18 08 2020

Թուրքիան խախտում է Հայաստանի իրավունքը. Էդմոն Մարուքյան

Թուրքիան խախտում է Հայաստանի իրավունքը. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության և ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Աքսոյն անդրադարձել է Հունաստանին և Կիպրոսին սատարող ՀՀ ԱԳՆ հայտարարությանը և, ըստ էության, նշել, որ Հայաստանը պատկերացում չունի աշխարհագրությունից և դրանում իր տեղի մասին։ Ավելին, ըստ նրա, մենք իրավունք չունենք մեր դիրքորոշումը հայտնել մեզանից հեռու գտնվող Միջերկրական ծովում Թուրքիայի ապօրինությունների վերաբերյալ։

Պետք է հիասթափեցնենք պարոն խոսնակին, որովհետև Հայաստանը պետք է դատապարտի իր դաշնակիցների իրավունքների կոպիտ խախտումներն ոչ միայն ցամաքում և ոչ միայն իրեն մոտ գտնվող տարածքներում, այլ նաև օդում և ջրում, անգամ իրենից հեռու տարածքներում, որովհետև Հայաստանը միջազգային հանրության լիիրավ անդամ է, պատասխանատու գործընկեր և դաշնակից, իսկ միջազգային իրավունքի կոպիտ խախտումները չեն կարող անտարբերության թողնվել մեր կողմից։

Թուքիայի արտաքին գործերի նախարարությանը կարելի է խորհուրդ տալ ավելի լավ ուսումնասիրել միջազգային ծովային իրավունքը, որովհետև, դա անելով, նրա պաշտոնատար անձինք միգուցե կպարզեն, որ Թուրքիան ԽԱԽՏԵԼ ԵՎ ԽԱԽՏՈՒՄ Է ոչ միայն Հունաստանի և Կիպրոսի իրավունքները, այլ նաև Հայաստանի, երբ արդեն 27 տարի խոչընդոտում է Հայաստանի՝ ԴԵՊԻ ԾՈՎ ԵԼՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՈՒՄԸ։

Եվ թող հույս չունենան, որ, չվավերացնելով Ծովային իրավունքի ՄԱԿ֊ի կոնվենցիան (1982), Թուրքիան կազատվի միջազգային այդ իրավունքի ազդեցությունից։
Սովորութային միջազգային իրավունքը և Բարսելոնայի ստատուտը (1921) վկա։

Իսկ պարոն խոսնակին աշխարհագրությունից կարելի է հիշեցում անել. Արցախը Թուրքիայից շատ հեռու է։
Եթե շարժվենք նրա տրամաբանությամբ, ապա առաջինն իրենք պետք է լուռ ու մունջ նստեն, երբ արցախցիներն իրենց ինքնորոշման իրավունքն են իրացնում...»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ