19 10 2020

Գոնե այդ ժեխաժայթքողներին հնարավո՞ր է սսկեցնել

Գոնե այդ ժեխաժայթքողներին հնարավո՞ր է սսկեցնել

Որքան էլ էս սրտատրոփ օրերին դա դժվար է թվում, բայց համբերատար սպասեցի (դեռ սպասում եմ) իշխանության արձագանքին՝ մեկ տասնյակից ավելի կուսակցությունների հնչեցրած առաջարկությանը, որը նաև որոշակի հանրային պահանջ է: Խոսքը ռազմաքաղաքական  հարցերի օպերատիվ կառավարման շտաբ ձևավորելու մասին է: Ինքս, շատերի նման, կողմնակից եմ Պաշտպանության պետական կոմիտե ձևավորելու տարբերակին: Բայց էականը դա չէ: Էականը այն է, որ ձևավորվի մի կառույց, որը կոնկրետ այս պատերազմական վիճակում կկենտրոնացնի հնարավոր ամբողջ ներուժը և կհամակարգի դրա կառավարումը՝ հանուն ընդհանուր հաղթանակի:

Սակայն դա էլ դեռ մի կողմ:

Հիմա միտք է, գաղափար է, առաջարկություն է, հնչեցվել է մեկ տասնյակից ավելի կուսակցությունների, այդ թվում՝ մեր պետականության ու մեր բանակի կայացման ու ընթացքի հարցերում ներդրում և պատասխանատվույթուն ունեցող ուժերի կողմից: Կարելի է համաձայնել, կարելի է չհամաձայնել, կարելի է քննարկել, կարելի է վերջապես որևէ վերաբերմունք ու դիրքորոշում արտահայտել: Իրավիճակը հաշվի առնելով՝ դա անել փաստարկված, զուսպ ու հավասարակշռված: 

Բայց առաջին հերթին աչք ծակեց մեկ այլ երևույթ: Կոնկրետ սոցցանցերում, ամենատարբեր անձինք, սակայն բավականին կազմակերպված ու միանման, գրեթե «շտամպովկա» ռեպլիկներով ու մեկնաբանություններով, ինչը թույլ է տալիս առնվազն ենթադրել, որ դա մասբամբ ուղղորդվող դրսևորում է, վրա տվեցին նշված հարցը բարձրացրած 13-14 կուսակցությունների ու մանավանդ՝ ՀՅ Դաշնակցության վրա:

Դե, հայտնի է՝ հենց միայն ՀՅԴ հավապումը ոմանց վրա խիստ բորբոքիչ է ազդում:

Այդ նույն «ոմանց»-ի վրա գրեթե նույնպիսի, եթե չասենք՝ ավելի սաստիկ բորբոքիչ ազդեցություն է թողնում նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը: Ու էլի՝ ավել-պակաս խոսում են: Այս առնչությամբ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի տված գնահատականը, կարծում ենք, լիովին հստակ ու ամփոփ է. «Արցախի և Հայաստանի նախկին ղեկավարի հանդեպ ատելության մեծ չափաբաժնից ու կեղծիքի չափազանց պրիմիտիվ մակարդակից դատելով՝ կարող եմ պնդել, որ այս արշավը կազմակերպվում և իրացվում է Բաքվից, դրա հեղինակները ակնհայտորեն ադրբեջանցիներ են։ Ասում եմ վստահությամբ, որովետև չեմ կարող նույնիսկ ենթադրել, որ այս ծանր օրերին, երբ Արցախում հայրենական պատերազմ է ընթանում, մեզանում կարող է նման բան կազմակերպելու ունակ սրիկա գտնվել»։

Վերադառնալով կուսակցություններին, նկատենք, որ գրեթե նույն կազմով այս 13-14 կուսակցությունները առաջին համատեղ հայտարարությունը չեն անում այս շրջանում: Առաջին հայտարարությունը  (27.09.20թ.) Բանակի շուրջ համախմբվելու, միասնականության կոչ էր: Երկրորդը (29.09.20թ.) իշխանությանն ուղղված առաջարկություն էր՝ Հայաստանի և Արցախի հանրապետությունների միջև ռազմավարական համապարփակ համագործակցության պայմանագիր կնքելու վերաբերյալ: Եվ, եթե չեմ սխալվում, հոկտեմբերի 17-ի հայտարարությունը...

Ու, այսպես ասենք, «սոցցանցային շրջանակներից» հայտնվում են ինչ-որ «կերպարներ», ու սկսում են այս հայտարարության մեջ դավադրություն փնտրել, իսկ այն ընդունած կուսակցություններին անվանել դավաճաններ․ մի խոսքով, վիրավորանքների, ստոր մեղադրանքների ու մաղձոտած ագրեսիվախոսության «հրավառություն» են սարքում:

Կրկնեմ, իրենց թույնի հիմնական սլաքն ուղղելով հատկապես... Դաշնակցության դեմ:

Մի կուսակցության դեմ, որ առանց կոչերի ու հայտարարությունների սպասելու, պատերազմն սկսվելուն պես, նախաձեռնեց ազատամարտի վետերանների իր կորիզի շուրջ ձևավորված, ի դեպ, հարաբերական խաղաղության չորս տարվա ընթացքում նաև վարժանքներ անցկացրած կամավորական վաշտերի մեկնումը ռազմաճակատ՝ կատարելու զինվորական հրամանատարության առաջադրանքները:

Ու արդեն նաև հայտնի է, որ այդ կամավորական վաշտերը անմիջականորեն առաջին գծում պատվով ու անձնվիրաբար, անձնազոհաբա՛ր են կատարել ու կատարում հրամանատարության այդ առաջադրանքները... Արդեն քանի ու քանի նվիրյալ զավակներ իրենց կյանքը զոհեցին՝ հանուն Հայրենիքի ու հայրենակիցների պաշտպանության:

Շատ դառն է հնչում, բայց զոհվեցին՝ պաշտպանելով նաև, փաստորեն այն ժեխաբերաններին, որ իրենց համար տաքուկ և ապահով նստած, ավել-պակաս խոսե՞ն, վիրավորե՞ն, ազգի մեջ էս նեղ վիճակում թշնամանք ու պառակտո՞ւմ գցեն, ով իրենց դուր չի գալիս դավաճան անվանե՞ն, իսկ ինչ դուր չի գալիս՝ դավաճանությո՞ւն...

Կռվի դաշտում քաղաքականություն ու կուսակցականություն չկա ու չպիտի էլ լինի: Բայց խոսքն, ախր, ամենևին դրա մասին չէ: ՀՅ Դաշնակցության ազգային հենքն ու գաղափարախոսությունը, որ նաև այս կուսակցության կենսունակության գրավականներից են, տասնամյակներով, եթե չասվի՝ 130 տարի ձևավորել են այդ վարքն ու կերպը: Ու այդպես եղել է բոլոր ժամանակներում, մեր օրերում՝ հաստա՛տ, այդպես եղել է Արցախի ազատամարտի տարիներին, 2016-ի «ապրիլյան պատերազմի» ժամանակ, այդպես է հիմա:

Նրանք, ովքեր ավել-պակաս խոսում ու ստեղնաշարի թեթև հպումով «դավաճան» ու «դավադիր» են անվանում, օրինակ Դաշնակցությանը, մոռանում են նաև, որ աշխարհում, այսպես ասենք՝ Սփյուռքում հայության ելույթները, հայրենակիցներին աջակցելու շարժումը որոշակի, եթե չասվի՝ զգալի չափով իրականացվում է նաև հենց այս կուսակցության կառույցների ու կազմակերպչական ներուժի շնորհիվ:

Ովքեր ումից ու ինչից են խոսում: Թեպետ, դա խոսք էլ չէ, այլ՝ թունաբանում: Ու արտանետում են, չնայելով զոհվածների թարմ շիրմաթմբերին անգամ...

Ու հարց է ծագում. իսկ այդօրինակ վարքով առանձնացողներին, այդ ժեխաժայթքողներին ո՞վ պետք է սսկեցնի, գոնե ռազմական դրության ժամանակ:

Արմեն Հակոբյան    

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ