12 01 2020

Թալանչիների գլուխգործոցները 1990-98թթ․ էին, այսօր նրանք խրախճանքի մեջ են․ կարծիք

Թալանչիների գլուխգործոցները 1990-98թթ․ էին, այսօր նրանք խրախճանքի մեջ են․ կարծիք

Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը գրում է․

«Երկար է ստացվել, բայց մի զլացեք և կարդացեք։

Ինչու ենք վիճում

( Զգուշացում`այս գրառումը կարդալը վնասակար է ֆեյքատերերի առողջությանը: )

Հայեր ջան, դե տեսեք, թե` թալանը, քանդելը, ավիրելն ու ստրկացնելն ինչպես է եղել, ինչից ենք փրկվել, հիմա ուր ենք գնում, և ի՞նչ ենք ուզում:

Ասում են` քանդել, ավիրել և թալանել են երկիրը, մարդկանց էլ ստրկացրել: Ասում են չէ՞... Այսինքն ուզում են ասել, որ մինչև 1998 թվականը ամեն ինչ շատ ավելի լավ էր, քան այժմ, այսինքն` 20 տարի հետ գնա՞նք...

Է, գնանք... ոչ մի խնդիր չկա:

Չէ՞ որ մի խումբ մարդիկ երկար տարիներ անընդհատ պնդում են, թե` իբր 1991-1998թթ.-ի հրաշք երկիրը, եդեմական դրախտավայրը շարունակ թալանել, քանդել ու ավիրել են, իրենց էլ` ստրկացրել:

Երկար ժամանակ թվում էր, թե ժողովուրդը սթափ է` կհիշի, չի հավատա, կառհամարի, կամ` առնվազն ինքն իրեն կհավատա և կհիշի`ինչպես էր ապրում 20-25 տարի առաջ, ինչպես էր ապրում, ասենք` 10-11 տարի առաջ, և հիմա...

Սակայն ինչպես տեսնում ենք` այնքան էլ այդպես չէ:

Բանը հասավ նրան, որ այդ մարդկանց միջից ինչ-որ մի խմբակ դրանում իրոք համոզեց ( իհարկե` ոչ ինքնուրույն ) ժողովրդի մի հատվածին, և նույնիսկ քաղաքական կարճատև առաջընթաց և հաջողություն ունեցավ, իսկ ովքեր որ երկիրն իրոք առաջ էին մղել` ժամանակավորապես հայտնվեցին բանտերում, կամ անլսելի և մերժելի դարձան:

Սա ամփոփ, իսկ հիմա` ըստ էության:

Նույնիսկ հիվանդ տրամաբանությամբ, մի քիչ էլ ցնորված, բայց առայժմ խելագարությամբ չտառապող և ուշաթափության մեջ չգտնվող ցանկացած բանական մարդ կարող է համոզված պնդել, որ եթե ասում են` ինչ-որ բան ինչ-որ պահից սկսել է քանդվել, ավիրվել և թալանվել, ապա նկատի ունեն այն, որ այդ պահից սկսած, իսկ այս դեպքում` 1998 թվականից սկսած անընդմեջ և անընդհատ քանդվելով, թալանվելով և ավիրվելով` տարեց տարի առավել վատթար վիճակի է հասել երկիրը, քան այն կար 1998 թվականին, իսկ ազատ քաղաքացիները` ստրկացվել են:Այսինքն` 1998 թվականին ամեն ինչ շատ ավելի լավ էր, մարդիկ էլ` ավելի ազատ ու երջանիկ էին, քան 2008 թվականին, կամ թեկուզ` 2018-ին:

Թե՞ դա էլ այդպես չէ...

Չէ՞ որ ի վերջո «Ժողովուրդ»-ն է որոշողը, և փաստորեն ժողովրդի մի հատված «ցանկացավ» վերադառնալ 1998 թվականի իրենց երկիրը` այն կառուցված և զարգացած երկիրը: Ինչպե՞ս կարելի է մերժել «ժողովրդին», թեկուզ նրա մի հատվածին:

Դե ի՞նչ, ուրեմն` «գնացինք... »:

1998 թվական

Նախ` թալանի, ավիրելու ու քանդելու մասով:

Որպեսզի գնանք ու հասնենք այդ «բաղձալի» տարիներին, որից հետո երկիրը, այսինքն` իրենց երազած Նորվեգիայի, Դանիայի, Սինգապուրի և Շվեյցարիայի մակարդակի հասած «եդեմական դրախտավայրը» սկսել է «թալանվել, ավիրվել և քանդվել», ապա`- պետք է շտապ կանգնեցվեն այդ ժամանակվա ( 1998 թվականի ) կիսատ պռատ, կամ ընդհանրապես չաշխատող, և դրանից հետո նոր հիմնադրված ու վերագործարկված, վերանորոգված ու ընդլայնված մի քանի հարյուր խոշոր և միջին արդյունաբերական ձեռնարկությունները, մի քանի տասնյակ հազար փոքր ձեռնարկությունները, այնուհետև` ապամոնտաժվեն դրանցում եղած բոլոր սարքավորումներն ու որպես մետաղի ջարդոն վաճառվեն Իրանին;- միջին ամսական անվանական աշխատավարձը 10-12 անգամ պետք է կրճատվի և դառնա մոտավորապես 17000 դրամ, դոլարի փոխարժեքն էլ` 524 դրամ;- երկրի տնտեսությունը պետք է կրճատվի շուրջ 8 անգամ` 6 տրիլիոն դրամից դառնա ընդամենը 800 մլրդ դրամ, իսկ պետբյուջեն պետք է 11 անգամ կրճատվի, և դառնա տարեկան ընդամենը 300 մլն դոլարին համարժեք դրամ;- պետք է քանդ ու քարափ արվեն Հայաստանի բացառապես բոլոր ճանապարհները, և բերվեն 1998-ի իրավիճակին, իսկ ավտոմեքենաները` լինեն միայն «Մոսկվիչ», «Ժիգուլի» և «Վոլգա», շատ հազվադեպ` հին-մին ջիփեր` այն էլ միայն ԼՏՊ-ի հանցագործ շրջապատում;- պետք է քանդվեն և 1998 թվականի իրավիճակին բերվեն Հայաստանում և հատկապես երկրաշարժի գոտում 1998 թվականից հետո կառուցված բոլոր շենքերն ու կառույցները, թունելներն ու ճանապարհները, բոլոր ենթակառուցվածքային շինությունները, այդ թվում` Իրան-Հայաստան գազատարն ու Իրանի և Վրաստանի հետ կառուցված բարձրավոլտ գծերը;- պետք է քանդվեն, վերացվեն Թումո կենտրոնը, Գյումրու, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնները, Դիլիջանի ուսումնական կենտրոնը, Երևանի, Ծաղկաձորի, Սևանի, Դիլիջանի, Ջերմուկի, Աղվերանի և Հայաստանի մնացած բոլոր քաղաքներում և մարզերում կառուցված տուրիստական ենթակառուցվածքները` ճոպանուղիները, հյուրանոցներն ու հյուրատները;- Հայաստանը պետք է չեղյալ համարի Մայքրոսոֆթի, Սինոփսիսի, Ինտելի, Լայքոսի, և մնացած աշխարհահռչակ ընկերությունների հետ կնքված փաստաթղթերը, իսկ նրանք պետք է հեռանան Հայաստանից` տանելով իրենց հետ իրենց ներդրած գումարներն ու քանդելով կառուցածը;- պետք է մնա միայն մեկ կապի օպերատոր` տխրահռչակ «Արմենտել»-ը, իսկ` «Յուքոմ», «Վիվասել», «Բիլայն»` բոլորը պետք է հեռանան, իսկ WIFI, ինտերնետ, թվային հեռուստատեսություն, բան` պիտի հավերժ մոռանանք;- Հայաստանից ինքնաթիռները պետք է թռչեն միայն Մոսկվա, հարավային Ռուսաստանի երկու քաղաքներ, Կիև, Աշգաբադ, Դուբայ և Ամստերդամ, ընդ որում հնացած ու մաշված «ՅԱԿ-40», «ՏՈւ-134», «ՏՈւ-154» և «Իլ-86» ինքնաթիռները ( չգիտեք չէ՞ դրանք ինչ ինքնաթիռներ են, բա՞... ), իսկ Զվարթնոց օդանավակայանի նոր շենքը պետք է քանդվի և մնա նախկին փլուզվող շենքը;- պետք է երեկոյան անջատվեն լույսերը Երևանի, Վանաձորի, Գյումրու, և մնացած բոլոր քաղաքների և գյուղերի բոլոր փողոցներում, վերացվեն ջերմամատակարարման համակարգերը, բնակչության ջրամատակարարումը պետք է դառնա գրաֆիկով` օրական 2-3 ժամ, նաև` պետք է ապամոնտաժվեն Հայաստանի բոլոր բնակավայրերի գազատար խողովակները և ապագազիֆիկացվեն բոլոր գյուղերն ու քաղաքները, պետք է փակվեն 1998 թվականից հետո կառուցված և բացված Հայաստանի բոլոր նոր բուհերը, դպրոցները, մանկապարտեզները, գյուղերի և քաղաքների մշակութային տները, ռեստորանները, սրճարանները, զվարճության և ժամանցի կենտրոնները, սպորտային ակումբներն ու լողավազանները;և ամենակարևորները`- Հայաստանը պետք է ազգային գաղափարախոսությունը համարի «կեղծ կատեգորիա», պիտի սկսվի Արցախը փուլային տարբերակով Ադրբեջանին հանձնելու գործընթացը, Հայաստանը պետք է հետ կանչի և չեղյալ համարի իր ստորագրությունները և անհապաղ դադարեցնի անդամակցությունը Եվրախորհրդում, Առևտրի համաշխարհային կազմակերպությունում, ԵԱՏՄ-ում, 1998 թվականից հետո անդամակցած բոլոր միջազգային կազմակերպություններում, նաև` ԵՄ-ն, ԱՄՆ-ի, ՌԴ-ն, Իրանի, ՀԱՊԿ-ի, ՆԱՏՈ -ի հետ ստորագրված բոլոր փաստաթղթերը, դադարեցնի բոլոր տեսակի հարաբերությունները, և ընդհանրապես` հետ կանչի բոլոր երկրների և միջազգային կազմակերպությունների հետ 1998 թվականից հետո կնքված բացառապես բոլոր համաձայնագրերում դրված ստորագրությունները;- պետական մակարդակով պետք է հրաժարվենք Հայոց Ցեղասպանության ճանաչումից, նաև` Ռուսաստանին վերադարձնենք հակաօդային պաշտպանության Ս-300 համակարգը, Իսկանդերները, Սկադները և մնացած այն բոլոր զինատեսակները, որոնք ապահովում են մեր անվտանգությունը:

Ներկայացվածը միայն շատ չնչին մասն է, 1%-ն էլ չէ, մնացածը` թողնենք ընթերցողի հիշողությանը:

Մնացածը` թող իրենք քանդեն, ավիրեն ու թալանեն... Արդեն սկսել են:Սա լավ էր չէ՞, ջահելներ ջան: Լավ է եղել չէ՞ 1998-ին` 20 տարի առաջ:

Հիմա շարունակենք...

Ստրկացման մասով`- պետք է շտապ վերականգնել Հայաստանի ամբողջ տարածքով մեկ զանգվածաբար մոլեգնող կազմակերպված հրոսակախմբերն ու հանցախմբերը;- շտապ վերադարձնել ԼՏՊ-ին ու Վանո Սիրադեղյանին, ազատ արձակել բոլոր մարդասպան ահաբեկիչ հանցախմբերին, նորից զինել, և թողնել, որ շարունակեն իրականացնել քաղաքական սպանություններ, ահաբեկչական գործողություններ ու կողոպուտներ, պատրաստեն այս անգամ արդեն ՊՊԾ գնդի վերջնական գրավումը;- անխտիր բոլոր սեփականատերերի, գործարարների տնտեսական, գույքային, բանկային և ֆինանսական ամբողջ կարողությունները շտապ խլել և հանձնել ԼՏՊ-ի հարազատներին, մտերիմներին, համախոհներին ու ընկերներին:

Սա էլ է չնչին մասը: Չիմանաք, թե միայն այսքանն է...Կարծես սա էլ է սկսվել:

Դե շարունակեք այսպես, և շատ շուտով վայելեք... 1998 թվականը:

Այս ամենով հանդերձ, մի քիչ ավելի գիտակիցները եթե այլ բան նկատի ունեն, թող ասեն, միայն թե չասեն`«... մենք հո չենք ասում, որ ոչ մի լավ բան չի արվել, իհարկե արվել է, բայց...», և նմանատիպ նախաբանով սկսվող բարբաջանք, ստոր բանսարկություններ, թալանի ու ավիրելու, լափելու մասին զազրելի հեքիաթներ, քանզի` քանդել, ավիրել, թալանել և ստրկացնելն այլ իմաստ հայերենում պարզապես չունի` քանդել, թալանել և ավիրել նշանակում է` քանդել, ավիրել և թալանել, ուրիշ ոչինչ...

Իսկ եթե սրանցից բացի մեկ այլ բան նկատի ունեն` թող բարձրաձայնեն, հակառակ դեպքում`

այդ խմբակը պիտի ծնկի իջնի, և աղիողորմ ձայնով, թախանձագին ներողություն խնդրի հայ ժողովրդից` երկար տարիներ ստելու, խաբելու, բամբասելու, մանիպուլացնելու, և դրանից բխող բոլոր մնացած ազգադավ և ստոր արարքների համար:Իսկ ժողովուրդը կների, թե` ոչ, իրեն ստորաբար խաբողներին, դա արդեն այլ հարց է:

Թալանչիներ, թերություններ ու սխալներ չե՞ն եղել:Իհարկե եղել են` և մի հինգ-տաս հոգի թալանչի հաստատ եղած կլինեն, բայց դա բոլոր երկրներում էլ եղել են, կան և կլինեն, և դրանց գլուխգործոցներն եղել են 1990-1998թթ-ին, իսկ այսօր այդ նույն մարդիկ խրախճանքի մեջ են` անվել են հին գործին: Իսկ մեծագույն «թերությունն» այն է, որ դատարկ «փիառ»-ով և խաբեությամբ 1998 թվականից սկսած չեն զբաղվել:Իսկ սխալվել են, որովհետև չեն պատժել երկիրն այդ վիճակին հասցնողներին, մտածել են` նոր ազատություն ստացած, անփորձ, անկախ պետություն է, մարդկանց դաժանորեն չպատժեն, վերջիվերջո դրանց մի մասը հայ են, մի գուցե խելքի կգան, կուղղվեն:Բայց փաստորեն` ապարդյուն:

Սա է իրականությունը, իսկ մնացածը` դատարկ խոսք ու զրույց»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ