05 08 2020

Պարզվել են մարդիկ, շրջանակները, ովքեր պնդում էին, որ կորոնավիրուս չկա․ Նիկոլ Փաշինյան

Պարզվել են մարդիկ, շրջանակները, ովքեր պնդում էին, որ կորոնավիրուս չկա․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդես է եկել ճեպազրույցով:

Վարչապետը նշել է, որ նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը շարունակվում է բարելավվել և հունիսի 4-ից հետո առաջին անգամ կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը պակաս է 8000-ից: Նիկոլ Փաշինյանն ավելացրել է, որ այս ցուցանիշներով երկիրը մոտենում է մայիսի վերջին և հունիսի առաջին շաբաթվա սկզբի թվերի մակարդակին: Վարչապետի խոսքով՝ համավարակի թվերի նվազումը քաղաքացիների մոտ ձևավորել է այն կարծիքը, որ իրավիճակն այլևս հաղթահարված է, սակայն դա ամենևին այդպես չէ:

«Նախորդ օրն ունեցել ենք 288 նոր դեպք, սա համեմատած հուլիսի թվերի հետ անհամեմատ քիչ է, բայց դեռևս հսկայական թիվ է և կարող ենք ասել, որ համաճարակային վիճակը ՀՀ-ում շարունակում է մնալ բարդ, և եթե մեր արձագանքը չլինի պատշաճ ու ավելի մեծ ջանքեր չգործադրենք, կարող ենք իրավիճակը հետ գլորել դեպի հուլիսի առաջին շաբաթվա իրավիճակին, որը համաճարակի պիկն էր: Մենք գտնվում ենք այն նույն վտանգների հանդիման, ինչը կար մայիսին»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` վերջին շրջանում լավ ցուցանիշի գրանցումը պահպանելու համար պետք է շարունակել ավելի խիստ պահպանել կանոնները:

«Մեր հակահամաճարակային կանոնների մեջ անկյունաքարային նշանակություն ունի դիմակի պարտադիր կրումը բաց և փակ տարածքներում, և պետք է խստորեն հետևենք այս կանոններին: Բացի հորդորներից, վարչական մեթոդներ են կիրառվելու և ոստիկանությունը հետևելու է, որ քաղաքացիները պահպանեն կանոնները: Մենք ստացել ենք հնարավորություն այս իրավիճակը հաղթահարելու համար»,- շեշտել է վարչապետը:

Պարզվել են այն մարդիկ ու շրջանակները, որոնք այդ տիպի քարոզչություն են ծավալել ու շարունակում են ծավալել: Այս մասին ևս ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանլով հարցին, թե ինչ առաջընթաց կա կապված իր հանձնարարկանի հետ, թե պետք է լուրջ զբաղվել, տեղորոշել այն մարդկանց, որոնք ասում են, թե կորոնավիրուս չկա:

«Հանձնարարականը կատարվել է ու կատարման ընթացքում է։ Պարզվել են մարդիկ, շրջանակներ, որոնք այդ տիպի քարոզչություն են ծավալել ու շարունակում են ծավալել: Այլ հարց է, թե ինչքանով է նրանց արարքն այսօրվա քրեաիրավական օրենսդրության տեսակետից սանկցիաներ ու գործողություններ առաջացնում: Մենք այս ամեն ինչը վերլուծում ենք», ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հանրակրթական ու դպրոցներում սեպտեմբերի 1-ից դասերի վերսկսման հավանականության վերաբերյալ հարցին ի պատասխան, վարչապետ Փաշինյանն ասել է, թե կան մի քանի սցենարներ․

«Կախված այն թվերից, որ մենք ամեն օր ստանում ենք, ամեն ինչ կախված է վարակի տարածման տեմպից, վարակի տարածման տեմպն էլ կախված է այն հակահամաճարակային կանոններից, որոնց մենք հետեւում ենք։ Այս որոշումները ոչ թե կառավարությունն է կայացնում, այլ բոլորս ենք կայացնում՝ ձեզ հետ միասին։ Կառավարությունն ամենաշահագրգռվածն է, որ մենք օր առաջ վերադառնանք բնականոն կյանքին։ Բայց այնպես չանենք, որ հետ գլորվենք հուլիսի սկզբի իրավիճակում հայտնվենք։ Որքան ցածր լինեն թվերը, այնքան հավանականությունը մեծ է, որ հանրակրությանը եւ բարձրագույն կրթությանը հնարավորություն կտանք իրականացնել առկա դասընթացները։ Իսկ թվերը ցածր կլինեն, եթե մենք կատարենք հակահամաճարակային կանոնները՝ կրենք դիմակ, պահպանենք սոցիալական հեռավորություն եւ ախտահանենք ձեռքերը», ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ