17 04 2020

Անդրանիկ Քոչարյանը Սերժ Սարգսյանի պատասխանները ոչ լիարժեք է ներկայացրել․ News.am

Անդրանիկ Քոչարյանը Սերժ Սարգսյանի պատասխանները ոչ լիարժեք է ներկայացրել․ News.am

News.am-ը գրում է․ «2016թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո   հանձնաժողովի նախագահը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ որոշ մանրամասներ է ներկայացրել  նիստի շրջանակներում ՀՀ երրորդ նախագահի հետ հանձնաժողովի անդամների  ունեցած հարցուպատասխանից, այդ թվում` նիստին Յուրի Խաչատուրովի չներկայանալու, «Հաղթանակի ապրիլ» ֆիլմի, պատերազմի ժամանակ եղած թերացումների վերաբերյալ: Նախագահ Սարգսյանի գրասենյակից հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ են դրանք համապատասխանում իրականությանը: Գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը մեր հարցին ի պատասխան նշեց. «Նիստում ՀՀ երրորդ նախագահի արտահայտած մտքերը ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահի հատվածաբար վերաշարադրման արդյունքում լիարժեք և ճշգրտորեն չեն արտացոլել այն ձևակերպումները, որ նիստում ուղղակիորեն արվել են նախագահ Սարգսյանի կողմից, հետևաբար` ամբողջապես չեն ներկայացնում ողջ իրողությունը: Միանգամայն հասկանալի է, որ հանձնաժողովի նախագահի, ինչպես և ցանկացած մեկի համար ֆիզիկապես դժվար է ստույգ հիշել հինգ ժամ տևած նիստում նախագահ Սարգսյանի հնչեցրած ձևակերպումները (նիստն ամբողջությամբ տեսաձայնագրված է և այս տեսանկյունից չի կարող տարաբնույթ մեկնաբանությունների արժանանալ):

Նիստը, ՀՀ երրորդ նախագահի գնահատմամբ, ամբողջությամբ անցել է կառուցողական մթնոլորտում, սակայն կարևոր է աշխատանքի ավարտին հանձնաժողովի վերջնական եզրակացությունը:

Նախագահ Սարգսյանը, ինչպես երեկ խորհրդարանում հայտարարել է, արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո հրավիրելիք մամուլի ասուլիսում հանգամանորեն կանդրադառնա այս և ապրիլյան պատերազմի թեմայով բոլոր հարցերին, որոնք կհետաքրքրեն լրատվամիջոցների ներկայացուցիչներին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ