Past.am-ը գրում է․
«Ի վերջո, ո՞ւմն է լինելու պատասխանատվությունը
Իշխանության երկու ճյուղերը ՝ օրենսդիրն ու գործադիրը, փետրվարի 6-ին որոշեցին գնալ ամենածայրահեղ քայլին՝ մեկ հոդվածի համար սահմանադրական փոփոխությունների՝ իրավաբանների գնահատմամբ՝ շրջանցելով դրա համար նախատեսված կարևոր ընթացակարգերը, իսկ հիմքում դնելով ընդամենը անցումային դրույթ, որը մասնագետներից շատերն արդեն որակել են որպես աբսուրդ։
Սոցցանցերում մարդիկ ուշադրություն էին հրավիրում այն բանի վրա, որ ըստ էության, որոշ պատգամավորներ ենթագիտակցորեն նույնիսկ ընդունել են, որ իրենց քայլը՝ հանրաքվեի գնալու վերաբերյալ, մեղմ ասած, չի տեղավորվում օրինականության սահմաններում, և հղում են արել Սահմանադրությանը, թե իրենք անձեռնմխելի են։
Տարբեր փորձագետներ՝ թե՛ քաղաքագետներ, թե՛ իրավաբաններ, պարբերաբար շեշտում են, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը այս մեկուկես տարվա ընթացքում կատարել է քայլեր, որոնք նույնիսկ գնահատվել են որպես սահմանադրական կարգի տապալման փորձեր, ինչը հետագայում կարող է հանգեցնել իրավական պատասխանատվության։
Ցավալիորեն այդ գործողություններում ընդգրկվածության շրջանակը, կամա թե ակամա, չափազանց մեծ է. խոսքը ոչ միայն բուն իշխանական թիմի մասին է, այլև դրանից դուրս բազմաթիվ մարդկանց՝ պաշտոնյաներ օրենսդիրում, գործադիրում, դատական համակարգում։
Կան տեղեկություններ, որ սա արդեն իսկ առաջացրել է որոշակի ներքին դժգոհություններ: Որոշ քաղաքագետներ երեկ կարծիք էին հայտնում, թե հիմա այս նոր քայլով, որով փորձ է արվում գնալ հանրաքվեի, իշխանություններն ավելի են մեծացնում պատասխանատվություն կրողների շրջանակը՝ միաժամանակ մեղքը բարդելով նաև բոլոր այն քաղաքացիների վրա, որոնք կգնան հանրաքվեին մասնակցելու ու կողմ կքվեարկեն։ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներն արդեն հայտարարել են, որ խնդիր կա նախագծում և առաջարկել են դիմել Վենետիկի հանձնաժողով՝ ապօրինությունից խուսափելու համար։
Սակայն նախկին գործողությունները թույլ են տալիս եզրակացնել, որ իշխանությունները պարզապես չտեսնելու են տալիս միջազգային ատյանների սուր արձագանքները՝ «ՀՀ բոլոր քաղաքացիները պահանջ են դրել մեր առջև» արհեստական ձևակերպմամբ:
Բայց մինչ Վենետիկի հանձնաժողովը, այս որոշումը ևս մեկ ճանապարհ ունի անցնելու՝ նախագահի ինստիտուտը. նախագահի ստորագրությունը դեռևս պարտադիր է։
Հանրաքվե կլինի միայն նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ԱԺ որոշումը ստորագրելուց հետո (մինչ թերթի տպագրությունը որոշումը կայացված չէր): Արմեն Սարգսյանին հաճախ են մեղադրում չեզոքության և իշխանությունների կողմից թույլ տրվող սխալների կամ անօրինականությունների վրա աչք փակելու, չմիջամտելու համար։
Բայց մինչ այս իրականացրած գործողություններից և ոչ մեկի պարագայում նա անմիջական պատասխանատվություն չի կրում, որովհետև չի խախտել օրենքը: Այսինքն, պատասխանատվությունը զուտ բարոյական դաշտում է եղել։
Սակայն կարծիքներ կան, որ նաև նրա լռությունն ու լոյալությունն են հանգեցրել նրան, որ արդեն եկել է կոնկրետ իրավական պատասխանատվության փուլը։
Պարզ է, որ պատասխանատվությունը երբեք հավաքական չի լինում. այն անհատական է՝ ովքեր գնացին այդ քայլին, ով ստորագրեց և այլն։ ԱԺ պատգամավորներից մեկը հայտարարում է՝ մենք ընդունում ենք նախագիծը, եթե կա խնդիր, թող դա որոշեն նախագահն ու ՍԴ-ն։ ՍԴ-ի կարծիքն ի սկզբանե շրջանցվել է։
Մնում է նախագահի կարծիքը։ Ուստի «գնդակը» նաև Արմեն Սարգսյանի պատասխանատվության դաշտում է։ Նախագահ Արմեն Սարգսյանը խելացի անձնավորություն է և հազիվ թե չի գիտակցում, որ ցանկացած իշխանություն ժամանակավոր է, հաշվի առնելով օրեցօր նվազող վարկանիշը՝ ներկաների դեպքում՝ առավել ևս:
Ինչպես ներկաներն են ուսումնասիրում նախորդ տարիները, այնպես էլ եկող ցանկացած իշխանություն փորձելու է արդեն այս իշխանությունների ժամանակաշրջանը «նայել» ու հազիվ թե շրջանցի այս թեման։
Իսկ հանրաքվեի որոշման տակ հենց իր՝ Արմեն Սարգսյանի ստորագրությունն է լինելու։ Տեսեք՝ 2008 թվականի դեպքերի համար բանտում այսօր նստած է երկրորդ նախագահը, որը ստորագրել է արտակարգ դրության հրամանը, և բնավ կարևոր չէ, թե ով էր շահառուն:
Նույն հաջողությամբ, հետագայում էլ հանրաքվեի մասով կարող է պատասխանատվությունն ընկնել հենց փաստաթուղթը ստորագրած անձի վրա։ Եվ ամենաարդար դատավորն անգամ ոչ թե ուսումնասիրելու է՝ որոշումը ստորագրելուց առաջ Նիկոլ Փաշինյանը եկե՞լ է նախագահական, ի՞նչ են խոսել, ի՞նչ ելույթներ են հնչել ԱԺ-ում, ով ում է վիրավորել կամ սպառնացել ԱԺ ամբիոնից, այլ կարևորվելու է վերջնական խոսքը՝ ով է ստորագրել։
ՍԴ դիմելու դեպքում նախագահը կստանար որակյալ մասնագիտական գնահատական, ընդ որում՝ օրինական գնահատական, քանի որ այս փաստաթուղթը, ինչպես նաև մեզ հետ զրույցում են նշել սահմանադրագետները, պարտավոր էր անցնել ՍԴ-ով։
Ավելին, դա թույլ կտար մի կողմից՝ խուսափել միջազգային կառույցների կոշտ արձագանքներից ու հավանական պատժամիջոցներից (առաջնայինը ցանկացած պարագայում երկրի շահն է, որովհետև տուժում են ոչ թե իշխանությունները կամ ընդդիմությունը, այլ երկիրը), այլև ապահովագրվել իրավական ու բարոյական պատասխանատվության առումով»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը