07 10 2020

Թուրքիան պետք է դուրս մղվի Ադրբեջանից և դադարի աջակցել Ադրբեջանին. ՀՀ նախագահի հարցազրույցը՝ CNN-ին



 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ամերիկյան CNN հեռուստաընկերության մեկնաբան Բեքի Անդերսոնին։ Հարցազրույցի մի հատվածը ստորև։

 

- Ադրբեջանը պնդում է, թե իր քաղաքները հրթիռակոծվել են Հայաստանի տարածքից, այլ ոչ Լեռնային Ղարաբաղից։ Ի՞նչ կասեք...

 - Ցավոք, սա Ադրբեջանի կողմից հրահրված հերթական պատերազմն է ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի։ Սա նման չէ այն կարճաժամկետ` մեկ-երկու օր շարունակվող միջադեպերին, որոնց ականատեսն էինք լինում վերջին 26 տարիների ընթացքում առաջին պատերազմի ավարտից՝ 1994 թվականի զինադադարից հետո։ Այս պատերազմը տարբեր է իր ծավալով և արդեն շարունակվում է 7-8 օր՝ սանձազերծվելով կիրակի օրն Ադրբեջանի կողմից: Այս օրերը ցույց տվեցին, որ Ադրբեջանը չունի որևէ ռազմավարական հաջողություն՝ բացի մեծ խառնաշփոթ ստեղծելուց և երկու կողմից հարյուրավոր մարդկանց կյանքեր խլելուց:

 Երկրորդը՝ այս հակամարտությունը կտրուկ տարբերվում է նախկին բախումներից, որոնք տեղի էին ունենում Հայաստանի աջակցությունն ունեցող Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև։ Այս անգամ Թուրքիան բացեիբաց աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին՝ իր զինվորականներով, սպաներով, գեներալներով, ահաբեկիչ վարձկաններով և ջիհադիստներով, որոնք հազարներով բերվել են Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ կռվելու։ Թուրքիան ներգրավված է իր ողջ ռազմական կարողությամբ՝ ձևացնելով, թե իբր ցանկանում է պաշտպանել միջազգային որոշ լոգիստիկ ենթակառուցվածքներ։

 - Մենք դեռ կվերադառնանք Թուրքիային։ Ես պարզապես ցանկանում եմ հստակեցնել, թե ինչ է տեղի ունենում։ Դուք ասացիք, որ գործողությունների ողջ պատասխանատվությունն Ադրբեջանի վրա է։ Սակայն շատերը համաձայն չեն դրա հետ և ասում են, թե Հայաստանն է հրահրել։

 - Կարծում եմ՝ անտրամաբանական է ասել, թե Հայաստանն է հրահրել։ 1994 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը փաստացիորեն հաղթեց պատերազմում, հայտարարելով՝ մենք այստեղ ենք, մենք կրկին հայտարարում ենք մեր անկախությունը, որը 70 տարի առաջ խլվել էր մեզնից խորհրդային իշխանության կողմից, երբ մենք պարտադրված կերպով Իոսիֆ Ստալինի կողմից միացվեցինք Ադրբեջանին, իսկ հիմա՝ Խորհրդային Միության փլուզման արդյունքում մենք շատ ազգերի նման օգտվում ենք ինքնորոշման իրավունքից՝ ինքնուրույն տնօրինելու մեր կյանքը։ Զինադադարից հետո 26 տարի բանակցություններ էին ընթանում, և այդ բանակցությունների ձևաչափն աշխարհում լավագույններից է. խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին է, որը համանախագահում են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան։ Այս խաղաղ բանակցությունները որոշակի վստահության մթնոլորտ էին ստեղծում կողմերի միջև՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցը։ Սակայն մի շաբաթ առաջ այս կամ այն պատճառով ադրբեջանական կողմը պնդում է, որ իրենք որևէ առաջընթաց չեն տեսնում բանակցություններում, և որ այստեղ տարածքային ամբողջականության խնդիր կա մի տարածքի հետ կապված, որն իրականում Ադրբեջանին է տրվել ԽՍՀՄ-ի կողմից 70 տարի առաջ, և այն դեպքում, երբ հազարավոր տարիներ Լեռնային Ղարաբաղի հայերը բնակվել են այդտեղ։

 Լեռնային Ղարաբաղի բնակչության համար սա կենաց պայքար է։ Նրանք հազարավոր տարիներ պայքարել են Չինգիզ խանի, Լենկ-Թեմուրի և այլոց դեմ՝ սեփական հողի վրա խաղաղ կյանքով ապրելու համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ