11 05 2020

Անդրանիկ Քոչարյանը թիրախավորել և մեղադրում է ԶԼՄ-ներին․ «Մեդիա պաշտպան»

Անդրանիկ Քոչարյանը թիրախավորել և մեղադրում է ԶԼՄ-ներին․ «Մեդիա պաշտպան»

«Մեդիա պաշտպանը» հաղորդում է․ «Ազատություն TV-ի՝ մայիսի 10-ի կիրակնօրյա եթերում, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին, կրկնեց վարչապետի խոսքերը, թե Էդմոն Մարուքյանը թողեց ամբիոնը և մեծ արագությամբ մոտենում էր Սասուն Միքայլեյանին։ Արդարացնելով Միքայելյանին, Անդրանիկ Քոչարյանը նշեց․ «Սասուն Միքայլեյանը շատերին է հոպար ասում, դրա մեջ որևէ մեկը  վատ բան չի տեսել»։

Անդրադառնալով Հրայր Թամրազյանի այն հարցին, թե ով էր մեջքից հարվածել, Անդրանիկ Քոչարյանը կասկածի տակ դրեց Մարուքյանին մեջքից հարվածելու փաստը, ինչը հստակ երևում էր կադրերում, նշելով․ «Լրատվական դաշտը և հայտնի կայքերը այն տեղեկատվության հետևից գնացին, որը տարածեց Էդմոն Մարուքյանը, որ իրեն հետևից խփել են, բայց խփել- չխփելը ոչ մեկը այդ իրավիճակում չէր կարող հստակ վերլուծել։  Խփողների մեջ, երբ որ ասում են Արտակ Մանուկյանի անունը, մի քիչ ինձ համար տարօրինակ է, նա բացի բաժանելուց, այլ  բան չէր կարող անել»։

Թամրազյանն ասում է՝ կարծես թե հարվածողը Հայկ Ալումյանն էր, շփոթելով անունը, նկատի ունենալով՝  Վահե Ղալումյանին, մինչդեռ Քոչարյանը շրջանցում է հարցը։  Այնուհետ, Մարուքյանին փորձում են կապել  նախկին իշխանությունների հետ։ Անդրանիկ Քոչարյանը նորից անդրադառնում  է լրատվամիջոցներին․ «Ոչ մեկի համար այսօր գաղտնիք չէ, որ մեդիադաշտը մեծամասամբ գտնվում է օլիգարխիայի ֆինանսական հնարավորությունների տիրույթում ։ Չունենալով ժողովրդական աջակցություն՝ իրենք օգտագործում են իրենց այդ ռեսուրսը ողջ ծավալով»։ Թամրազյանը հարցնում է՝  եթե կասկածներ ունեք Մարուքյանի կապերի մասին նախկին իշխանությունների հետ, ինչո՞ւ փաստեր չեք հրապարակում։ Քոչարյանը պատասխանում է․ «Կասկածները նաև առաջանում են, երբ որ քաղաքական ուժը իր գործողություններով նպաստում է այն մթնոլորտի ձևավորմանը, որին ձգտում են մերժվածները, էդ հսկայական համակարգը՝ իրենց մեդիառեսուրսով»։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նկատում է, որ նախ Ազատություն TV-ին խախտել է բազմակողմանիության սկզբունքը, քանի որ ներկայացվում էր միայն իշխանության ներկայացուցչի տեսակետը՝ առանց երկրորդ կողմին պաշտպանվելու հնարավորություն տալու։  Բացի այդ, մեկնաբանը սադրում էր զրուցակցին և նպաստում, որ Քոչարյանը թիրախավորի իր գործընկերներին։  Ինչ վերաբերում է Անդրանիկ Քոչարյանին, վերջինն էլ թիրախավորել է լրատվամիջոցներին ու պարբերաբար վիրավորում է նրանց։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ