ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«La Casa de Ստել կամ Դուխով-Ստով Blinders
«Ժողովրդավարության բաստիոն», «ժողովրդավարական հանրության առաջնաբեմ», «ամբողջ աշխարհը հիանում է մեր ժողովրդավարությամբ»… Ահա այսպիսի որակումներ են տալիս ՀՀ-ում ժողովրդավարության մակարդակի մասին իշխող քաղաքական ուժի ղեկավարները՝ ասելով, որ «2019 թվականին բոլոր միջազգային ժողովրդավարական ինդեքսներում Հայաստանի Հանրապետությունն արձանագրել է տպավորիչ անգամներով աճ»։
Ես սրտանց կուրախանայի նման «թռիչքաձև» աճին, եթե Նիկոլ Փաշինյանը ստելու և մանիպուլացնելու սիրահարի համբավ չունենար, ուստի Ձեզ եմ ներկայացնում գործող վարչախմբի կողմից պաշտելի Freedom House-ի կողմից Հայաստանին տված ժողովրդավարության ինդեքսը և այս տարվա զեկույցից որոշ հատվածներ։ Ցանկության դեպքում կարող եք ինքներդ էլ գտնել նշված կետերից յուրաքանչյուրի անգլերեն տարբերակները։
Նրանք բացեիբաց, չանսալով ժողովրդի հայր/վարչապետի «հանգիստ տեղները նստելու» կոչին, նշում են մի շարք խնդիրներ.
1. Գործող կառավարությունը չի գրանցել լայնամասշտաբ ինստիտուցիոնալ փոփոխություններ որևէ ոլորտում
2. Որակում են Հանրային հեռուստաընկերությունը իշխանություններին «հավատարիմ» և փաստում, որ օր օրի մարում է հույսը, որ այն չի դառնա Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի անձնական իմիջմեյքեր կազմակերպությունը։ Ներկայացվում են փաստեր, որ հանրայինը չի լուսաբանում այս կամ այն պաշտոնյայի կոռուպցիոն սկանդալներում ներգրավվածությունը
3. Նշում են CEPA-ի ռատիֆիկացման գործում ձախողումը
4. Փաստում են, որ Նախագահ Քոչարյանի դեմ դատական գործի նկատմամբ առկա է կառավարության և Ազգային Ժողովի ճնշող, մեծ (overwhelming) ուշադրություն
5. Համարձակվում են մատնանշել ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսք-գործ հակասությունը՝ վկայակոչելով, որ ընդդիմադիր Փաշինյանը բողոքում էր մեկ անձին (վարչապետին) չափից շատ լծակներ տալուց (Ոստիկանության, ԱԱԾ-ի ենթակայություն և այլն)
6. Մատնանշում են, որ 2083 կոռուպցիոն դեպքերից՝ 1399-ն են դարձել քրեական գործեր, որոնցից ընդամենը 52-ով է առկա մեղադրական դատավճիռ։ Նրանք ռիսկ են անում ասել, որ կոռուպցիան չի վերացել նույնիսկ իշխանության վերին օղակներում, իսկ ստորին օղակներում՝ առավել ևս
7. Հղում են տալիս Վենետիկի հանձնաժողովի բացասական հայտարարությանը կապված Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի մասին օրենքին
8. Փաստում են բովանդակային քաղաքական դիսկուրսի բացակայությունը
9. Նշում են, որ «համաժողովրդական սեր վայելող» կառավարության ներկայացուցիչները չեն կարողանում մշակել ոլորտային քաղաքականություն՝ վախենալով սեփական վարկանիշի անկումից
10. Նշում են, որ անցած տարին աչքի է ընկել ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերություններում վայրիվերումներով (ups and downs)
11. Նրանք անգամ խոսում են մամուլի մասին, որը (ըստ Փաշինյանի) «երբեք Հայաստանում այսքան ազատ չի եղել», բայց արի ու տես, որ փորձագետները նշում են, որ լրագրողների հետ կապված դատական հայցերի թիվը զգալիորեն ավելի մեծ է քան նախորդ երկու տարիներում՝ միասին վերցրած։ Նրանք նաև վկայակոչում են Նիկոլ Փաշինյանի կողմից լրատվականների թիրախավորումը և «Փաշինյանի աջակիցների» կողմից լրատվական խմբագրությունների վրա հարձակումը։
Նշենք նաև, որ իմքայլականների կողմից սիրված Freedom House-ի մեթոդոլոգիան ներառում է 7 հիմնական գնահատման ցուցիչ, որոնցից ընդամենը երկուսում է արձանագրվել որոշակի աճ։
Զարմանալիորեն Freedom House-ի փորձագետները համարձակվում են մեր «ժողովրդավարության բաստիոն»-ը որակել «Կիսահամախմբված ավտորիտար վարչակարգ» (Semi-Consolidated Authoritarian Regime), ինչի համար, վստահ եմ, որ հեղափոխականները իրենց թաթիկները կկտրեն, կփռեն ասֆալտին և այլն։ Հավանաբար զեկույցը կարդալիս իշխանավորների մտքով անցավ «Եվ դու, Բրուտոս» պատմական նախադասությունը։ Մի զարմացեք՝ պարզապես իրենք ցույց են տվել ձեր ժողովրդավարության «հակառակ կողմը»»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը