14 04 2020

Պուտինը հայտնել է, որ ՌԴ-ում կորոնավիրուսի համավարակի պիկը դեռևս չի անցել

Պուտինը հայտնել է, որ ՌԴ-ում կորոնավիրուսի համավարակի պիկը դեռևս չի անցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ երկրում կորոնավիրուսի համավարակի պիկը դեռևս չի անցել․ ապրիլի 13-ին երկրում գրանցվել է վարակման 18 000 դեպք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Փորձագետների գնահատականով՝ Ռուսաստանում հիվանդության պիկը դեռևս չի անցել։ Ապրիլի 13-ին Ռուսաստանում գրանցվել է վարակման 18 328 դեպք։ Ցավոք՝ կյանքից հեռացել է 148 մարդ, ապաքինվել է 2558-ը»,- նշել է Պուտինը։

Ռուսաստանի ղեկավարը երեքշաբթի մասնակցել է Եվրասիական տնտեսական միության առաջնորդների հետ տեսակապի միջոցով տեղի ունեցած արտահերթ ժողովին:

Ռուսաստանի Դաշնության նախագահը կոչ է արել ԵԱՏՄ-ի իր գործընկերներին մտածել տնտեսական և սոցիալական կարևորության ոլորտների բաղադրիչների և նյութերի մաքսատուրքերն իջեցնելու կամ զրոյացնելու մասին: 

«Արժե մտածել տնտեսական և սոցիալական կարևորության ոլորտների բաղադրիչների և նյութերի մաքսատուրքերն իջեցնելու կամ զրոյացնելու մասին, ընդհանուր առմամբ մեր երկրների արդյունաբերական արտադրությունը խթանելու մասին, տնտեսության այն ոլորտները խթանելու, որոնք ամենաշատն են տուժել համավարակի պայմաններում: Խոսքն առաջին հերթին օդային տրանսպորտի, տուրիզմի, հյուրանոցային բիզնեսի, զվարճանքի և ժամանցի ոլորտի, հանրային սննդի, մշակույթի և սպորտի ոլորտների մասին է»,-ասել է Պուտինը` ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հանդիպմանը, որը տեղի է ունեցել ապրիլի 14-ին` տեսակապի միջոցով:

ՌԴ նախագահը խոսել է նաև ԵԱՏՄ անդամ երկրներում իրականացվող հակաճգնաժամային քայլերի մասին: Նա հիշեցրել է, որ անցյալ ուրբաթ տեղի է ունեցել միջկառավարական խորհրդի նիստ վարչապետերի մասնակցությամբ, ինչի արդյունքում ընդունվել են սկզբունքային որոշումներ` ուղղված կորոնավիրուսի տարածման հետևանքները նվազագույնի հասցնելուն և դաշինքի անդամ երկրներում կայուն սոցիալ-տնտեսական վիճակ ապահովելուն:

Պուտինը նշել է, որ ԵԱՏՄ տարածք սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների` սննդի, դեղորայքի, բժշկական սարքավորումների, անձնական պաշտպանության միջոցների ներկրման համար «կանաչ միջանցք» է բացված:  

«Համաձայն եմ այն գործընկերների հետ, որոնք ասացին, որ պետք է մտածել այս պրակտիկայի ընդլայնման ուղղությամբ: Այսինքն՝ այս ապրանքներն ազատված են մաքսատուրքերից, պարզեցվել և արագացվել են համապատասխան մաքսային ընթացակարգերը»,-նշել է ՌԴ նախագահը:

Ռուս առաջնորդը նշել է նաև, որ միության անդամ երկրների կառավարությունները պայմանավորվել են սահմանափակել խիստ անհրաժեշտ բժշկական սարքավորումների,  դեղորայքի, տեխնիկայի և սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների արտահանումը երրորդ երկրներ, որպեսզի դաշնային շուկայում դրանց պակաս չզգացվի, ինչպես նաև օգնել միմյանց հումանիտար օգնություն հասցնելու և առաջին անհրաժեշտության ապրանքներով մատակարարելու գործում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ