27 06 2020

ՍԴ-ի մասով երկու արտահոսք, որ բացեցին իշխանության պլանները

ՍԴ-ի մասով երկու արտահոսք, որ բացեցին իշխանության պլանները

ԱԺ ընդդիմադիր ուժը՝ ԲՀԿ-ն, օրերս հայտարարել էր, որ ցանկանում է դիմել ՍԴ՝ արտակարգ դրության ռեժիմում հավաքների արգելքը հանելու և ընդհնրապես՝ Արգելքի իրավաչափության հարցով։ ԲՀԿ-ին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ ասելով․ «Մի քիչ վստահ չեմ, որ ՍԴ-ի հետ կապված հարցը մենք մինչ այդ արդեն լուծում տված չենք լինի, և այս կազմը կքննի: Ես դրա հետ կապված կասկածներ ունեմ»:

Ուղիղ մեկ շաբաթ անց հապճեպ ընդունվեց սահմանադրական փոփոխությունը՝ մի քանի դատավորից ազատվելու վերաբերյալ։

Ալեն Սիմոնյանը, փաստացի, դեռ Վենետիկի հանձնաժողովի արձագանքն անգամ չստացած, արդեն բացել էր իշխանության խաղաքարտերը։ Բայց հարց է առաջանում՝ ի՞նչ տարբերություն, թե որ կազմը կքննի, եթե պահանջը իրավաչափ է։ Իսկ գուցե ԱԺ փոխխոսնակը խոսում էր ՍԴ-ի վրա ճնշում գործադրելու մասի՞ն։

Սա առեաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանի մտադրությունների «արտահոսք» է տեղի ունենում։

ՍԴ անդամի հավակնություններ ունեցող նախկին զինդատախազ գագիկ Ջհանգիրյանը դեռ 2019թ․ հունիսի 11-ին, երբ Դավիթ Գրիգորյանն ազատ էր արձակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և դիմել էր ՍԴ, իսկ դատախազությունը բողոք էր ներկայացրել, 1in.am-ի եթերում ասում է․ «Ես կարծում եմ ՍԴ-ում այդ գործը չի քննվի, փակագծերը հիմա չեմ բացում: Համենայնդեպս, այս կազմով ՍԴ-ն Քոչարյանի գործը չի քննի»։

Այդ պահին հասկանալի էր, որ նրանք ծրագրում են ՍԴ խնդիրը լուծել։ Ու սկսվեց ՍԴ նկատմամբ իշխանության գրոհը։

Այսինքն, ՍԴ շուրջ ողջ գործընթացը ծրագրված էր, տարբեր սցենարներ ուսումնասիրված էին, պլանավորված, ամեն ինչ կանխորոշված էր, ու այդ ծրագրում ներառված են անձինք, որոնք ուզում են հենց ՍԴ անդամ «ընտրվել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ