08 05 2020

Երկրապահը միայն կառույց չէ, դա բանակի հիմքն է. Արտակ Դավթյան

Երկրապահը միայն կառույց չէ, դա բանակի հիմքն է. Արտակ Դավթյան

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհավորական խոսք է հղել Երկրապահի օրվա կապակցությամբ:

Նա, մասնավորապես, ասել է. «Գաղտնիք չէ, որ երբ հայ ժողովուրդը վճռականորեն ոտքի ելավ հայրենիքի իր մի կտորը՝ Արցախը, պաշտպանելու եւ ազատագրելու օտարի ոտնձգությունից, մենք չունեինք կանոնավոր բանակ, հզոր եւ կայացած զինված ուժեր. ամեն ինչի հիմքը դրվեց կամավորականների խմբերով, նվիրյալ հայորդիներով:

Երկիրը պահելու համար ոտքի կանգնած այդ մարդկանց տոնն ենք նշում մայիսի 8-ին, ինչը հրաշալի առիթ է եւս մեկ անգամ երախտիքի խոսքեր ուղղելու նրանց: Շնորհակալ ենք եւ´ նահատակներին, որ ազատագրական պայքարին տվեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը, եւ´ կենդանի հերոսներին, որ շարունակում են ապրել մեր մեջ՝ կրելով ամենաարժեքավոր կոչումը՝ ազատամարտիկ լինելու պատիվը:

Հենց ազատամարտիկներն էին, որ հայրենիքի, հայրենակիցների պաշտպանության պատասխանատվությունն առաջինը վերցրին իրենց ուսերին եւ կրեցին այն մինչեւ հաղթական ավարտ՝ անցնելով կայացման, բանակաշինության բարդ եւ դժվարին ճանապարհը: Ազգային բանակի ձեւավորումից հետո էլ երկրապահները չդադարեցին անմիջական մասնակցություն ունենալ պատերազմական գործողություններին ու, ցավոք, նաեւ նրանցից շատերի կյանքերի գնով ունեցանք այն հաղթանակները, որոնցով հպարտացել, հպարտանում եւ հպարտանալու ենք միշտ:

Այսօր բոլոր կամավորականների տոնն է՝ նախկին, ներկա եւ ապագա, որովհետեւ երկրապահը միայն կառույց չէ, դա բանակի հիմքն է, այնպես որ այսօր երկիրն ամուր պահողների, հաղթանակներ կերտող հայ ժողովրդի տոնն է: Երկրապահների կամավորական ջոկատների հենքի վրա ստեղծված Հայոց բանակն այսօր ուժեղ է ինչպես իր կանոնավոր զորքով, այնպես էլ այդ զորքի թիկունքն ամուր պահող նվիրյալներով, որոնք Ապրիլյան մարտերին եւս մեկ անգամ ապացուցեցին դա:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել զոհված ազատամարտիկների ծնողներին, այրիներին եւ զավակներին, շնորհակալ ենք ձեր  սիրո եւ համբերության համար: Մեր ցանկությունն ու ձգտումն է, որ բոլոր երկրապահներն ու նրանց սերունդներն ապրեն անվտանգ ու բարեկեցիկ երկրում: Հայոց բանակը, վստահեցնում եմ, այսօր ամենայն պատասխանատվությամբ կատարում է մեր երկրի սահմաններն ամուր պահելու իր առաքելությունը եւ գիտակցում է այն ժառանգության արժեքը, որ ստացել է Արցախյան ազատամարտի նվիրյալներից:

Շնորհավոր տոնդ, երկրապա´հ, շնորհավոր տոնդ, Հայո´ց երկրի պաշտպան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ