իրանը, անկախ ամեն ինչից, միեւնույն է իրենց օգնությունը տվեցին), չպառակտեր հանրությունը, չպայքարեր Արցախի ու բանակի դեմ, թույլ չտար ռազմական բալանսի խախտում։
2․Հնարավո՞ր էր հաղթել այս պատերազմում։
Ո՛չ, Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հայ ժողովուրդը դատապարտված էր պարտության։ Պատճառները բազմաթիվ են՝ անգրագետ կառավարումից մինչեւ հոգեբանություն։
3․Հնարավո՞ր էր խուսափել այս կապիտուլյացիոն փաստաթղթից։
Այո՛, եթե Նիկոլ Փաշինյանը ճիշտ պահին համաձայներ զինադադարի։ Սեպտեմբերի 27-ից հետո նա այդպիսի մի քանի հնարավորություն է ունեցել, սակայն գերադասել է «Հաղթելու ենք» կարգախոսի, կեղծ քարոզչական կրակահերթի տակ թշնամուն թույլ տալ հասնել մինչեւ Շուշի։ Եթե ռուսական ուղղաթիռի խոցումը չլիներ, եւ չլիներ ռուսների կոշտ արձագանքը, ապա Ադրբեջանն արդեն կանգ չէր առնելու։
4․Հնարավո՞ր է դուրս գալ այս մղձավանջից։
Այո՛, բայց ուժերի գերլարումով, հետեւողական ու տարիների աշխատանքի շնորհիվ, նոր որակի պետությամբ ու բացառիկ հայրենասիրությամբ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը