ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հայաստանում առկա է ճգնաժամերից ամենավտանգավորը` կառավարման ճգնաժամը:
Ցանկացած ճգնաժամ` առողջապահական, տնտեսական, ներքաղաքական, արտաքին և այլն, կարելի է հաղթահարել: Կարելի է հաղթահարել, եթե, իհարկե, նախ` ընդունում ու հասկանում ես, որ կա ճգնաժամ, եթե ունես այդ ճգնաժամի բնութագրումն ու գիտես, թե այն ինչում է կայանում և, իհարկե, եթե ունես դրանից դուրս գալու համապատասխան ծրագիր և կադրային ներուժ: Իրարամերժ, անհասկանալի, հաճախ պահի տակ կամ ֆեյսբուքյան տրամադրությունների ելևէջումներից ազդված քայլերը, ցույց են տալիս, որ, ցավոք, գործող կառավարությունը այդ ամենը չունի:
Բայց ավելի վտանգավոր իրողություն կա. այսօր Հայաստանում առկա է ճգնաժամերից ամենավտանգավորը` կառավարման ճգնաժամը: Եթե ստանդարտ ու ստատիկ իրավիճակում իշխանությունը արձանագրել է համընդհանուր ու համապարփակ ձախողում` առանց բացառության բոլոր ուղղություններում ու ասպարեղներում, ապա ոչ թե պարզապես միամտություն, այլ` հանցավոր միամտություն կլինի ակնկալել, որ ներկայիս բարդ, ամեն օր ավելի խորացող ճգնաժամային իրավիճակում նա չի ձախողվելու: Անհիմն լավատեսություն է ակնկալել, որ բազմապատկման աղյուսակը հինգ անգամ հինգից վերև չիմացողը կարող է բարդ ինտեգրալ լուծել: Նույն տրամաբանությամբ` անհիմն է ակնկալել, որ այս կառավարությունն իվիճակի է լուծել այսօրվա և վաղվա անխուսափելիորեն սպասվող մարտահրավերները:
Բայց այս անգամ արդեն դա ոչ թե լոկ իշխանության ու կառավարության ձախողում է լինելու, այլ լինելու է պետության ձախողում: Դա արդեն աղետ է լինելու` պետության ու ժողովրդի համար: Հետևաբար, այսօր խնդիրը պետությունը փրկելն է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը