Արմեն Թավադյանին կալանավորել են Ռոբերտ Քոչարյանի ընկերը, ընտանիքի բարեկամը լինելու համա՞ր, թե՞ լրատվամիջոցների ճնշման ներքո պետք է դիտարկել գործը․ լրագրողների այս հարցին ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, պատասխանեց․ «Երկուսը միասին։ բայց կարծում եմ՝ ավելի շատ մամուլի հետ կապված է, որովհետև իշխանության արձագանքներից տեսնում ենք, որ կոնկրետ հեռուստաալիքներ, լրատվամիջոցներ են թիրախավորվում, փորձ է արվում մամուլը կաշկանդել»։ Լևոն Քոչարյանը մասնակցում էր ի աջակցություն Արմեն Թավադյանի՝ Վերաքննիչ դատարանի դիմաց ակցիային։
Հարցին՝ միտո՞ւմ է տեսնում, որ Արմեն Թավադյանի գործով մյուս ներգրավվածին, որը հենց օպերատիվ նկարահանման հերոսն էր, չեն կալանավորել, Լևոն Քոչարյանն ասաց․ «Եթե տեսանյութում կոնկրետ անձ է և ստորագրությամբ ազատության մեջ է, հարց է առաջանում, թե ինչո՞ւ է պարոն Թավադյանը կալանավորված։ Տեսանյութն ասվեց, որ սեպտեմբեր ամսվա է, տեսնում ենք, որ զենք կա դրված։ Ինչո՞ւ մի քանի ամիս սպասել նոր ինչ-որ գործողություններ անել, եթե զենք է դրված ու վտանգ է ներկայացնում։ Շատ բաներ կան, որոնց պատասխանը չունեմ»։
Հարցին, թե ինչ հույս է ներշնչում Արմեն Թավադյանի վերաբերյալ վերաքննիչ բողոքը, ազատ կարձակե՞ն նրան, Լևոն Քոչարյանն ասաց․ «Այս դատավորն ամեն անգամ մեզ հետ կապված գործերում կայացրել է այնպիսի որոշում, ինչպիսին սպասում էր իշխանությունը։ Ես ակնկալիք չունեմ։ Իր մասով վատ նախադեպ ունենք»։
Ինչ վերաբերում է Դիաննա Հարությունյան կեղծանունով ֆեյսբուքյան էջի բացահայտմանն ու նրան Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացնելուն, Լևոն Քոչարյանն ասաց․ «Զավեշտալի տեսանյութ էր, դեմքը փակված, ձայնը փոխված, անցել է ժամանակ, ու ոչ ոք աջակիցների շրջանունմ չի հասնկանում, թե ով կարող է լինել նա։ Ես պահանջում եմ օրենքի ամբողջ խստությամբ բացահայտել։ Հիմա ամեն մեկը կարող է մի հիմարություն անել, հետո ասել՝ ես աջակից եմ»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը