27 03 2020

Նիկոլը խրախուսում է օրինականության ցուցադրական խախտումները․ Գոլոս Արմենիի

Նիկոլը խրախուսում է օրինականության ցուցադրական խախտումները․ Գոլոս Արմենիի

«Գոլոս Արմենիի»-ն գրում է․ «Մինչև վերջերս գործադիր իշխանության համակարգում մի ամբողջ կառույց առավոտից երեկո զբաղված էր նրանով, որ հետևում էր ԶԼՄ-ների հրապարակումների համապատասխանությանը արտակարգ դրության պահանջներին։ Այդ խորապատկերին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրապարակավ հայտարարեց, որ չի կատարելու օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, իսկ Սահմանադրական դատարանի անդամ Վահե Գրիգորյանը շարունակում է բոյկոտել իր ծառայողական պարտականությունները, խախտելով Սահմանադրությունն ու աշխատանքային օրենսդրությունը։

ԱՅՍ ԱՄԵՆԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ վարչապետի լուռ թողտվությամբ։ Եթե Կապանում տեղի ունեցած ասուլիսում Փաշինյանը դեռ կարող էր իրեն թույլ տալ հատարարել, թե իբր տեղյակ չի եղել Գրիգորյանի պահվածքի մասին, ապա ներկայումս էլ հո հաստատ տեղյակ է։ Սկզբում կարող էր թվալ, թե Հայաստանում արտակարգ դրություն մտցրեցին միայն ԶԼՄ-ների նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար, որպեսզի վերջիններս չկարողանան ժողովրդին հասցնել ճշմարտությունը պետության մեջ տիրող իրական վիճակի մասին, իսկ հընթացս էլ պատմել, թե ինչպես են Նիկոլի մերձավոր անձանց կողմից թույլ տրված օրինախախտումները մնում անհետևանք։

Հիշեցնեմ, որ դատարանը Թորոսյանին պարտավորեցրեց ներողություն խնդրել հայտնի և վաստակավոր բժիշկ Արա Մինասյանից, բայց նախարարը հրաժարվեց դա անել և իր հրաժարման մասին հայտարարեց հրապարակավ։ Դատավոր Գրիգորյանը բոյկոտում է ՍԴ նիստերը, այլ կերպ ասած՝ բացահայտ զբաղվում քաղաքականությամբ, ինչն արգելված է ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածով (կետ 9)։ Այդ հոդվածում հստակ ասվում է, որ դատավորի լիազորությունները դադարեցվում են քաղաքական գործունեությամբ զբաղվելու դեպքում։ Գրիգորյանն արդեն երկար ժամանակ ողջ երկրի աչքի առաջ զբաղվում է քաղաքական գործունեությամբ՝ ՍԴ աշխատանքը բոյկոտելու միջոցով, բայց դրա համար ոչ ոք նրան չի պատժում։

Ոչ ոք չի պատժի նաև Թորոսյանին, չէ՞ որ նա վիրավորել է ոչ թե պարզապես վաստակավոր բժշկին, այլ Վատիկանում ՀՀ նախկին դեսպանի, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի, վարչապետի և կառավարության գործունեությունը հրապարակավ քննադատող Միքայել Մինասյանի հորը։ Այդ կապակցությամբ չի կարելի բացառել, որ հանրահայտ բառակույտն այն մասին, թե ինչու է ինքը հրաժարվում կատարել դատարանի որոշումը, առողջապահության նախարարն արտասանել է ոչ այլ կերպ, քան Փաշինյանի անմիջական խորհրդով։

Հիշեցնեմ, որ համաճարակի թեժ պահին առողջապահության նախարարը հայտնվեց հեռուստաէկրաններին և, կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցների մասին մարդկանց պատմելու փոխարեն, ամենայն մանրամասնությամբ բացատրեց, թե ինչու ինքը չի կատարելու դատարանի որոշումը, թեև կարելի էր սահմանափակվել միայն մեկ արտահայտությամբ՝ այն մասին, որ այդ խախտման համար ինքը ոչ մի պատիժ չի կրի։ Նախարարին արդեն ներել են շատ ավելի ճչացող զանցանքներ։ Հիշեցնեմ, որ վերադառնալով Հարավային Կորեայից, նա ասուլիսի ժամանակ հրապարակավ հայտարարեց, որ տեստավորում չի անցնի, և կատակեց, թե իբր՝ կվարակի ասուլիսին ներկա լրագրողներին։ Այդպիսի կատակի համար նախարարին պետք էր անհապաղ հեռացնե՛լ։

Այդքանից հետո արժե՞ արդյոք զարմանալ, որ Իրանից ու Իտալիայից եկած ՀՀ շարքային քաղաքացիները չշտապեցին անալիզներ հանձնել ու չդիմեցին ինքնամեկուսացման. նրանք պարզապես հետևեցին Թորոսյանի օրինակին։

Ընտրողական արդարադատություն

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը վերջերս կարծիք արտահայտեց, որ դատարանի որոշմանը նախարար Թորոսյանի չենթարկվելը կարող է հանգեցնել շղթայական ռեակցիայի, իսկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, իրավաբան Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, որ դատավոր Գրիգորյանի հայտարարությունները վիրավորանք են պետության հասցեին։ Գրիգորյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ չի մասնակցում ՍԴ աշխատանքին, քանի որ «Հայաստանում չկա Սահմանադրական դատարան»։ Հետաքրքիր է, այդ դեպքում ինչո՞ւ է նա աշխատավարձ և այլ վճարումներ ստանում որպես «գոյություն չունեցող դատարանի» դատավոր։

ԵԹԵ ՆԱԽԱՐԱՐՆ Ի ԼՈՒՐ ԱՄԵՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է դատարանի որոշումն անտեսելու մտադրության մասին, եթե մամլո ասուլիսում նա հրապարակավ խոսում է հիգիենայի և պրոֆիլակտիկայի տարրական նորմերը խախտելու մասին, ապա ի՞նչ կարելի է սպասել հասարակ մահկանացուներից։ Եթե վարչապետը տեսնում է այդ խախտումները և ոչ մի միջոց չի ձեռնարկում, ապա դա մեզ իրավունք է տալիս խոսելու այն մասին, որ Փաշինյանը խրախուսում է օրենքների խախտումն իր մերձավոր շրջապատի անձանց կողմից, որոնց թվին են պատկանում դատավոր Գրիգորյանը և նախարար Թորոսյանը։

Վարչապետի մերձավոր շրջապատին է պատկանում նաև Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը, հենց այդ պատճառով էլ դատախազությունը չբողոքարկեց դատարանի որոշումը նրա նախկին խորհրդական Զավեն Գրիգորյանին գրավով ազատ արձակելու մասին, որին մեղադրանքներ էին ներկայացված փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու մեջ։ Ծեծի հետևանքով Մխիթարյանն ահա արդեն գրեթե 6 ամիս կոմայի մեջ է։ Կան վկաներ, որոնք հայտարարեցին, որ մարզպետը ներկա է եղել միջադեպին, սակայն Տրդատը Փաշինյանի մտերիմ ընկերներից մեկն է, այդ պատճառով էլ և՛ ինքը կարողացավ խուսափել պատասխանատվությունից (գլուխը պրծացրեց հրաժարականով), և՛ իր խորհրդականին ազատեց։ Փոխգնդապետի մտերիմների և հարազատների բողոքներն անտեսվեցին…

Ուշադրություն դարձրեք, պարոնայք ընթերցողներ, դատախազությունը չբողոքարկեց խափանման միջոցի փոփոխումը Գրիգորյանի նկատմամբ, որը դաժան ծեծի է ենթարկել սպային, բայց բողոքարկեց խափանման միջոցի փոփոխումը «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ, որը ոչ մեկին ֆիզիկական և բարոյական վնաս չի պատճառել։

Ասեմ ավելին. հայտարարված արտակարգ դրության պայմաններում քաղաքակիրթ երկրներում կալանքից ազատվում են ոչ ծանր հանցանքի մեջ մեղադրվողները։ Ավելին, ազատ են արձակվում ոչ միայն մեղադրյալները, այլև թեթև հանցանք գործելու համար դատապարտվածները։ Դա արվում է հատուկ հաստատություններում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Եվ միայն մեր երկրում են իրավապահ մարմինները գործում հակառակ այդ սկզբունքի՝ քաղաքական պատվեր կատարելու համար։

Այսպիսի տեսք ունի ընտրողական արդարադատությունը, այսինքն արդարադատությունը փաշինյանական ձևով։ Մենք ներկայացրեցինք օրինակների բնավ ոչ ամբողջական ցանկը, երբ օրինականությունը խախտվում է վարչապետի գիտությամբ ու համաձայնությամբ, բայց այս օրինակներն էլ բավական են՝ հասկանալու համար. Նիկոլը խրախուսո՛ւմ է օրինականության ցուցադրական խախտումները նրանց կողմից, ովքեր վայելում են իր հովանավորությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ