Top-news.am-ը գրել է. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը, նրա կալանավորումն իրականում 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հետ որևէ կապ չունեն, հակառակ իշխանության ներկայացուցիչների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հայտարարությունների:
Այն դատավարությունը, որն ընթանում է կամ ավելի ճիշտ դոփում է տեղում, մի ամբողջ երկիր, հասարակություն տանում է փակուղի, թունավորում երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը: Այն, որ գործող իշխանությունները որևէ ցանկություն չունեն գտնել, բացահայտել մարտի 1-ի արյունահեղության հեղինակներին, այն, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործը կապ չունի մարտի մեկի հետ վկայում է նաև օրերս Մանվել Գրիգորյանի փաստաբանի հայտարարությունն այն մասին, որ իր պաշտպանյալը կալանավորման ամբողջ ընթացքում անգամ մեկ րոպե չի հարցաքննվել մարտի 1-ի ողբերգական դեպքերի կապակցությամբ:
Եթե իրադարձության առանցքային դերակատարներից մեկին՝ Մանվել Գրիգորյանին զլանում են հարցաքննել, ապա ավելի քան ակնրև է, որ այս գործը, այս դատավարությունը մարտի մեկի հետ որևէ կապ չունի:
Իսկ որ Մանվել Գրիգորյանը կարևոր վկա է մարտի 1-ի իրադարձություններում ապացուցում են նաև այդ ժամանակահատվածի վերաբերյալ Վիկիլիքսի հրապարակումները: Մի մեջբերում Վիկիլիքսի հրապարակումներից. «ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Փեննինգթոնը նշում է, որ անորոշ տեղեկություն ունեն, ըստ որի ԵԿՄ-ն աջակցելու է Տեր-Պետրոսյանին ընտրությունների ժամանակ և ընտրությունների օրը ու դրան հաջորդող ժամանակաշրջանում դառնալու է նրա հիմնական ուժը։ Նա նշում է, որ դեսպանատան աշխատակիցներից մեկը Լ. Տեր-Պետրոսյանի մտերիմներից մեկի հետ զրույցի ժամանակ իմացել է, որ Մանվել Գրիգորյանը աջակցում է Տեր-Պետրոսյանին և ՊՆ անձնակազմին հայտնել է, որ ԵԿՄ անդամները Հայաստանով մեկ հետևելու են քվեարկության գործընթացին»։
Այսպիսով ԱՄՆ դեսպանության աղբյուրը ոչ թե իշխանություններն են, այլ հենց ընդդիմադիր շտաբի ներկայացուցիչը: Ի դեպ, դեսպանությունը եզրակացնում է, որ ընդդիմադիր թեկնածուն մտադիր է փողոցային պայքար ծավալել, և որ այդ ժամանակ նրա հիմնական ուժը պետք է դառնար Մանվել Գրիգորյանի գլխավորած կառույցը: Չմոռանանք, որ այն ժամանակ Մանվել Գրիգորյանը ոչ միայն ԵԿՄ-ի նախագահն էր, այլ նաև պաշտպանության փոխնախարարը:
ևս մեկ մեջբերում Վիկիլիքսից պատկերն ավելի ամբողջական դարձնելու համար. «Քոչարյանը ամերիկյան կողմին նաև տեղեկացրել է, որ մի քանի օր առաջ ԵԿՄ-ի մասնակցությամբ տեղի են ունեցել վտանգավոր գոծընթացներ, երբ իրավիճակը քաղաքական կարգավիճակից կարող էր մտնել այլ՝ ռազմական կարգավիճակ՝ նկատի ունենալով հեղաշրջման փորձը»:
և այսքանից հետո Մանվել Գրիգորյանը չի հարցքննվում: Այս ամենից եզրակացություններ և եզրահանգումներ անելը բարդ չէ: Մարտի 1-ի ողբերգությունն ընդամենն առիթ էր Ռոբերտ Քոչարյանին ազատությունից զրկելու համար: Եղել է ռազմական հեղաշրջման իրական վտանգ, եղել է զինված ուժերը քաղաքականության մեջ ներքաշեու իրական փորձ, բայց Մանվել Գրիգորյանը կալանավորման ամբողջ ընթացքում մարտի մեկի գործով չի հարցաքննվել:
Չի հարցաքննվում մարտի մեկի գործով ամենաառանցքային վկաներից մեկը՝ Մանվել Գրիգորյանը: Փաստորեն ինչ-որ մեկի կամ ինչ-որ խմբի համար կենսական նշանակություն ունի այս թեմայով նրա լռությունը: Ի վերջո Մանվել Գրիգորյանին, որը եղել է պաշտպանության փոխնախարար, ԵԿ ղեկավար փորձել են ներքաշել պայքարի մեջ, և այս մասին վկայում են նաև ամերիկյան աղբյուրները, իսկ իրավապահ մարմինների մտքով, չգիտես ինչու, նրան հարցաքննելու տարբերակն այդպես էլ չի անցնում: Իսկ չէ որ նրանց պետք է հետաքրքրի, թե ովքեր են բանակցել Գրիգորյանի հետ և ինչ խնդիրներ են փորձել դնել նրա առաջ:
Այլ հարց է տուշոնկաների շոուով Գրիգորյանին հեղինակազրկելը, մարդկայնորեն ոչնչացնելը, մեկ այլ հարց՝ բուն թեմայով նրան լռեցնելը:
Ռոբերտ Քոչարյանի դեմ սարքված գործն ամբողջությամբ, ինչպես պնդում են իրավաբանները, ջուր է, բայց այդ գործը Հայաստանը տանում է փակուղի, խոչընդոտում երկրի առաջընթացին, խորացնում ատելության մթնոլորտը:
Փոխանակ հետևություններ անելով թերթեինք մարտի մեկի էջը, շարժվեինք առաջ, իշխանություններն ինչ-ինչ նպատակներ հետապնդելով մեզ տարան և պահեցին 2008թ. մարտի մեկի ողբերգական օրը և թույլ չեն տալիս այնտեղից դուրս գալ: Հետևանքները մեր աչքի առաջ են. Սպանություններ կամ ինքնասպանություններ, ատելություն, սպառնալիքներ, անեծքներ, հայհոյանքներ, բարոյալքում:
Շատ երկրներ են ողբերգական, արյունալի էջեր ունեցել, բայց լուրջ պետությունները, անգամ կիսանորմալ պետությունները քայլ են արել և շարժվել առաջ: Բաց և շահագրգիռ քննարկումներով փորձել և փորձում են թույլ չտալ ողբերգության կրկնությունները: Մենք գնացինք հակառակ ճանապարհով, ինչը ծանր հետևանքներ է թողնում հասարակության և երկրի վրա:
Մարտի մեկի զոհերի հարազատներին մարտի մեկի հետ որևէ կապ չունեցող դատավարության նիստերին դահլիճում նստեցնելն էլ ցինիզմի բարձրագույն դրսևորումներից մեկն է:
Փոխանակ բաց և անկեղծ, որակյալ և խորքային քննարկումներով հասկանայինք ողբերգության պատճառները և հետություններ անեինք, իշխանությունները որոշեցին այն մշտական շահարկման թեմա դարձնել և օգտագործել քաղաքական հակառակորդների դեմ:
Ռոբերտ Քոչարյանն ապօրինաբար զրկվել է ազատությունից, ընթացող դատավարությունը գնալով վերածվում է անհեթեթության խորհրդանիշի, բանակն ու նրա հրամկազմը հեղինակազրկվում են: և սա ընդամենը մեկ պատճառով՝ մարտի մեկը դարձել է շահարկման և սեփական խնդիրները լուծելու միջոց:
Գեղամ Նազարյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը