16 03 2020

Ամենամեծ ռիսկը կապված է արտադրամասում գրանցված դեպքերի հետ․ Փաշինյան

Ամենամեծ ռիսկը կապված է արտադրամասում գրանցված դեպքերի հետ․ Փաշինյան

ԱԺ հատուկ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս պահին ունենք կորոնավիրուսով վարակվածության 30 դեպք, որից 19-ը առնչվում են Էջմիածնում տեղի ունեցած հայտնի նշանադրության արարողության հետ, եւս 3 հոգի առնչվում են առաջին ախտորոշված դեպքի հետ: 

Վարչապետն ասաց՝ ամենամտահոգող դեպքն այսօրվա դրությամբ երեկ ախտորոշված դեպքերն են, որոնք արձանագրվել են Երեւանի արտադրական ձեռնարկություններից մեկում. «Այդ արտադրական ձեռնարկության ախտորոշված ներկայացուցիչների հետ շփման շրջանակը պարզման փուլում է եւ այդ մարդիկ կմեկուսացվեն։Լավ նորությունն այն է, որ առաջին պացիենտը բուժվել է եւ գտնվում է իրենց տանը: Կորոնավիրուսի հետ կապված միջազգային վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն վտանգավոր է առանձնապես 70 եւ բարձր տարիքի անձանց համար: Մահվան դեպքերը այդ խմբին է բաժին ընկնում: Այս պահին 60-ից բարձր 3 պացիենտ ունենք, նրանցից միայն մեկն է թոքաբորբ տանում: Այս պահի դրությամբ իրավիճակը կարելի է համարել կառավարելի:Ամենամեծ ռիսկը, ըստ էության, կապված է արտադրամասի հետ, որտեղ մեծ թվով մարդիկ են աշխատում: Մենք կարողացել ենք գծանշել շփման շրջանակը, բայց այս դեպքերում երբեք չես կարող 100 տոկոսով վստահ լինել»,-ասաց նա:

Մենք մի քանի օր ուսումնասիրում ենք արտակարգ իրավիճակներում բնակչությանն օգնություն ցույց տալու ՀՀ օրենքը եւ մեզ համար ակնհայտ էր, որ այդ օրենքը բացարձակապես չի նախատեսել համաճարակային իրավիճակները: Այնտեղ  նախատեսված է արտաքին ազդեցության պարագան, երբ ասենք տեղի է ունեցել բնական աղետ եւ պետք է մարդկանց կյանքը կազմակերպել այդ իրավիճակում եւ պաշտպանել մարդկանց:

Երբ վտանգը բխում է մեկ այլ մարդուց, այդ դեպքերը կանոնակարգված չեն: Վերջին 20 օրվա ընթացքում ականատես ենք լինում դեպքերի, երբ մեր հայրենակիցները միշտ չէ, որ հետեւում են կառավարության առաջարկած վարքագծային կանոններին: Շատ դեպքերում իրադարձությունները կարող են զարգանալ այնպես, որ պետք լինի հարկադրանքի միջոցներ ձեռնարկել: Իսկ այդպիսի միջոցները, որոնք ենթադրվում է, որ կարող են տեղի ունենալ քաղաքացիների իրավունքների որոշակի սահմանափակումով, ՀՀ Սահմանադրությամբ հնարավոր է կիրառել միայն հանրային առողջությունը պահպանելու պարագայում, դա էլ հնարավոր է միայն արտակարգ դրության պայմաններում: Իսկ արտակարգ դրություն հնարավոր է, երբ կա սահմանադրական կարգի նկատմամբ կա անմիջական սպառնալիք»,-ասաց նա:

Վարչապետը հավելեց, որ տվյալ դեպքում անմիջական սպառնալիք է համարվել այն, որ սպառնալիքի տակ է հայտնվում սոցիալական պետության հայեցակարգը, երբ ՀՀ քաղաքացիներն ունեն առողջության պահպանման իրավունք եւ այդ իրավունքը, ըստ էության, կարող է հայտնվել բացարձակապես անպաշտպան իրավիճակում: Պետությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել այդ իրավունքը ապահովելու համար:

Անդրադառնալով Արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմանը, վարչապետը նշեց, որ այն նախատեսում է ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձը եւ ցամաքային, եւ օդային ճանապարհով. «Օտարերկրյա քաղաքացիները կարող են ՀՀ մուտք գործել, բացառություն կկազմեն այն երկրները, որոնք ըստ առողջապահության նախարարի որոշման կհամարվեն համաճարակավտանգ, եւ այն քաղաքացիները, որոնք վերջին 14 օրում գտնվել են այդպիսի երկրներում: Այս խմբի մարդկանց մուտքը Հայաստան կարգելվի: ՀՀ քաղաքացիների ելքը Հայաստանի ցամաքային երկու ճանապարհներով կարգելվի: Օդային ճանապարհով ՀՀ քաղաքացիների ելքը չի արգելվի, օտարերկրացիների ելքը ցամաքային ճանապարհով կարգելվի, օդային ճանապարհով չի արգելվի: ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող մարդկանց մուտքը Հայաստան կապահովենք, ելքը նույնպես կապահովվի: Ցամաքային ճանապարհով Հայաստանը կարող են լքել այն ՀՀ քաղաքացիները, որոնք բեռնափոխադրում են իրականացնում»:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ Հայաստանում պարենի բավարար պաշարներ կան, որ եթե անգամ արտահանման հետ կապված խնդիրներ առաջանան, ինչը այս պահին չկա, Հայաստանում առաջիկա մեկ ամսվա ընթացքում պարենային դեֆիցիտ չի առաջանա: Պարետը լիազորություն ունի որոշ ապրանքատեսակների արտահանումն արգելելու:

«Ամենախիստ սահմանափակումները վերաբերում են տեղեկատվության սահմանափակմանը: Խոսքը բացառապես կորոնավիրուսի հետ կապված տեղեկատվության մասին է, մնացած որեւէ այլ սահմանափակում, որեւէ քննադատություն, մեղադրանք, որեւէ սահմանափակում սահմանված չեն:

Նաեւ հանրային հավաքների սահմանափակում է մտցվել: Այն հավաքները, որոնք կարող են 20 մարդուց ավելի մասնակցություն ապահովել, դրանք նույնպես սահմանափակվել են: Խոսքը հարսանիքների, խնջույքների մասին է, պարետն ունի լազորություն որոշակի տարևածքներում սահմանել նման միջոցառումների արգելք:

Ինչ վերաբերում է թաղումներին, մենք ասում ենք, որ կարող են լինել տարածքներ, որտեղ համաճարակային իրավիճակից ելնելով կխնդրենք մեր հայրենակիցներին, որպեսզի մասնակցությունը 20 մարդուց ավելի չլինի»,-ընդգծեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ