ՀՀ ԱԽ նիստում հուլիսի 10-ին ներկայացվել է ազգային անվտանգության նոր ռազմավարությունը։
Հայաստանի ու Արցախի հանրապետությունների համար կարևորագույն նշանակություն ունեցող այդ փաստաթղթում կան վտանգավոր ու անընդունելի ձևակերպումներ, նպատակներ, որոնց վերաբերյալ պարտավոր են հրապարակավ արտահայտվել Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, քաղաքական ուժերը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, փորձագետները, մամուլը և մեր երկրի ապագայով մտահոգ յուրաքանչյուր անհատ։ Այս մասին գրված է Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
«ՀՀ-ում ընդունված ազգային անվտանգության նոր ռազմավարության վերաբերյալ
ՀՀ ԱԽ նիստում հուլիսի 10-ին ներկայացվել է ազգային անվտանգության նոր ռազմավարությունը։
Հայաստանի ու Արցախի հանրապետությունների համար կարևորագույն նշանակություն ունեցող այդ փաստաթղթում կան վտանգավոր ու անընդունելի ձևակերպումներ, նպատակներ, որոնց վերաբերյալ պարտավոր են հրապարակավ արտահայտվել Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, քաղաքական ուժերը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, փորձագետները, մամուլը և մեր երկրի ապագայով մտահոգ յուրաքանչյուր անհատ։
Ի դեպ, արձագանքս մի փոքր ուշ եմ ներկայացնում՝ պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանագծի թեժությամբ։ Ցավակցում եմ Տավուշի մարզում տեղի ունեցած բախումների արդյունքում զոհված մեր հայորդիների հարազատներին։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում։ Փառք ու պատիվ մեր սպաներին և զինվորներին, ովքեր պատվով լուծեցին ռազմական խնդիրը և թույլ չտվեցին թշնամուն մարսել արկածախնդրությունը։
Վերադառնալով ազգային անվտանգության փաստաթղթին՝ նկատեմ, որ հաստատվում են իմ այն բոլոր մտահոգությունները, որոնք ես հնչեցրել եմ Արցախի հարցում պաշտոնական Երևանի վարած քաղաքականության վերաբերյալ։
Բանն այն է, որ ռազմավարական նշանակություն ունեցող այդ փաստաթղթում Արցախը ներկայացված է որպես տարածք, իսկ արցախահայությունը՝ որպես բնակչություն։ Միայն մեկ տեղ ենք հանդիպում «Արցախի ժողովուրդ» ձևակերպմանը, այն էլ՝ Արցախը կրկին չի նշված որպես հանրապետություն։
Եթե 2007թ. ընդունված ռազմավարության մեջ կար հստակ ձևակերպում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը Հանրապետություն է, ապա այս նոր ռազմավարության մեջ հրաժարվել են հանրապետություն ձևակերպումից, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Փաշինյանը վերադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տխրահռչակ փուլային տարբերակին, քանզի այնտեղ էլ կարգավիճակի հարցը մղվել էր հետին պլան։
Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին ընդունված փաստաթղթում հստակ էր, թե ինչ նպատակ է հետապնդում ՀՀ իշխանությունը. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման իրավական հիմքերն անխոցելի են: Մշտապես ելնելով այն սկզբունքից, որ ցանկացած վերջնական համաձայնություն կամ վերջնական փաստաթուղթ պետք է ստանա նաև ղարաբաղյան կողմի հավանությունը՝ Հայաստանն ընդունելի է համարում կարգավորման միայն այն տարբերակները, որոնք ուղղված կլինեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի գոյության անշրջելի իրողությունն ամրագրելուն»։
Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից ոչ միայն Արցախը չի դիտարկվել որպես հանրապետություն, այլ նաև փոխվել է բանակցային նպատակը. «Մենք շարունակելու ենք սատար կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը՝ առանց սահմանափակման և հարկադրանքի: Հակամարտության կարգավորման գործընթացում և հետկարգավորման փուլում արցախահայության անվտանգության ապահովումը գերակա պայման է և ենթակա չէ զիջման»։
Ուշադրությու՛ն դարձրեք, ՀՀ ներկա իշխանությունները հստակ չեն ֆիքսել Ադրբեջանի ենթակայությունից դուրս Արցախի դե ֆակտո ինքնիշխանությանը տալ միջազգային ճանաչում։ Ինքնորոշման իրավունքի իրացում և արցախահայության անվտանգության ապահովում Իլհամ Ալիևն էլ է խոստանում, բայց Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ ԽՍՀՄ գոյության տարիներին էլ Մոսկվան էր Լեռնային Ղարաբաղի համար ինքնորոշում և անվտանգություն ապահովել, բայց առաջին իսկ ցնցումը բերեց պատերազմի ու զոհերի։ Ասելս այն է, որ մեր երկրի անվտանգության առաջնային երաշխիքները Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը հասնելն է, մարտունակ բանակ պահելն ու տնտեսություն զարգացնելը։ Մյուս ձևակերպումները չեն համապատասխանում մեր ազգային նպատակներին ու չեն ապահովում մեր երկրի անվտանգությունը և զարգացումը։
Սույն խայտառակ փաստաթղթի և դրանում ամրագրված վտանգավոր նպատակադրումների հետ կապված մի քանի հարցադրում եմ ուզում ուղղել Արցախի Հանրապետության իշխանություններին, որպեսզի նրանք ոչ թե ինձ, այլ Արցախի Հանրապետության քաղաքացիներին բացատրություն և հաշվետվություն տան:
Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ այս փաստաթուղթը քննարկվե՞լ է։ Ձեր իմացությա՞մբ է Արցախը որպես տարածք, այլ ոչ թե որպես հանրապետություն ներկայացվել։ Նորմա՞լ եք համարում, որ Արցախի Հանրապետության ժողովուրդը ներկայացված է որպես բնակչություն, որը միջազգային իրավահարաբերություններում ավելի ցածր կարգավիճակ է, քան ժողովուրդը։
Դուք կիսո՞ւմ եք պաշտոնական Երևանի այն տեսակետը, որ Արցախի հարցում մեր առաջնային խնդիրը ոչ թե դե ֆակտո կարգավիճակին միջազգային ճանաչում տալն է, այլ անորոշություն պարունակող ինքնորոշման իրավունքի իրացումն ու անվտանգության ապահովումը։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր ու Արցախի ղեկավարության տեսակետները հակամարտության կարգավորման հարցում նույնական են։ Ձեր լռությունը այս անգամ ևս հաստատում է այդ պնդումը, բայց սա այն դեպքն է, երբ Արցախի Հանրապետության քաղաքացին պետք է հստակ տեսակետ լսի իշխանությունից ռազմավարական նշանակության փաստաթղթի մասին։ Լռությամբ չեք կարողանալու խուսափել հարցերից։
Կոչ եմ անում մեր քաղաքացիներին պահանջատեր լինել ու ստիպել, որպեսզի իշխանությունները հստակ տեսակետ ներկայացնեն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը