Գերմանական մի լավ ֆիլմ կա՝ «Էքսպերիմենտ»։ Սյուժեն հետևյալն է․ մի գիտափորձի շրջանակներում, հայտարարությամբ հավաքված 20 կամավորներից 12 «դառնում են» բանտարկյալ, 8-ը՝ բանտապահ։ Ընդամենը երկու օրից իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից՝ ամենաթողությունից գլուխները կորցրած «բանտապահների» պատճառով, որոնք «բանտարկյալների» նկատմամբ դրսևորում են երկու մահվան հանգեցնող դաժան ծաղրուծանակ ու նվաստացումներ։ Ծանր ֆիլմ է։
Երբեմն ԱԺ նիստերը նայելիս այդ ֆիլմն եմ հիշում։ Պատճառը իրականության զգացողությունը կորցրած երիտասարդ պատգամավորների ամբարտավան պահվածքն ու ամենագետ-հեգնական տոնն է։
Շատ տխուր է, քանի որ սա գիտափորձ չէ, այլ իրական կյանք մի փոքր պետությունում, որտեղ կողք-կողքի դեռ երկար ապրելու են այսօրվա իշխանավորն ու ընդդիմադիրը։ Երբեք չես իմանա, թե տարիներ անց ինչ անակնկալներ կարող է մատուցել կյանքը՝ այսօրվա հակառակորդ- բարեկամի տեղերը 180 աստիճանով փոխելով։ Կենսափորձով տարեցներին լսել չեն ուզում՝ իրենց գործն է, բայց գոնե աստվածաշնչյան ճշմարտություններն անտեսել հաստատ պետք չէ․ օրինակ՝ «մի վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես չես ցանկանա, որ քեզ հետ վարվեն»։
Եթե, իհարկե, ժամանակավոր պաշտոններ զբաղեցնող երիտասարդները տեսնում են իրենց ապագան այս երկրում, այլ ոչ թե մտադիր են ինչ-որ մի պահի լքել Հայաստանը։ Նման տպավորություն են թողնում պետության ու պետականության համար խիստ կարևորություն ունեցող հարցերը հեշտ ու հանգիստ նեղկուսակցական խնդիրներին ստորադասելու պատրաստակամությունը։
Թարմ ու ընդգրկուն օրինակ է Սահմանադրության մի հոդվածի փոփոխման ապրիլյան հանրաքվեն։ Ո՞ւմ է պետք բարձր պրոֆեսիոնալիզմով դատավորներից ազատվելու այս 3 միլիարդանոց շոուն ։ Ում ասես, բայց ոչ երբեք Հայաստան պետությանը։ Մեծագույն խեղկատակություն է՝ դատական բարեփոխումների անվան տակ հեռացնել անկախ ու անկաշառ դատավորներին։ Ըստ քաղաքում տարածված վահանակների՝ «այո» պետք է ասել հեղափոխությանը։ Մի կողմ դնելով հանրաքվեի դրված հարցի հետ վահանակի բովանդակության բացարձակ կապ չունենալը, հարց է ծագում՝ այդ ո՞ր հեղափոխությանը համար է պետք տեղամաս գնալ․․․ Որը ժողովրդին խոստացած կախարդական փայտիկը մի բուռ մարդկա՞նց է ծառայեցրել; որը պետական կառույցները լցրե՞լ է սորոսական կադրերով; որը ԼԳՏԲ ֆորումնե՞ր է անցկացնում Հայաստանում; որը հետին պլան է մղում ու նսեմացնո՞ւմ է ազգային արժեքները, և այլն, և այլն։ Կգտնվի՞ Հայաստանում այս ձեռագրով ու ծրագրով հեղափոխությանը սատարող 650 000 բնակիչ։ Դժվար է ասել, քանի որ վերջին երկու տարին ցույց տվեցին, որ երիտկառավարիչների նման ժողովրդի մեջ էլ բավականին շատ են սեփական պուճուրիկ շահը առաջնային համարողները։
Իսկ քարոզարշավը զուգադիպում է գարնանային գյուղատնտեսական աշխատանքներին, որոնք առանց այդ էլ թերի են համապատասխան նախարարության փակումից հետո։ Կորոնավիրուսն է աշխարհը սարսափի մեջ պահում, իսկ մեզ մոտ հանրությանը տրվող ինֆորմացիան ոչ մի հավատ չի ներշնչում։
Մարտի 6-ին դիվերսիոն ներթափանցման փորձ է կանխվել ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում։ Վերջին շրջանում պարբերաբար Տավուշի սահմանամերձ գյուղերն են գնդակոծվում։ Գրավով ազատ է արձակվում կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու գործով մեղադրյալը։ Փակված գիշերօթիկներից ընտանիք ուղարկված երեխաներն են հայտնվում բարդ խնդիրների առաջ։ 5-ամյա երջանիկ աղջնակն է վախից կորցնում խոսելու ունակությունը՝ տուն ներխուժած զինված ոստիկանների վայրագության պատճառով․․․․ Ո՞ր մեկն ասես։ Հրատապ լուծում պահանջող բազմաթիվ հարցերն անդադար աշխատանք են պահանջում, բայց գործող իշխանավորների դիլետանտիզմի պատճառով իրար գլխի կուտակվելով՝ պայթուցիկ խառնուրդ են դառնում։ Իսկ իշխանությունները բուկլետ ու մանուշակ են բաժանում՝ կքած պահի ազդեցությամբ հանրաքվե անցկացնելու որոշման տակ։
Դեռ ինչքա՞ն կարելի է աշխարհում կատարվող ամեն ինչն ընկալել անձնական ու կուսակցական նեղլիկ դիտանկյունից։ Պետություն կառավարելը խաղ չէ, ամեն սխալը մի քանի տարով հետ է շպրտում այդ հսկայական մեխանիզմը։ Իսկ այս ամենը ֆիլմ չէ, գիտափորձ չէ․ սա մեր երկիրն է, և ցանկացած անլուրջ վերաբերմունքը դատապարտելի է։
Լիա Իվանյան, հրապարակախոս
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը