30 03 2020

ԱԺ Քննիչ հանձնաժողովը որևէ իրավասություն չունի «բարոյական գնահատական» տալ որևէ իրադարձության. Յուրի Խաչատուրով. 168.am

ԱԺ Քննիչ հանձնաժողովը որևէ իրավասություն չունի «բարոյական գնահատական» տալ որևէ իրադարձության. Յուրի Խաչատուրով. 168.am

168.am-ը գրել է. ԶԼՄ-ներում օրեր առաջ տեղեկատվություն հայտնվեց, որ ՀՀ Պաշտպանության նախարարության նախկին գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը մերժել է Ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին ներկայանալ ու փոխարենը՝ նամակ է ուղարկել այդ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին:

Այսօր Armlur.am-ը հրապարակել էր այդ նամակը:

Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում ավելի վաղ հրաժարվել էր խոսել այդ թեմայով և այսօր էլ մեզ ասաց, որ նամակն իրենք չեն տրամադրել, և այս թեմայով ինքն այս պահին ասելիք չունի:

Իսկ նամակը բավականին ուշագրավ բովանդակություն ունի: Նախ՝ Յուրի Խաչատուրովը, մեջբերելով ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածը, տեղեկացրել է, որ ոչ պաշտոնատար անձինք, ինչպիսին ըստ էության այս պահին հանդիսանում է և ինքը, ոչ թե պարտավորություն, այլ սոսկ իրավասություն ունեն ներկայանալ այդ նիստին ու բացատրություններ տալ, և հույս էր հայտնել, որ այդ հանգամանքն ակնհայտ է նաև հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի համար:

Այնուհետև Յուրի Խաչատուրովը խոսել է այն մասին, որ քննիչ հանձնաժողովի նախագահը, թերևս, շատ լավ իմանալով, որ ինքը որևէ պարտավորություն չունի ներկայանալու հանձնաժողովին և որևէ բացատրություն տալու, իր ուղարկած գրության մեջ խնդրել է հաշվի առնել հարցի բարոյական և քաղաքական կողմերը:

«Քաջ գիտակցելով ՀՀ Ազգային ժողովի Քննիչ  հանձնաժողովին չներկայանալու իմ իրավունքը` Ձեր կողմից ինձ ուղարկված գրության մեջ խնդրել եք հաշվի առնել «հարցի բարոյական և քաղաքական կողմերը»` մոռացության մատնելով այն հանգամանքը, որ ՀՀ Սահմանադրությունը, ինչպես նաև ՀՀ Զինվորական ծառայության անցնելու մասին օրենքը սահմանում են, որ ՀՀ զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն, և, որ զինծառայողը (այդ թվում՝ պահեստազորի և պաշտոնաթող) իրավունք չունի անդամակցել որևէ կուսակցության, կրոնական կամ արհեստակցական միության, պաշտոնական դիրքն օգտագործել ի շահ քաղաքական կուսակցությունների, կրոնական, հասարակական միավորումների և դրանց գործունեության օգտին իրականացվող քարոզչության, ուստի որևէ գործողություն իրականացնելիս ես ուղղակի չեմ կարող հաշվի առնել հարցի «քաղաքական» կողմը և դրանով նպաստել որևէ «քաղաքական» դիրքորոշման ստեղծմանը»,- գրել է Յուրի Խաչատուրովն իր նամակում:

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետը չի անտեսել նաև խնդրի «բարոյական կողմը»:

«Կասկածի տակ չդնելով Ձեր կողմից ինձ հասցեագրված նամակի հեղինակների «բարոյականության» մասին պատկերացումները, սույն նամակում չեմ ցանկանում վերլուծել ինձ համար հարցի բարոյական կողմերը, սակայն պետք է ընդգծեմ, որ ՀՀ Ազգային ժողովի Քննիչ հանձնաժողովը որևէ իրավասություն չունի «բարոյական գնահատական» տալ որևէ իրադարձության»,- ասել է Յուրի Խաչատուրովը:

Վերջում Յուրի Խաչատուրովը նշել է, որ իրեն հասցեագրված գրությունից ակնհայտ է, որ Հանձնաժողովն իրականացրել է մի շարք գործողություններ, լսել է տարբեր անձանց, ուսումնասիրել է մի շարք մարտական և ռազմական փաստաթղթեր, և ինքը կարծում է, որ Հանձնաժողովն ուսումնասիրած կլինի  նաև 2016թ. ապրիլ ամսին ծավալված ռազմական գործողությունների վերաբերյալ կազմված վերլուծությունները, որոնք, ի դեպ, ստորագրված են իր կողմից:

«Իսկ այդ վերլուծություններին հետևել են մի շարք որոշումներ, որոնք, ըստ իս, սպառիչ են «բարոյական և քաղաքական» եզրահանգման գալու համար, ուստի ես մերժում եմ Հանձնաժողով ներկայանալու մասին Ձեր առաջարկը»,- իր նամակն այսպես է ավարտել բարձրաստիճան զինվորական նախկին պաշտոնյան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ