«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է, որ շարունակելու են քաղաքական խորհրդակցությունները բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք կիսում են իրենց մոտեցումները, և պատրաստ են քաղաքական պատասխանատվություն ստանձնել երկիրը համատեղ ուժերով ճգնաժամից դուրս բերելու համար։ Հայտարարությունը՝ ստորև․
«Վերջին ժամանակաշրջանում մեր պետությունը բախվել է մի շարք ծանրագույն խնդիրների, ինչպիսիք են նոր կոռոնավիրուսի համաճարակը, սոցիալ-տնտեսական ճգնաժամը, արտաքին քաղաքական խորացող մեկուսացումը, և քաղաքական ընդդիմության դեմ իշխանական բռնաճնշումների ահագնացող ընթացքը։
Նշվածը վկայումն է այն բանի, որ իշխանությունները տապալում են իրենց վրա դրված պարտականությունների կատարումը, և առաջացել է խորհրդարանական կառավարման ավելի հավասարակշռված և կենսունակ համակարգի ընտրության անհրաժեշտություն, որը կարտահայտի հասարակության իրական տրամադրությունները և մոտեցումները։
Վերոնշյալի կապակցությամբ հայտարարում ենք, որ մեր քաղաքական ուժն իր մոտեցումներով և գործողություններով հանդիսանում է սահմանադրության շրջանակներում թափանցիկ և հնարավոր լայն համաձայնությամբ իշխանափոխության, ազգային համաձայնության անցումային կառավարության ստեղծման, և այնուհետև արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով նոր իշխանության ձևավորման օրակարգի շուրջ ընդդիմադիր քաղաքական ուժերի համագործակցության ջատագովն ու նախաձեռնողներից մեկը։
Այս դիրքորոշման շրջանակներում, մենք սկսել և շարունակելու ենք քաղաքական խորհրդակցությունները բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք կիսում են մեր մոտեցումները, և պատրաստ են քաղաքական պատասխանատվություն ստանձնել մեր երկիրը համատեղ ուժերով ճգնաժամից դուրս բերելու համար։
Ցանկանում ենք նաև շեշտել, որ մեր քաղաքական ուժի այս և մնացած բոլոր պաշտոնական դիրքորոշումները մշակվում և ընդունվում են կուսակցության հիմնադիր համագումարի կողմից ձևավորված կառավարման բարձրագույն կոլեգիալ մարմնի՝ կուսակցության խորհրդի կողմից, կուսակցության հանձնախմբերի և շարքային անդամների անմիջական մասնակցությամբ, արտահայտում են մեր կուսակցության անդամների և օրեցօր ավելացող համակիրների ընդհանրական մոտեցումները, և հանդիսանում են մեր կայուն քաղաքական գծի հիմքը։ Այդ քաղաքական գիծը հետևողականորեն իրականացվում է կուսակցության խորհրդի, գործադիր մարմնի և խորհրդի նախագահի կողմից՝ կուսակցության կանոնադրությանը համապատասխան։
Կոչ ենք անում մեր բոլոր այն հայրենակիցներին, որոնք կիսում են մեր գաղափարական մոտեցումները և որոնք ունեն հայրենիքի համար վճռորոշ այս պահին գործելու վճռականություն, միանալ մեր քաղաքական թիմին և մասնակցել մեր հետագա արարումներում՝ ի փառս Հայաստանի, մեր պետության ու ժողովրդի հզոր ապագայի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը