15 07 2020

Ներկայացուցիչների պալատը կքննարկի Ադրբեջանին սպառազինություն չտրամադրելու հարցը

Ներկայացուցիչների պալատը կքննարկի Ադրբեջանին սպառազինություն չտրամադրելու հարցը

Վերջին տարիներին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակումներից հետո ԱՄՆ ներկայացուցիչների պալատը մտադիր է քննարկել մի շարք փոփոխություններ, որոնցից մեկը նախատեսում է արգելափակել պաշտպանական սպառազինությունների մատակարարումը Ադրբեջանին: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:

«Կապված նրա հետ, որ Ադրբեջանը մեծացնում է միջսահմանային հարձակումները, այս փոփոխությունները Կոնգրեսին հնարավորություն են տալիս զսպել Ալիեւի ագրեսիան»,-ասել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

«Քանի որ երկուշաբթի տեղի է ունենալու այդ փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունը, մենք խնդրում ենք մեր ընկերներին ու կողմնակիցներին դիմել իրենց ամերիկացի օրենսդիրներին՝ խնդրելով կողմ քվեարկել կոնգրեսականններ Բրեդ Շերմանի եւ Ֆրենկ Փալոունի կողմից առաջարկված այդ փոփոխություններին»,-ասել է նա:

«Բրեդ Շերմանի՝ 2021 ֆինանսական տարվա Ազգային պաշտպանության թույլտվության մասին օրենքի 66-րդ ուղղումը (#66 to the Fiscal Year 2021 National Defense Authorization Act) նախատեսում է, որ «այդ օրինագծով արտոնված ոչ մի միջոց չի կարող օգտագործվել Ադրբեջանին ռազմական տեխնիկա կամ ծառայություններ փոխանցելու համար, եթե Ադրբեջանի նախագահը Կոնգրեսին չհաստատի, որ այդ տեխնիկայի կամ ծառայությունների փոխանցումը չի սպառնում քաղաքացիական ավիացիային»։

«Ադրբեջանի կառավարությունը մշտական սպառնալիքով է հանդես գալիս ոչնչացնել Հայաստանի և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի օդանավակայանի միջև թռչող ցանկացած քաղաքացիական ինքնաթիռ»,- ասված է օրինագծի ուղղման վերաբերյալ հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ այս նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել կոնգրեսականներ Ֆրենկ Փալոունը, Ջեքի Սփիրը, Ադամ Շիֆը և Թիջեյ Կոքսը։

Թիվ 397 ուղղումը, որը ներկայացրել է կոնգրեսական Ֆրենկ Փալոունը, կպահանջի, որ Պաշտպանության նախարարությունը Կոնգրեսին ներկայացնի ԱՄՆ ռազմական օգնության ծրագրի մասին զեկույց, որի շրջանակում վերջին մի քանի տարիների ընթացքում ավելի քան 120 մլն դոլարի պաշտպանական օգնություն է ուղարկվել Ադրբեջանին:

Այդ փոփոխությունների վերաբերյալ Ներկայացուցիչների պալատի քվեարկությունը սպասվում է հուլիսի 20-ի առավոտյան:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ