Կարեն Ճշմարիտյանը գրում է․
«Ի՞նչ ասել է «քաղաքական...»
Երկու հազար տարուց ավելի է մարդկության փիլիսոփայական և պատմական միտքը գտնվում է հասարակական հարաբերությունների կարգավորման լավագույն ձևի փնտրտուքի մեջ: Մարդկության պատմության ընթացքում բազմաթիվ ու բազմապիսի հասարակարգեր են փոփոխվել:Պետություններում հասարակական հարաբերությունների կարգավորման նույնքան և ավելի շատ կառուցակարգեր են սահմանվել ու կիրառվել: Անտիկ աշխարհի փիլիսոփաներից մինչև ժամանակակից քաղաքագիտական մտքի հանրահայտ ներկայացուցիչները անթիվ անհամար բարձրարժեք աշխատություններ են հրապարակել:
Անցյալ դարի 80-ականներից սկսեցին համոզել, որ պոստմոդեռնիզմի դարաշրջանում հասարակական հարաբերությունները կարգավորող համակարգերն ու միջոցները կորցրել են իրենց որոշակիությունն ու հստակությունը, և քաղաքականությունը հարկադրական շփման ձևը թելադրողից վերածվել է անձի ընտրության ազատությունն ապահովող միջոցի: Ավելի հակիրճ եթե ձևակերպենք, ասել է թե` վերջնական արդյունքում քաղաքական պատասխանատվությունից անցում է կատարվել կատարյալ անպատասխանատվությանը:
Մասամբ հնարավոր է այդպես էր` հատկապես աշխարհում լայն տարածում ստացած քաղաքական ամբոխավարության գերակայության պայմաններում: Սակայն ևս մի կարճ ժամանակահատված, և քաղաքական ամբոխավարությունը կարծես կրկին ավարտում է պատմական ու քաղաքակրթական զարգացման կարճատև հատվածի իրեն հատկացված ողջամիտ ժամանակաշրջանը, և բնականորեն իր տեղն է զիջում ռացիոնալ, ստեղծագործ, կայուն և երկարատև շրջանին:
Սա ևս մեկ անգամ հաստատում է հնագույն այն բնորոշումը, ըստ որի քաղաքականությունը մարդկային հարաբերությունների կարգավորման մի ոլորտ է, որը պատասխանատու է սոցիալական կարգի պահպանման և հասարակական հարաբերությունների կառավարման համար: «Պատասխանատու է...», այն չի կարող լինել անպատասխանատու` սա է առանցքային բովանդակային ծանրաբեռնվածությունը: Վերջինս էլ հիմնավորվում է նրանով, որ շատ ավելի ընդհանրական ձևակերպմամբ` քաղաքականությունը` նպատակի, և դրան հասնելու միջոցների և մեթոդների ամբողջությունն է: Իսկ նպատակի գոյությունը, և դրա սահմանումը ինքնին ենթադրում է պատասխանատվության ահռելի չափաբաժին: Պարզապես հիշենք վերը նշվածը և սահմանափակվենք այսքանով: Նաև` մի կողմ թողնենք արդյունավետ քաղաքական համակարգի բնութագրման հարցը, մանավանդ որ այն խիստ գիտական ու մասնագիտական է, և դրա մասին այս փուլում ոչ մասնագետ արտահայտվողների և լուծումներ առաջարկողների պակաս կարծես թե չկա:
Նույն համատեքստում ուշադրության արժանի է այս ամբողջի մեկ այլ շատ կարևոր և բնորոշ տարր` «քաղաքական» կոչվող «խոսքի», կամ «հայտարարության» լայն կիրառում ստացած մշակույթը և «քաղաքական» կոչվող որոշումների ընդունման նույնպես լայն կիրառում ստացած գործելակերպը: Պոստմոդեռնիզմի գոյությանը զուգահեռ, երբ քաղաքականությունը հարկադրական շփման ձև թելադրողից վերածվել է անձի ընտրության ազատությունն ապահովող միջոցի, դրան ուղեկցող քաղաքական անպատասխանատվության բարդույթը ձևախեղել և ամբողջովին խճողել են «քաղաքական» բառի իմաստն ու բովանդակությունը, նրա ամենագխավոր առանցքի` պատասխանատվության տարրը: Բանն այն է, որ հանրության համար այդպես էլ մինչև վերջ չի հստակեցվել և չի պարզաբանվել ( համենայն դեպս` հանրային ընկալման համար մատչելի դարձել ) այն, թե` ի՞նչ ասել է «քաղաքական հայտարարություն», և ինչ ասել է` «քաղաքական որոշում»: Չի ընդգծվել այն սահմանը, կարմիր գիծը, պատնեշը, որտեղ ավարտվում է «քաղաքական» ասածը, և սկսվում է զուտ մասնագիտականը: Նաև` այն, թե` արդյո՞ք գոյություն ունի այդպիսի սահման, նշաձող, կամ պատնեշ: Չի պարզաբանվել, թե որքանով է արդյունավետ, գործուն, ընդունելի և հիմնավոր այն «քաղաքական հայտարարությունը», կամ «քաղաքական որոշումը», որը ամրապնդված չէ գիտական ու մասնագիտական անհերքելի փաստարկներով: Հավանաբար սա է պատճառը, որ առօրյա կյանքում ընդունելի և ընկալելի սովորություն է դարձել այն, որ բացառապես բոլոր հարցերը կարելի է քննարկել և դրանց վերաբերյալ հայտարարություններ անել բանականությունից հեռացած և զուտ հուզական ֆոնի վրա` առանց որևէ մասնագիտական հիմնավորման և առանց որևէ շոշափելի և հասկանալի անհերքելի փաստերի: Ավելին, արդեն երկրորդ արարով` կարելի է, և թույլատրված է իրողությունների վերաբերյալ հայտարարել ցանկացած բան, երբեմն` կատարյալ անհեթեթություն, նույնիսկ` հայհոյանքի, սպառնալիքի և անեծքի աստիճանի վիրավորական խոսք, և... Եվ չկրել ոչ մի պատասխանատվություն ( քաղաքական, բարոյական, կամ իրավական ) միայն այն հիմնավորմամբ, որ դա եղել է «քաղաքական հայտարարություն»: Բանը հասել է նրան, որ ցանկացած շարքային քաղաքացի իրեն թույլ է տալիս հանրային հարթակներում տարածել տարաբնույթ սուտ, կեղծիք, բանսարկություն, զրպարտանք, և իր համար, որպես իրավական ( բարոյականի մասին նշելն այս պարագայում անիմաստ է ) պաշտպանության «վահան» ընտրում է «...այս պահին ես քաղաքական հայտարարություն եմ անում ...» անհասկանալի և զավեշտի հասնող արտահայտությունը: Իրականում պարզ տրամաբանությունը ենթադրում է, որ ցանկացած «քաղաքական հայտարարություն» պետք է լինի ամենալուրջ, ամենահավասարակշռված, ամենագրագետ, ամենաբանական և մասնագիտորեն ( ինչու ոչ` նաև գիտականորեն ) հիմնավորված խոսքը: Այն պետք է լինի անհերքելի և ընդհանրացնող, և քննություն բռնի բոլոր առումներով: Հակառակ պարագայում, լավագույն դեպքում` այն վերածվում է պարզապես կարծիքի, առօրյայում` անհետևանք և անբովանդակ խոսքի, իսկ վատագույն դեպքում` խաբեբայության, ձեռնածության ( մանիպուլյացիայի ), կամ որ առավել վտանգավոր է` բռնության կոչի: Նույնը, իսկ մի գուցե առավել` նշվածը վերաբերվում է «քաղաքական որոշում» ասածին: Վերջինս եթե հստակ և մասնագիտորեն հիմնավորված չէ, ապա առաջին հայացքից վերածվում է կամայական, այսրոպեական խնդիրների լուծմանն ուղղված գործողության` իր մշուշոտ և անկանխատեսելի հետևանքներով ( հանրության առնվազն ոչ այնքան իրազեկ լայն հատվածի համար ):
Օրինակ` ինչպե՞ս կընկալվի այն, որ` մի գործիչ «քաղաքական հայտարարություն» տարածի ոչ թե հասարակական հարաբերությունները կարգավորող որևէ ոլորտի ( իրավական, տնտեսական, սոցիալական և այլն ), այլ ասենք` քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության, կամ բնական այլ գիտություններին վերաբերվող հարցերում: Ավելին` «քաղաքական որոշում» ընդունվի ասենք` երկրի ձգողականության հետ կապված, և այն հայտարարվի այլևս գոյություն չունեցող իրողություն:
Զավեշտ է՞... Անխտիր բոլորը կասեն` բնականաբար այո: Իսկ կարո՞ղ ենք վստահաբար պնդել, որ տնտեսագիտությունն ու իրավագիտությունը այն գիտություններն են և այն մասնագիտական ոլորտներն են, որոնց դեպքում կարելի է, և թույլատրված է առհամարել դրանց հիմունքները, պոստուլատները, օրենքներն ու օրինաչափությունները: Այս ամենն ընդհանրացնելով տրամաբանական հարց է ծագում: Իսկ որտե՞ղ է այն սահմանը, կարմիր գիծը, պատնեշը, որտեղ ավարտվում է «քաղաքական» ասածը, և սկսվում է զուտ մասնագիտականը: Դժվար է գտնել այդ սահմանը, որովհետև այն պարզապես չկա, և այն չի կարող լինել մի պարզ պատճառով:
Բանն այն է, որ «քաղաքական...» -ը , որքան էլ այն ձևախեղվի, որակազրկվի և իմաստազրկվի միևնույնն է, դա ` այն ընդհանրացնողն է, այն ուրվագծողն է, որը ծնվում է բացառապես մասնագիտական եզրահանգումներից և գիտական հիմնավորումներից: Եվ որքան էլ փորձենք դրա շուրջը պտտվել ու խուսաբել, միևնույնն է` քաղաքական նպատակների իրականացման արդյունքները պետք է նյութականանան: Իսկ նյութականացումը հնարավոր է, եթե «քաղաքական...» ասածի մտահղացումից մինչև նրա վերջնական արդյունքին հասնելը ուղեկցվում է, և միահյուսված է մասնագիտականի, իսկ ժամանակակից աշխարհում` բացառապես գիտականի հետ: Այնպես որ, հարգելի հայրենակիցներ` լսե'ք գիտնականներին, լսե'ք մասնագետներին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը