ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ապրիլի 16-ին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին իր մասնակցությանը։
«Ես համոզվեցի, որ իմ որոշումը՝ գալ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացվեց։ Նիստը ընթացել է շատ նորմալ պայմաններում, փոխադարձ հարգանքի մթնոլորտում, և ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ նաև լրացուցիչ տեղեկություններ հայտնել ապրիլյան ռազմական գործողությունների մասին։ Ցավոք սրտի, հնարավորություն չունեմ ձեզնից յուրաքանչյուրի հարցին ոչ թե այն պատճառով, որ շատ գաղտնի բաներ կարող են լինել, այն այն պարզ պատճառով, որ դրանք այնքան կարևոր իրադարձություններ են, որ ոտքի վրա իրար ընդհատելով անհնար է հասնել այն նպատակին, ինչը ես եմ հետապնդում։ Իսկ իմ նպատակը շատ պարզ է․ հասցնել մեր հանրությանը իրական հավաստի տեղեկություններ ռազմական գործողությունների մասին, որի ընթացքում մենք, ես նկատի ունեմ Զինված ուժերը, քաղաքացիական հասարակությունը, ընդհանրապես մեր հանրությունը հաղթել է։ Հաղթելով ոչ միայն մարտի դաշտում, այլև դիվանագիտական»։
Հարցին, որ «Հաղթանակի ապրիլ» ֆիլմում Սերժ Սարգսյանը նշել է 400 հեկտար կորստի մասին, ինչո՞ւ է 2016 թվականին հայտնել 800 հեկտար կորստի մասին, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց․ «Երբ արտակարգ դրությունը կվերանա, ես մանրամասն խոստանում եմ ցանկացած հարց՝ տեղին, թե անտեղի, հաճույքով տեղեկություն կտրամադրեմ։ Ուզում եմ ասել, որ ես նիստի վերջում ի պատասխան հանձնաժողովի նախագահի՝ ես ևս շնորհակալությում են հայտնել այս քննարկման համար։
Ես որևէ կերպ չեմ մտնում հարցուպատասխանի մեջ։ Ուղղակի ասեմ, որ երբեք որևէ պարագայում չեմ ղեկավարվել ոչ դավադրությունների տեսություններով, ոչ ենթադրում եմ, որ ամբողջ աշխարհը, այդ թվում՝ մեր դաշնակիցները, գործընկերները, դավադրություններ են հյուսում հայ ժողովրդի շուրջ։ Չկա այդպիսի բան։ Որ մենք ունենք նաև թշնամիներ, ակնհայտ է, բայց մենք ունենք բազմաթիվ բարեկամներ։ Բոլորին խորհուրդ եմ տալիս այդ դավադրությունների տեսություններով չղեկավարվել։ Այն, ինչ լսում և ընթերցում եք որևէ էջում, փորձեք մեկ այլ աղբյուրից դա ստուգել, այնուհետև անել սեփական եզրակացությունը։
Սերժ Սարգսյանը վերջում հիշեցրեց, որ պատրաստ է ասուլիս տալ և ցանկացած հարցի պատասխանել՝ բացառապես ապրիլյան պատերազմի մասին։ «Ես պատրաստ եմ հետագայում խոսելու առանձին-առանձին խոսել ինչպես բանակցությունների, տնտեսության, կոռուպցիայի մասին, այնպես էլ իհարկե 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների մասով։ Եվ ես ձեզ խոստանում եմ՝ չի լինելու մի հարց, որին ես չեմ պատասխանելու»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը