Politik.am-ը գրում է․ «Մինչ իշխանություններն արտակարգ դրության պատրվակով սահմանափակում են լրատվամիջոցների աշխատանքները՝ պատճառաբանելով, թե լրատվամիջոցները խուճապ են տարածում, Ազգային Ժողովի «ամենաանկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանը շարունակում է խուճապային տրամադրություններ տարածել։ Բաբաջանյանը մի քանի օր է՝ «պայքարում» է, որպեսզի փակվեն առևտրի կենտրոնները, որպեսզի մարդկային կուտակումներ չլինեն։
Պատգամավորի ամբողջ ինքնագովազդը լուսաբանվում է իր իսկ լրատվամիջոցի կողմից։ Պատգամավորն իբրև թե պայքարում է կորոնավիրուսի տարածման դեմ, բայց նրա ինքնագովազդի գործողություններին մասնակցում է 20-ից ավելի մարդ՝ առևտրականներ, լրագրողներ և օպերատորներ։
Հիշեցնենք, որ արտակարգ դրության հրամանագրով արգելվում է 20 և ավելի մարդկանց մասնակցությամբ հանրային միջոցառումներ անցկացնել։ Արգելվում է նաև կորոնավիրուսի մասին տեղեկություններ տարածել, որը կտարբերվի պաշտոնական տեղեկատվությունից։ Այս տեսանկյունից անհասկանալի են Արման Բաբաջանյանի գործողությունները։
Մեզ հետ կապ են հաստատել մի շարք առևտրականներ և պնդել, որ պատգամավորի գործողությունները խուճապ են տարածում իրենց շրջանում։ Առևտրականները փորձել են կապ հաստատել պարետատան հետ, սակայն դա նրանց չի հաջողվել, և այդ պահին նրանց համար անհասկանալի է, թե ում անունից է գործում Արման Բաբաջանյանը։
Երկրում տիրող համաճարակաբանական վիճակի և հարակից հարցերի վերաբերյալ փորձեցինք կապ հաստատել պարետատան մամուլի հետ կապերի պատասխանատու Մանե Գևորգյանի հետ՝ պարզելու՝ ու՞մ հրահանգով է պատգամավորը նման գործունեություն իրականցնում, և արդյո՞ք Արման Բաբաջանյանի գործողությունները համաձայնեցված են պարետատան հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Փորձեցինք Մանե Գևորգյանի հետ կապ հաստատել ֆեյսբուքով, սակայն այս կերպ նրան հասցեագրված մեր հարցը ևս անպատասխան մնաց»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը