ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների` ՍԴ նախագահի և դատավորների լիազորությունը դադարացնելու նախագիծը, որն այսօր ԱԺ-ն արտահերթ նիստով քննարկելու է, ըստ իրավաբան, արդարադատության նախկին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանի, մի քանի ասպեկտներով խնդրահարույց է:
Նա Tert.am-ի հետ զրույցում նշել է, որ նախ միջազգային հեղինակության տեսանկյունից է շատ խնդրահարույց: «Խոսքը վերաբերում է մինչ այդ Վենետիկի հանձնաժողով դիմելուն և առանց սպասելու Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը` նախագիծ շրջանառելուն և այսօր առաջին ընթերցմամբ ընդունելու փորձ կատարելուն, ինչը Վենետիկի հանձնաժողովն էլ է իր եզրակացության մեջ նշել՝ ցավում ենք, որ առանց մեզ սպասելու մի նախագիծ եք շրջանառում, որը մեր դիրքորոշման հետ չի համընկնում»,- ասել է նա:
Հովհաննիսյանն ընդգծել է՝ Վենետիկի հանձնաժողովը չի թույլատրել ուղղակիորեն դատարանների լիազորությունները դադարեցնել: «Վենետիկի հանձնաժողովն ասել է, որ նման տեսակի փոփոխությունը պետք է ունենա անցումային շրջան, որ ապահովվի դատավորների անփոփոխելիությունը»,- նշել է նա:
Ըստ Հովհաննիսյանի՝ սա ոչ միայն դատավորների անկախությունից է բխում, այլ նաև անձի արդար դատաքննության իրավունքից: Նա նշեց, որ հիմա այն անձինք, որոնք դիմել են Սահմանադրական դատարան և սպասում են իրենց որոշումներին, ստիպված են լինելու ավելի երկար սպասել, որովհետև եթե ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցվում են, որոշակի ժամանակահատված ՍԴ-ն չի կարողանալու գործել:
«Առնվազն այն գործերը, որոնք մակագրված են եղել հեռացող դատավորներին, դրանք ևս երկարաձգվել են: Երկրորդը` նույն անձը, որը դիմել է ՍԴ, երաշխավորված չէ, որ նոր կազմով որոշում կայացնելու դեպքում հետագայում իրավաչափ կմնան այդ նոր կազմով ընդունված որոշումները, որովհետև տեսնում ենք՝ ակնհայտ հակասահմանադրական եղանակով դատավորների լիազորություններ են փորձում դադարեցնել, երբ փաստորեն նոր դատավորների ընտրությունը կասկածի տակ է դնելու նրանց իսկ լեգիտիմությունը և նրանց մասնակցությամբ ՍԴ-ի ցանկացած որոշում վաղը, մյուս օրը լինելու է շատ խոցելի»,- ասել է նա:
Դիտարկմանը՝ նախագծի հիմնավորումն այն է, որ Սահմանադրական դատարանը պետք է համապատասխանի 2015 թվականի Սահմանադրության ոգուն և որ ըստ փոփոխությունների` ՍԴ նախագահը չի կարող 6 տարուց ավել զբաղեցնել այդ պաշտոնը, Հովհաննիսյանն ասել է. «Եթե խնդիրը դրա մեջ էր, շատ հանգիստ կարող էին նույն Վենետիկի հանձնաժողովին անել այլ առաջարկ, որ այն նախագահը, որը նշանակվել է մինչև սահմանադրական փոփոխությունները, պաշտոնավարում է 6 տարի, այլ ոչ թե եկեք դադարեցնենք, նոր անդամներ նշանակենք, հետո այդ նոր դատավորներին նշանակելուց հետո ընտրություն կատարենք»:
Հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ ձևական էր Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը հարցնելը, եթե վերջում հանձնաժողովի կարծիքը հաշվի չէին առնելու կամ չէին սպասելու կարծիքին, նա նշել է. «Չէի ասի, թե ձևական է, ինձ մոտ այլ տպավորություն է. մինչև Վենետիկի հանձնաժողովը պաշտոնապես իր դիրքորոշումը հայտնում է, նախագծային փուլում, քվեարկության փուլում, նույնիսկ իշխանություններն էլ են տեղյակ, թե ինչ եզրակացություն է տալու: Այսինքն՝ այս նախագիծը, երբ շրջանառվեց ԱԺ-ում «Իմ քայլի» կողմից, այդ պահին արդեն իշխանությունները տեղյակ էին Վենետիկի հանձնաժողովի բացասական դիրքորոշմանը և առաջ ընկան»:
Ըստ նրա՝ այս շտապողականությունը կապված է միայն մեկ` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ: Հովհաննիսյանն ընդգծել է, որ վստահ է՝ առաջինից երկրորդ ընթերցման համար տրվելու է 24 ժամ: «Վստահ եմ՝ տեսնելով ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի՝ 300.1 վերաբերյալ, իշխանությունների համար ակնհայտ է, որ այս գործող կազմով ՍԴ-ն, ձեռքի տակ ունենալով այսպիսի հեղինակավոր կառույցներից փաստաթղթեր, միգուցե որոշում ընդունի, որ այդ հոդվածը հակասահմանադրական է, անորոշ է, իրավական որոշակիության հետ խնդիր ունի և փաստորեն հայտնի «Մարտի 1»-ի գործը իշխանությունների համար փակուղի կմտնի, իսկ դատարանը, բնական է, կկարճի այդ գործը: Որ նման որոշում չկայացվի, գործող անդամների կազմով ՍԴ կողմից հրատապ ռեժիմով իշխանությունները որոշել են ձերբազատվել ՍԴ մի քանի դատավորներից: Սա է ամբողջ խնդիրը»,- ասել է նա և հավելել, որ այլ հրատապության պատճառ չի տեսնում:
Արթուր Հովհաննիսյանը նաև ընդգծել է, որ այս նախագծով հանցակազմի հատկանիշներ կան: «Առնվազն այն պատգամավորները, որոնք ստորագրել են այդ նախագծի տակ, և այդ նախագիծը հնարավոր է եղել շրջանառել, իրենք պատգամավորական անձեռնմխելիություն այդ մասով չունեն, որովհետև դա ո՛չ կարծիքի արտահայտում է, ո՛չ էլ քվեարկություն է: Դա նախաձեռնություն է՝ հետագայում իշխանության զավթմանն ուղղված: Եթե ՍԴ դատավորների լիազորություններն այս կերպ դադարեցվում են ԱԺ կողմից, դա ուղղակի Սահմանադրական դատարանի իշխանության զավթում է նաև սահմանադրական կարգի տապալում: Սա սահմանադրական կարգի կլասիկ տապալում է, իշխանությունների տարանջատման սկզբունքը ուղղակիորեն ոտնահարվում է: Օրենսդիր իշխանությունն ուղղակիորեն հակասահմանադրական եղանակով միջամտում է դատական իշխանության գործերին»,- ասել է նա:
Հովհաննիսյանը հավելել է, որ նրանք նաև փորձելու են առաջին ընթերցումից հետո չպահել ՍԴ դիմելու օրենսդրական պահանջը: «Միանշանակ է իրենց համար, որ եթե դիմեն ՍԴ, բացահայտվելու է այդ նախագծի նախաձեռնության հակասահմանադրական լինելը շատ մանրամասն, կետ առ կետ, դրա համար էլ իրենք խուսափելու են: Վենետիկի հանձնաժողովն իր դիրքորոշման մեջ ուղղակիորեն ասել է՝ այդ դեպքում պարտադիր պետք է դիմեք ՍԴ, իրենք դա էլ հաշվի չեն առնում»,- ընդգծել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը