«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Նիկոլն ասում է, թե հեռուստաընկերություններից երկուսի լոգոյի տեղը կարելի է գրել՝ «Կոռուպցիա գրուպը ներկայացնում է»։ Վարչապետը իրեն պատկանող «Հայկական ժամանակի» մասին թող նախ խոսի, նոր մյուս լրատվամիջոցների և նշի այդ «կոռումպացված» հեռուստաընկերությունների անունները, թե չէ շատ անլուրջ ու անպատասխանատու հայտարարությամբ Նիկոլը , այն էլ կառավարության նիստում, ազդակներ է ուղղարկում գովազդատուներին և հասարակության մի մասին, որ համապատասխանաբար գովազդ չտան և չհավատան հեռուստաընկերություններին ընդհանրապես, ինչն էլ կբերի իշխանության խոսափող մշտապես հանդիսացող «Հանրային հեռուստաընկերության» լսարանի մեծացմանը։ Այս հայտարարությունը պատահական չէ նաև «Հանրայինի» եթերով գովազդի ցուցադրումը թույլատրելու կոնտեքստում, ինչի շուրջ վերջերս ակտիվ քննարկումներ են ընթանում։
«Հեռուստաընկերությունների մասին օրենքի» փոփոխություններին զուգահեռ Նիկոլը այսօրինակ հայտարարություններով ճնշում է բանեցնում մամուլի և մամուլի ֆինանսավորման աղբյուրների՝ գովազդատուների նկատմամբ։ Սահմանափակելով իշխանության ոչ հաճո ԶԼՄ-ների գործունեությունը և դաշտը մոնոպոլիզացնելով՝ Նիկոլը նպատակ ունի սահմանափակել նաև ընդդիմության, հասարակական կազմակերպությունների և տարատեսակ խնդիրներով ամեն օր բողոքի ակցիաներ իրականացնող քաղաքացիների ձայնը՝ ստեղծելու տպավորություն, թե երկրում որևէ խնդիր չկա, կյանքը ուրախ է, ապրուստը՝ ձրի, ազգի «ոժդն» էլ քյաբաբ առ քյաբաբ բացահայտում է ու չի ուտում այդ քյաբաբները։
Նիկոլ ջան ՝ հերթական անգամ ձախողվելու ես՝ ազատ խոսքը ժամանակավորապես ճնշել կարող ես, վերացնել ՝ ոչ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը