24 08 2020

«Մենք հաղթել ենք այդ պատերազմում». Լևոն Մնացականյան․ 168.am

«Մենք հաղթել ենք այդ պատերազմում». Լևոն Մնացականյան․ 168.am

168.am-ը գրում է․ «Երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, անդրադառնալով Ապրիլյան պատերազմին, կասկածի տակ է դրել ոչ միայն պատերազմում հայկական կողմի տարած հաղթանակը, այլեւ առհասարակ՝պատերազմի փաստը:

«Ընդհանրապես ես եւ այն ժամանակ, եւ հիմա պնդում եմ, որ դա պատերազմ չի եղել, դա եղել է դիվերսիոն գործողություն, սա առաջինը շեշտենք, որ պարզ լինի: Երկրորդը` փաստը նա է, որ ինչքան էլ ուզում ենք ասել, որ հաղթել ենք, թե ինչ ենք արել, մենք տարածք ենք կորցրել, իսկ տարածք կորցնողը չի կարող խոսել հաղթանակի մասին: Այն ամբողջը, որ ներկայացնում են, որ մեր ուժերը կարողացան կանգնեցնել հակառակորդի մեծ պատերազմը, իրականության հետ չի համապատասխանում, դա ուղղակի բառախաղեր են, որ անում են ու փորձում դրանով արդարանալ: Փաստը նա է, որ այո, այդ 21 դիրքը իրոք կորցրել են, դա փաստ է, եւ տարածքներ ենք կորցրել: Դրանով եթե կհամարեք, որ դա հաղթանակ է, թող համարեն, ովքեր այդ ձեւ են մտածում»,-ասել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Ապրիլյան քառօրյային առնչվող տարբեր քննարկումների շուրջ 168.am-ը զրուցել է Ապրիլյան քառօրյայի օրերին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի հետ:

Այս օրերին ներքաղաքական օրակարգ են նետվել Ապրիլյան պատերազմը կասկածի տակ դնող թեզեր, թե հայկական կողմն ապրիլյան պատերազմում չի հաղթել, որ իրականում այն պատերազմ չի եղել, այլ դիվերսիոն գործողություն: Ձեր գնահատմամբ, ի վերջո, Ապրիլյան քառօրյան պատերա՞զմ էր, թե՞ ոչ, մենք հաղթե՞լ ենք, թե՞ ոչ:

Իհարկե, պատերազմ է եղել. ով կասկածի տակ է դնում, դա իր խնդիրն է: Դիվերսիոն գործողությունները ենթադրում են շատ սահմանափակ գործողություններ, իսկ այն, ինչ եղել է Ապրիլյանի ժամանակ, եղել է պատերազմ: Միայն այն, ինչ կիրառվել է, արդեն իրենից ենթադրում է, որ ընդհանրապես դիվերսիոն գործողությունների մասին խոսելն անիմաստ է: Դիվերսիոն գործողություններն անում են դիվերսիոն խմբերի միջոցով, որոնց կազմը կարող է տատանվել մինչեւ 15-16 մարդ:

Այդ թվով մարդկանցով դիվերսիոն գործողություն չի լինում. ամեն միջոց կիրառվել է, մինչեւ հարվածային անօդաչու թռչող սարք, հրետանի, եւ եղել են լայնածավալ ռազմական գործողություններ, եւ մասշտաբն էլ, աշխարհագրությունն էլ, միանգամից, տեսեք, քանի ուղղության վրա են հարձակվել, ասել՝ դիվերսիոն է՝ ճիշտ չէ:

Անգամ Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարը նշել էր, որ Ապրիլյանում կիրառվել է իրենց զինված ուժերի մինչեւ 20 տոսկոսը. 20 տոկոսի կիրառումն արդեն ենթադրում է, որ դիվերսիոն գործողություններ չեն: Դրա մասին հակառակորդն է նշել:

Իհարկե, հաղթել ենք, ու իրականությունն էլ դա է: Հակառակորդը հարձակվել է, բայց այն նպատակներին, որոնք հակառակորդը դրել էր իր առջեւ՝ չի հասել: Այո, ցավալի է, որ որշակի կորուստ մենք ունեցել ենք, բայց մենք հաղթել ենք այդ պատերազմում:

Այդ որոշակի կորուստների մասին վերջերս կոնկրետ թվային տվյալներով են նշում, ասում են՝ երկու տասնյակից ավելի դիրքերի կորուստ է կրել հայկական կողմը:

Ես այդ հարցին պատասխանել եմ քննիչ հանձնաժողովում. թիվը չհնչեցնեմ, պարզապես ասեմ, որ այդ մտքի հետ համաձայն չեմ, արդեն վերլուծությունը ներկայացնելիս ավելի կոնկրետ երեւալու է, բոլորը տեսնելու են:

Ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակ ունեն նման խոսակցությունները, արդյոք վտանգավոր չե՞ն հայկական կողմին պարտված ներկայացնելու միտումները: Չէ՞ որ մեզ պարտվող ներկայացնում է միայն ադրբեջանական քարոզչամեքենան:

Չգիտեմ՝ ինչ նպատակ են հետապնդում, գուցե վարկաբեկել այն ժամանակվա բանակի ղեկավարությանը, ռազմաքաղաքական ղեկավարությանը, բայց դա տեղին չեմ համարում: Դեռեւս պատերազմն ավարտված չէ. տեղին չեն նման մեղադրանքները, որովհետեւ դրանք անիմաստ են: Ասողը երեւի ավելի լավ կիմանա, թե ինչ նպատակներ է հետապնդում, համենայն դեպս՝ այն, ինչ ասվում է, իրականությանը չի համապատասխանում առհասարակ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ