«Հենակետ» վերլուծական կետրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ադրբեջանի և Թուրքիայի հայտարարած համատեղ զորավարժությունները, որոնք պաշտոնապես նախատեսված էին անցկացնել հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը, փաստացի երկարաձգվել են
Նման եզրակացություն կարելի է անել Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօրվա հաղորդագրությունից, որով ոչ միայն տեղեկացվում է Թուրքիայի պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի այցի մասին, այլ նրա, որ Թուրքիայից ժամանած հյուրերը հետևելու են զորավարժությունների առաջին փուլի եզրափակիչ դրվագներին։
Կրկնում եմ՝ նախապես հրապարակված պլանով, զորավարժությունները օգոստոսի 10-ին պետք է ավարտվեին, սակայն ինչ ինչ պատճառներով, դրանք դեռևս շարունակվում են։
Թե քանի փուլով կընթանան այդ զորավարժությունները և ինչ նոր ընթացք կստանան, դեռ դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ պաշտոնապես հայտարարված ժամկետները չեն պահպանվում։
Հաշվի առնելով տարածաշրջանում առկա բարդ ռազմաքաղաքական իրադրությունը և բանակցությունների փակուղում գտնվելը, առկա զարգացումները նոր լարվածության հնարավորություն են ստեղծում։
Այս առումով մեծ անելիքներ ունեն նաև միջնորդ երկրները՝ տարածաշրջանային նոր սպառնալիքների չեզոքացման, Թուրքիայի ախորժակը զսպելու և Ադրբեջանի քաղաքական դաշտ վերադարձնելու ուղղությամբ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը