Panorama.am-ը գրում է. Մարտի 18-ին Politik.am կայքում հրապարակված «Քոչարյանը և Փաշինյանը հակապատկերներ են» հոդվածում ընդգծվում է այն իրողությունը, որ որպես առաջնորդներ նրանք հակադիր բևեռներում են։
Իրոք այդպես է, որովհետև մեկն ի ծնե առաջնորդ է, մյուսը՝ պոպուլիստ։ Որքան էլ ինչ-որ մեկը փորձի ուսուցանող ձեռնարկներով սերտել լիդերական հատկանիշներ, միևնույն է՝ բախտորոշ պահերին իրական էությունն է կառավարում նրան։ Օրինակ, եթե անձնապաշտ ես, երբեք չես կարողանա քո անձից վեր կանգնելով առաջնորդվել ընդհանուրի շահով, եթե անգամ ամեն օր ու ժամ խոսես ժողովրդին ծառայելու մասին։ Ստանձնել պատասխանատվություն և չփախչել դրանից՝ ահա իսկական առաջնորդի էությունը։
Երկրում այս պահին հայտարարված արտակարգ դրության պայմաններում պատասխանատվություն հասկացությունը կոնկրետանում է յուրաքանչյուրի համար։ Եվ դա վերաբերում է բոլորին՝ սկսած վարչապետից, ումից հասարակությունն ակնկալում է լրջագույն կենտրոնացում պետական աշխատանքում, այլ ոչ թե ստատեգիական պաշարների թվային հրապարակումներ կամ ընտանեկան ժամանցի տեսարաններ։ Իմիջայլոց, փիփերթա-եղնջային ընտանեկան ընթրիքում հնչած ակնարկները հիշեցրին 1992 կամ 1993 թ․ հենց այս սեզոնին Լևոն Տեր-Պետրոսյանի կոչը ժողովրդին ՝ «գարուն կգա՝ բանջար կուտեք»։ Մեր տառապանքները փորձ ունեն, այնպես որ մի հեգնեք տարեց մարդկանց պահեստային գնումներ անելու համար․․․ իհարկե՝ խելամտության սահմաններում։
Ի դեպ, եթե ոմանց վրդովվեցնում է այս օրերին իշխանությունների հասցեին արվող քննադատությունները, թող փորձեն մի փոքր այլ դիտանկյունից նայել իրականությանը․օրինակ թող պատկերացնեն, որ իրենց զավակը կամ հայրն է իշխանական քմհաճույքով ազատությունից ապօրինաբար զրկված, ինչպես հիմա Ռոբերտ Քոչարյանը։
Որոշ երկրներում անգամ դատապարտված անձանց են ազատում՝ կորոնովիրուսի տարածումից խուսափելով, իսկ մեզ մոտ նրա խափանման միջոցը փոխելու նիստն են անորոշ ժամանակով հետաձգում։ Այնպես որ, քաղբանտարկյալ պահող իշխանությունը քննադատությունից բողոքելու իրավունք չունի ոչ մի պարագայում։ Իսկ առաջնորդ լինելը ոչ միայն սեփական կամքը թելադրելու հնարավորություն է, այլև ճիշտ պահին ճիշտ արարքը կատարելու համարձակություն։
Մեր նորագույն պատմության ընթացքում այդպիսի դեպքեր տեսել ենք։ Արդյոք 1992-ի օգոստոսին հե՞շտ էր եղել Ռոբերտ Քոչարյանի համար Ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածում ստանձնել Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի պարտականությունները։ Հանձն է առնում այդ դժվարին գործը և հաջողությամբ իրագործում, որովհետև ինչպես գրում է իր «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գրքում․ « Հայտնվել էի մի վիճակում, որտեղ ընտրություն չկա, հատկապես երբ հասկանում ես՝ եթե ոչ դու, ապա ուրիշ ոչ ոք դա չի անի: Չէ՞ որ հարցն այսպես էր դրված. կորցնում կամ չես կորցնում հայրենիքդ ամենաուղղակի իմաստով: Իմ ներգրավվածությունը Ղարաբաղի համար պայքարում այնքան մեծ էր, որ այն ժամանակ համարյա չէի զգում իմ ճակատագրի ու հայրենիքի ճակատագրի սահմանագիծը: Ես մեկն էի նրանցից, ովքեր ժողովրդին ոգեշնչել էին ազատության համար պայքարի, և հաղթանակն այդ պայքարում իմ ամբողջ կյանքի գործն էր դարձել:» (Կյանք և ազատություն» գլուխ 9)։
Կամ արդյոք հե՞շտ էր ընտանիքի հոր համար կայացնել որոշում, ըստ որի 1991-ին մայրը, կինը և մանկահասակ երեք երեխաները պետք է մնան իր կողքին՝ հրետակոծվող Ստեփանակերտում, որովհետև «․․․․ ես կարծում էի, որ ընտանիքների տարհանումը կխախտի ղարաբաղցիների հավատը հաջողության հանդեպ. եթե ղեկավարները երեխաներին ու հարազատներին դուրս են բերում, ուրեմն հենց իրենք կասկածում են հաղթանակին: Ճգնաժամային իրավիճակներում, մանավանդ պատերազմի ժամանակ, մարդկանց վստահությունը չափազանց կարևոր է, ու մենք չէինք ցանկանում այն կորցնել: Բացի դրանից՝ չկա մինչև վերջին շունչը կռվելու ավելի ուժեղ ազդակ, քան զգացումը, որ զենքը ձեռքիդ պաշտպանում ես ընտանիքդ։» («Կյանք և ազատություն» ,գլուխ 8)։
Ներկա իշխանավորներից քանի՞սը կգնային 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կատարած ահաբեկիչների հետ անձամբ վարելու բանակցություններ, քանի որ՝ «․․․Տեսնելով, որ ահաբեկիչներին զինաթափելու ուղղությամբ որևէ համակարգված գործողություն չի կատարվում, տեղի ունեցողի մասին հավաստի տեղեկատվություն չի ստացվում, որոշեցի, որ պետք է գնալ այնտեղ, տեղում պարզել ամեն ինչ և գործել ըստ իրավիճակի։ ․․․ Իրավիճակը կրիտիկական էր, բազմաթիվ պատգամավորների կյանքը՝ վտանգի տակ, ու պետք էր շտապ ինչ-որ բան անել»: («Կյանք և ազատություն», գլուխ 13)։
Գաղտնիք չէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռոբերտ Քոչարյանի անձնական բարեկամության փաստը։ Նման կարգի ընկերությունը ձևավորում է տարիների ընթացքում, և անպայմանորեն խարսխված է լինում փոխադարձ հարգանքի և վստահության վրա․ «Ես գնահատեցի այդ վստահությունը և երկար տարիների ընթացքում ոչ մի անգամ քննարկվող ոչ մի թեմայում ինձ թույլ չէի տալիս աղավաղումներ կամ անճշտություններ, իսկ մեր դիրքորոշումը միշտ բացատրում էի հստակ, առանց գեղեցկացնելու, առանց որևէ գունավորման: Կարծում եմ՝ այն տարիներին ինձ ու Պուտինին հաջողվեց կառուցել շատ վստահելի գործընկերային հարաբերություններ, ինչը հազվադեպ է պատահում միջպետական գործերում: ( «Կյանք և ազատություն», գլուխ 19)։
Կարող ենք երկար շարունակել, բայց ամփոփենք նրանով, որ Ռոբերտ Քոչարյանին իսկական առաջնորդ են դարձնում պատասխանատվության բարձր զգացումը, ուրիշների վրա սխալները չբարդելու, ընդունած որոշումները թեկուզ 10 տարի անց հիմնավորելու և հակառակորդի աչքերին համարձակ նայելու նրա բնածին հատկությունները։ Կորոնավիրուսային այս անկանխատեսելի իրավիճակում գործող իշխանությունը կարող է քաղաքական կամք դրսևորել, և եթե ոչ կարճել հերոս գեներալների դեմ հարուցված Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման այս շինծու գործ, ապա գոնե փոխել Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։ Մինչդեռ, ըստ փաստաբանական խմբի՝ իրենց որևէ տեղեկություն չի տրամադրվում ոչ նիստի օրվա, և ոչ էլ դատավորի առողջության մասին։ Հատկապես արտակարգ դրության պայմաններում մարդկանց նկատմամբ արված անօրինությունները չեն ներվում։ Անկեղծ ասած, հասարակության ճնշող մասը հիմա շատ ավելի հանգիստ կլիներ, եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ կորոնավիրուսսից երկիրը հանող ղեկավարը։
Լիա Իվանյան, հրապարակախոս
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը