19 01 2020

Կուտոյանի մահը դարձել է վհուկների հերթական խրախճանքի առիթ․ Աշոտյան



ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանը հոգեհանգստին լրագրողների հետ ժամանակ չմեկնաբանեց մահվան հանգամանքները, վարկածները։ Նա նշեց, որ Կուտոյանը այն մարդը չէ, որի անունը պետք է օգտագործվի շաղախվի քաղաքական շահերի մեջ։

«Չեմ կարող ասել, որ մտերիմ ընկերներ ենք եղել, բայց մշտապես շփվել եմ Կուտոյանի հետ որպես բանիմաց, շատ պատրաստված և հայրենասեր երիտասարդ կադրի հետ։ Նա բացառիկ ազնության մարդ էր, որի խոսքը խոսք էր։ Կուտոյանը շահեկանորեն տարբերվում էր հատկապես իր վերջին պաշտոնում առանց որևէ հավելյալ շահարկման։

Մահը ցնցող էր, շոկային էր, զերծ կմնամ որևէ շահարկումներից։ Ցավում եմ, որ շահարկումներ կան հատկապես իշխանական քարոզիչների դաշտում, ցավոք սրտի, այս մահը դարձել է վհուկների հերթական խրախճանքի առիթ։

Մարդիկ, դիակը չսառած, հողին չհանձնված, արդեն սկսել են քաղաքական բնույթի կեղտոտ խաղերը։ Խիստ հիասթափված եմ նաև վարչապետի պահվածքից։ Կուտոյանի պահը կարող էր դառնալ պետականության վերարժևորման, միավորման առիթ։ Այն, ինչ տեսանք, բավականին տմարդի վերաբերմունք է։ Եվ անձնական ցավակցականի բացակայությունը դրա մասին է աղաղակում։ Այս վերաբերմունքը տմարդի է։ Սա շատ լուրջ ահազանգ է երկրում տիրող ատելության մթոլորտի, բարոյականության ճգնաժամի։

Չգիտեմ՝ էլ ինչ պետք է լինի, որպեսզի ղեկավարությունը հասկանա՝ սա ճանապարհ չէ, հասարակությունն այսպես բզիկ-բզիկ անել, լարեր տարբեր ճամբարներ իրար դեմ, այստեղից ես լավ հոտ չեմ առնում։ Զուտ մարդկայնորեն եմ հիասթափված Նիկոլ Փաշինյանի տմարդի վերաբերմունքից։ Չեմ մեկնաբանում որևէ վարկած։ Կուտոյանը այն մարդը չէ, որի անունը պետք է օգտագործվի շաղախվի քաղաքական շահերի մեջ»,- ասաց Աշոտյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ