18 05 2020

ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը չի կարողանալու դիմակներ գնել․ Զոհրաբյան

ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը չի կարողանալու դիմակներ գնել․ Զոհրաբյան

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան եթերում պատասխանել է քաղաքացիների հարցերին։

«Եթե հիշում եք, նախկինում դիմակները դեղատներում 30-40 դրամ էին, այսօր առավոտյան, մինչեւ ԱԺ գալը շրջայց կատարեցի կենտրոնի դեղատներում․ 220-240 դրամ էին։ Ես խնդիրը ԱԺ-ում բարձրացրել եմ նաեւ պարետի առջեւ։ Եթե ուզում ենք՝ իսկապես արդյունավետ լինի դիմակների կրումը, օրվա մեջ առնվազն երկու ժամը մեկ դիմակները պետք է փոխվեն։ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ նվազագույն կամ միջին աշխատավարձ ստացող քաղաքացին օրը 500 դրամ հատկացնի դիմակին, հատկապես  մեկ շերտանի դիմակները, որոնք ուղղակի անպիտան են, հնարավոր չէ լվանալ եւ նորից օգտագործել։ Անհրաժեշտ է գնալ կարեւորագույն լուծման, եւ քանի որ որեւէ մեկը չգիտի, թե այս համաճարակը որքան կտեւի եւ այդ ընթացքում անվտանգության ռեժիմները պետք է դեռ երկար պահպանվեն, հետեւաբար անհրաժեշտ է քաղաքացիների համար մատչելի դարձնել դիմակները․

Ես կարծում եմ, որ կառավարությունը պիտի օգտագործի իր բոլոր լծակները որպիսի կա՛մ սկսվի դիմակների արտադրություն, որոնց գինը չի գերազանցի 50-60 դրամը, կա՛մ պիտի վերահսկվի, որ դեղատներում 220-230 դրամով դիմակներ չվաճառվեն։ Հասկանում եմ, որ այստեղ կա մասնավոր բիզնեսի խնդիր, բայց կա նաեւ սոցիալական խնդիր․ ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը չի կարողանալու այդ դիմակները գնել։ Պարետը խոստացավ խնդիրը քննարկել։ Կարծում եմ՝ խնդիրը պետք է քննարկել նաեւ ներկրողների հետ, որոնք դեղատներին մատակարարում են այդ դիմակները, որպիսի գանք ինչ-որ միջինացված, «քրիստոնեական» գնի։ Ես հասկանում եմ, որ մարդիկ կան, որոնց համար ամեն ինչ բիզնես է, մարդկանց առողջությունը եւս, հատկապես այս ճգնաժամային, սահմանային իրավիճակներում, իրենց համար միեւնույնն է, իրենց սրբությունը իրենց փողն է, իրենց բիզնեսն է, բայց մենք պետք է հասկանանք, որ այստեղ եւս իրենք պիտի գնան նվազագույն շահույթների ճանապարհով։ Ոչինչ, ուրիշ տեղերից այնքան շահույթ ունեք, գոնե այստեղ ձեր շահույթները նվազեցրեք»։

«Եթե դուք ունեք բժշկի ցուցում, որ ձեզ չի կարելի փակել շնչուղիները, ըստ առողջապահության նախարարի ինձ փոխանցած տեղեկության, դիմակ կրելը կարող է  պարտադիր չլինել։  Կան քաղաքացիներ, որոնք ոչ դիտավորյալ են խախտել  արտակարգ դրության կանոնները, այսինքն նախկինում տնից դուրս են եկել եւ չեն ունեցել տեղեկանք եւ տուգանվել են։ Տուգանքների չափերը ահռելի մեծ են, կարծում եմ, սկսվում են 100,000 դրամից։ Ես կողմ եմ, որ միտումնավոր օրենք խախտածները պատժվեն, բայց եկեք չգնանք «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» ճանապարհով, որոշակի տարբերակում դնենք եւ թույլ տանք, որ այն մարդիկ, որոնք իսկապես միտումնավոր չեն արել այդ խախտումը, նրանց նկատմամբ այդ տուգանքները չկիրառվեն։ Նրանք միեւնույնն է, չեն կարողանալու այդ տուգանքները վճարել։ Կարծում եմ, որ տուգանքների նման բարձր շեմը պետք է անպայմանորեն վերանայվի։ Հասկանում եմ, որ բարձր թիվը որոշակի զսպող մեխանիզմ է, բայց անկեղծ լինենք, ես միայն դրանով չէի պայմանավորի։ Մարդը ներսից պիտի լինի կարգապահ, եթե նա գիտի, որ չի կարելի, անկախ նրանից՝ ինքը տուգանվելու է, թե ոչ, ուրեմն այդ չի կարելի-ն մեզանից յուրաքանչյուրի ներսում պիտի գործի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ