«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը գրում է․
«Համաշխարհային պատմության մեջ տեղ գտած բոլոր ոճրագործությունները, ցեղասպանությունները, պատերազմները, մարդայինության դեմ հանցագործությունները հիմնականում կատարվել են բարձր ժողովրդականություն ունեցող առաջնորդների հրահագով՝ հանուն ժողովրդի և ժողովրդի անունից: Այդ դաժան դիկտատորները, բռնակալները, միապետերը, զինվորականները և քրմապետերն իրենց նույնացրել են ժողովրդի հետ, ինքնահռչակվել ժողովրդի հայր, Աստծո ներկայացուցիչը երկրի վրա:
Ժամանակակից ժողովրդավարությունը քիչ առնչություն ունի անմիջական ժողովրդավարության հետ, քանի որ հիմնված է ներկայացուցչական ժողովրդավարության, ինստիտուցիոնալ համակարգի, սկզբունքների, արժեքների և իդեալների, զսպումների և հակակշիռների, իրավունքի գերակայության և օրենքի առջև բոլորի հավասարության, մարդու և քաղաքացու հիմնարար ազատությունների և իրավունքների վրա, որոնք սահմանափակված են պարտականությունների և պատասխանատվության համարժեք չափաբաժնով:
Իրական ժողովրդավարություններում ժողովուրդը ձևավորում է իշխանություն, և գնում իր առօրյա կյանքով ապրելու, իսկ այդ իշխանությունը ֆիքսված ժամկետում հանձն է առնում իրականացնել իր նախընտրական խոստումները՝ հաջորդ ընտրություններում կրկին վստահություն հայցելու համար: Ժամանակակից ժողովրդավարություններում մարդիկ ենթարկվում են ինստիտուտներին և համակարգերին, այլ ոչ թե դրանք հարմարեցնում իրենց ճաշակին և քմահաճույքներին:
«Նոր Հայաստանի» իշխանական երիտասարդների պատկերացումները ժողովրդավարության մասին մնացել են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբների ժամանակներում, երբ «ժողովրդի» անունից կարելի էր վերացնել մի ամբողջ ռասսա, էթնոս, ձևավորել անձի պաշտամունք և համազգային երկրպագման ծեսեր հորինել՝ «Ժողովրդի հոր» կերպարը շարքային մահկանացուների մտքում և հոգում վառ պահելու համար:
Սա խիստ վտանգավոր երևույթ է և Հայաստանի ժողովուրդը պետք է իր կոշտ դիրքորոշումն արտահայտի և խիստ գնահատական տա իշխանությունների անպատասխանատու վարքագծին՝ մերժելով արհեստական հանրաքվեն, ասելով. տվել ենք իշխանություն, գնա աշխատի, հաղթահարիր ներքին վախերդ ու բարդույթներդ, գտիր քո մեջ համարձակություն և իրագործիր որոշումներդ՝ առանց տեղի ու անտեղի «ժողովրդի» վրա հղում անելու»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը