Հարցաքննության հրավերը վերաբերում է 2005-2007 թվականների ընթացքում իմ պաշտոնավարման ժամանակահատվածում որոշակի փաստաթղթերին, բայց, քանի որ կա վաղեմության ժամկետ, ինձ առաջարկել են նաեւ քննարկել այդ մասը ու գնալ այս գործընթացի կարճմանը: Այս մասին այսօր` սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը, որը հրավիրվել էր ԱԱԾ քաղաքային վարչություն հարցաքննության:
«Բնականաբար, մերժել եմ գործի կարճման տարբերակը եւ խնդրել ու պահանջել եմ, որ հարուցվի քրեական գործ, կատարվի քննություն, եւ մեղավորները պետք է պատասխան տան»,- ասաց Հովհաննես Շահինյանը:
Դիտարկմանը, որ ամիսներ առաջ խուզարկել էին նրա բնակարանը, այնուհետեւ կրկին հրավիրել հարցաքննության, ի՞նչ կապ կա այս եւ նախորդ հարցաքննության միջեւ կամ արդյո՞ք նույն գործի շրջանակում է, Շահինյանը պատասխանեց. «Ես կարող եմ ասել, որ այս հարցաքննությունն ավելի շատ կապ ունի իմ հասարակական-քաղաքական գործունեության հետ, քանի որ այն, ինչ խոսում ենք մեր թվարկության 2005-2007 թվականներին է վերաբերում, այսինքն՝ 13 տարի առաջվա վաղեմության ժամկետ ունի գործը: Բայց խնդիրն այստեղ այն չէ, որ մենք ուզում ենք օգտվել այդ վաղեմությունից, հակառակը՝ մենք խնդրում ենք ու ցանկանում ենք, որ քննվեն այդ գործերը, եւ եթե մեղավոր կլինեմ ես կամ մեկ ուրիշը, ապա պետք է պատասխան տան»,- ասաց Շահինյանը:
Հարցին, թե նրա նախկին ենթակաները նույնպես հրավիրվում են հարցաքննության, եւ իրավապահներն ինչ են կասկածում, Շահինյանը պատասխանեց, որ գործով զբաղվող իրավապահները նախքան այս ընթացակարգերը, եթե ունեն ինֆորմացիա, ապա ճիշտ կլինի, որ փորձագիտական մակարդակով մասնագետների հետ քննարկեն՝ ինչ է նշանակում տեղական ինքնակառավարման մարմին, եւ ինչ գործառույթներ ունի համայնքի ղեկավարը եւ ավագանին:
«Թող ներկա իրավապահները հետաքրքրվեն՝ արդյո՞ք մենք այն ժամանակ չունեինք վերադաս եւ որքանով կարող էինք մսխել համայնքի ունեցվածքը, կամ արդյոք մենք այդ ժամանակահատվածում չունեինք աշխատող իրավապահ մարմիններ, որոնք, բնականաբար, այդ խախտումները տեսնելով՝ մեզ պատասխանատվության կենթարկեին: Այս ամեն ինչը ժամանակի կորուստ է, եթե մենք չենք ուսումնասիրում դիմացինի իրավունքները»,- ասաց Շահինյանը:
Նրա խոսքով՝ շատ անտրամաբանական կլինի, որ որեւէ չինովնիկ իր պաշտոնավարման ժամանակահատվածի մասին կարծի, թե բացթողում կամ թերացում չի ունեցել:
«Եթե կա նման մարդ, ապա ես ինձ այդ մարդկանց թվին չեմ դասում, քանի որ ինքը՝ հենց աշխատանքը, ունի առանձնահատոկություն, որ դու կարող ես որոշակի թերացումներ ունենալ: Ինձ համար փաստ է, որ ես հետապնդվում եմ, իմ հասարակական-քաղաքական գործունեության համար, քանի որ 2019 թվականին ՀՔԾ-ում քննություն է եղել «Մարտի 1»-ի հետ կապված իմ դերակատարման մասին, բայց պարզվեց, որ 2008 թվականի փետրվարի 25-ին ես ծանր վիրահատություն եմ տարել, եւ վերակենդանացման բաժանմունքից նոր էի տեղափոխվել»,- ասաց Շահինյանը:
Նրա խոսքով՝ ներսում իրեն ասել են, որ հարցաքննությունը վերաբերում է միայն իր պաշտոնավարմանը, եւ քանի որ կա վաղեմություն, կարող են պայմանավորվել ու գնալ գործի կարճման:
«Պատասխան կտան այն մարդիկ, որոնք այս պատվերն իջեցրել են իրավապահ մարմիններին, որպեսզի ինձ ձայնազրկեն կամ մեկուսացնեն: Փաշինյան Նիկոլ, դա քեզ մոտ չի ստացվելու»,- ասաց Շահինյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը