21 05 2020

Վարչապետափոխության և նոր կառավարության ձևավորման մասին

Վարչապետափոխության և նոր կառավարության ձևավորման մասին

Ներկայումս քննարկվում են քաղաքական իրավիճակի հանգուցալուծման հետևյալ սցենարները՝

1․ Ազգային համաձայնության ու հակաճգնաժամային կառավարության ձևավորում՝ նոր վարչապետի գլխավորությամբ,

2․ Գործող վարչապետի հրաժարականից հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Իմ պատկերացումը շատ հստակ է․ այս կառավարությունը և հատկապես դրա ղեկավարն ապացուցել են, որ ապաշնորհ են, անպատասխանատու և ստեղծված իրավիճակին ոչ համարժեք։ Վարչապետը հանրային մոբիլիզացիա և համերաշխություն ապահովելու փոխարեն պառակտում և ատելություն է քարոզում։

Փաշինյանն ուղղակի պատասխանատվություն է կրում կորոնավիրուսային և սոցիալ–տնտեսական ճգնաժամի համար։ Նա առաքելություն չուներ մինչև ճգնաժամը և աչքի էր ընկնում ոչ կոմպետենտությամբ։ Առավելևս ճգնաժամի պայմաններում նա չի կարող ղեկավարել, քանզի չունի անհրաժեշտ կառավարչական որակներն ու գիտելիքները։

Վարչապետն առնվազն կոմպետենտության հարցում ոչ լեգիտիմ է, իսկ այս կառավարությունը կորոնավիրուսից ոչ պակաս մարտահրավեր է մեր պետության համար և ենթակա է փոփոխության։

Ես նախընտրում եմ անցնցում փոփոխությունները։ Ճանապարհային քարտեզը սա է՝ Ազգային համաձայնության նոր կառավարության ձևավորում (բնականաբար՝ նոր վարչապետով), որին հնարավոր է հասնել միայն հասարական–քաղաքական լայն համախմբման միջոցով։

Նոր կառավարության հիմնական գործառույթը պետք է լինի կորոնավիրուսային ու սոցիալ–տնտեսական մարտահրավերներին դիմակայելը։ Արցախի բանակցային գործընթացում ու հայ–ռուսական հարաբերություններում նույնպես կարևոր անելիք կա։

Անցումային խնդիրների կարգավորումից և կորոնավիրուսային մարտահրավերի հաղթահարումից հետո կարելի է որոշում կայացնել խորհրդարանական ընտրությունների մասով։

Հատուկ ընդգծեմ, որ նոր կառավարության ձևավորման գործընթացում նոր վարչապետի հարցը կարող է ինչպես միավորող, այնպես էլ բաժանող դեր կատարել։ Այս առումով պետք է շատ պրագմատիկ և ռացիոնալ լինել։

Քաղաքական զարգացումները պլանավորելիս և քաղաքական խնդիրները լուծելիս կարևոր է ոչ միայն դրա տեղեկատվական ու հոգեբանական, այլ նաև իրավական բաղադրիչը։ Առանց իրավական բլոկը հաշվի առնելու՝ հնարավոր չէ։

Սահմանադրության 115–րդ հոդվածում նշված են բոլոր այն կետերը, որոնք առնչվում են վարչապետի փոփոխությանը։ Տեղին եմ համարում դրանք ստորև ներկայացնելը՝

Հոդված 115. Վարչապետին անվստահություն հայտնելը

  • Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:
  • Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, եւ ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամ հետո: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: Որոշման ընդունման դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել: Այս դեպքում Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-4-րդ մասերի դրույթները կիրառելի չեն:
  • Վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո: Եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան վեց ամիս հետո:
  • Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել:

Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ