Hraparak.am-ը գրում է․ «Ոստիկանությունը նախօրեին տեսանյութ հրապարակեց, որտեղ բացահայտում է, թե Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը փորձում է կաշառել Մարտի 1-ի գործով տուժողներից մեկին, որ նա ցուցմունքը փոխի։ Քոչարյանի շրջապատը եւ անձամբ նրա կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը, ոստիկանության տարածած այդ տեսանյութը համարեցին սադրանք ու շոու՝ նշելով, որ իրենք որեւէ մեկին չեն խնդրել կաշառել որեւէ տուժողի։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն անձամբ չի ճանաչում մարդուն, որը երեւում է տեսանյութում, բայց այն էժանագին բեմադրության տպավորություն է առաջացնում։
«Նաեւ այն պատճառով, որ ոստիկանության ցուցադրած պատմությունը փոքր-ինչ ծիծաղելի է՝ հաշվի առնելով, որ նյութը տարածում է պետության հիմնական իրավապահ ինստիտուտներից մեկը։ Այսինքն՝ ցույց են տալիս մարդու, որն առանձնապես ոչինչ չի ասում, երկրորդը՝ ցույց են տալիս մարդու, որը գլուխ է գովում, թե ինչ-որ զենք ունի էնտեղ դրված, հետո դրա հետ կապված որեւէ գործողություն, փաստորեն, տեղի չի ունենում, հետո պարզ չի՝ ինչու է աջակիցը փորձում, եթե փորձում է, իհարկե, քանզի նյութից դա չի բխում, ինչ-որ տուժածի համոզել, որ ինքն ինչ-որ ցուցմունք փոխի, այն դեպքում, երբ գործի բոլոր 80 հատորներում չկա որեւէ ցուցմունք, որը լինի Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Իսկ եթե ոչ թե սահմանադրական կարգի տապալման գործով է, այլ Մարտի 1-ի «մայր գործով» է, ապա ի՞նչ կապ ունի դա Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ ինչո՞ւ պետք է աջակիցն այդ ուղղությամբ գործողություններ կատարեր»,- ասաց Սողոմոնյանը՝ ցավ հայտնելով, որ սա ոչ թե օպերատիվ նյութ է հիշեցնում, այլ կոմիքս, որը ցուցադրում են վերաքննիչ դատարանի վճռի հրապարակումից մի քանի ժամ առաջ։
Իսկ վերաքննիչ դատարանը երեկ մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ Քոչարյանին թողնելով կալանքի տակ։ Ըստ Սողոմոնյանի՝ միակ անհեթեթ պատճառը, որով Քոչարյանին պահում են կալանքի տակ, այն է, թե, իբր, նա կարող է ինչ-որ վկաների վրա ազդել։ «Հիմա ինչ-որ մեկի «հանճարեղ» գաղափարով ստացվում է, որ նա բանտում է, իր աջակիցներն ավտոմատներով ազդում են վկաների վրա, բա որ ազատության մեջ լինի, ի՞նչ կլինի։ Սա ուղղակի ողբալի մտածելակերպ է, բայց ունենք այն, ինչ ունենք»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը։
- Այսինքն՝ Դուք հիմա հերքո՞ւմ եք, որ նման աջակից ունեք ձեր շարքերում։
- Ես էսպես ասեմ․ ես բոլոր աջակիցներին չեմ ճանաչում՝ ամբողջ իմ հարգանքով յուրաքանչյուր աջակցի հանդեպ, բայց ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ պետք է մեր որեւէ աջակից գնա, ինչ-որ մեկին համոզի, որ նա ինչ-որ ցուցմունք փոխի։ Հանուն ինչի՞։ Ուզում եմ հասկանալ։ Այսինքն՝ նույն հաջողությամբ կարող էր գնալ եւ որեւէ այլ քրեական գործով համոզեր եւ որեւէ բան պնդեր, եւ ասեին, որ, ահա, Քոչարյանի աջակիցներից մեկն այսպիսի բան է անում։ Տրամաբանական կապը ես, ճիշտն ասած, հասկանում եմ, բայց չեմ տեսնում։ Ես էստեղ տեսնում եմ մղում՝ ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի որեւէ աջակցին որպես մեկի, որն ավտոմատը թիկունքում դրած՝ փորձում է Մարտի 1-ի գործով ինչ-որ վկայի ինչ-որ ցուցմունք փոխել տա։
- Նախօրեին նաեւ տարածվեց Քոչարյանի ազատության համար կազմված այն հայտարարության տեքստը, որի տակ ստորագրել էին մշակույթի 60 գործիչներ։ Նախ՝ ո՞ւմ նախաձեռնությունն էր դա, ո՞վ էր կազմակերպել այդ ստորագրահավաքը։
- Կազմակերպիչները շատ էին, կազմակերպիչներից մեկն էլ ես եմ եղել, անձամբ մի քանի հոգու հետ ինքս խոսել եմ, նաեւ այդ խոսակցություններից հետո եւ մինչեւ այդ խոսակցությունները բազմաթիվ մարդիկ իրենք են ասել, որ պատրաստ են ինչ-որ մի գործողության դիմել, միայն թե այդ անարդարությունը հաղթահարվի։ Այսինքն՝ պատրաստ են քաղաքացիական դիրքորոշում հայտնել։
- Բայց այդ քաղաքացիական դիրքորոշումը հայտնած անձանցից մի քանիսը հիմա ասում են, որ չեն իմացել, թե ինչի տակ են ստորագրում, եւ հրաժարվում են ստորագրություններից։
- Կարծեմ՝ երեք, թե չորս հոգու մասին է խոսքը, ցավում եմ, որ նրանց հետ հավուր պատշաճի չեն խոսել, մյուս կողմից՝ ցավում եմ, որ իշխանությունները, ըստ ամենայնի, ճնշումներ են գործադրել, որ էդ մարդիկ իրենց տված խոստումներից հրաժարվեն։ Դուք պատկերացնում եք, չէ՞, որ եթե այդ գործելաոճը որդեգրված լիներ, ապա հիմա բոլոր 60-ն էլ հրաժարվել էին։ Մեզ համար կարեւորն այն է, որ այնքան է այս Մարտի 1-ի գործի, Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կալանքի հետ կապված տեղեկատվությունը հասու դարձել մարդկանց, այն աստիճան է դա դարձել հասարակական կյանքի բացասական գործոն, որ արդեն մարդիկ որոշել են դրա մասին արտահայտվել, ինչի համար շատ ուրախ եմ եւ ուզում եմ նախագահ Քոչարյանի անունից շնորհակալություն հայտնել նրանց անուն առ անուն։
- Ո՞րն է լինելու Ձեր հերթական քայլը, քանզի Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մնալ անազատության մեջ։
- Գիտեք, որ ձեւավորվել է նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբը, որը ստանձնելու է հիմնական դերակատարությունը՝ ազատության, արդարության համար պայքարելու, եւ դա արդեն հասարակական, նույնիսկ ինչ-որ իմաստով՝ քաղաքական միավոր է, որը պայքար է տանելու։ Աղվան Վարդանյանը հրապարակել է գործողությունների ծրագիրը, համենայնդեպս մեթոդները, գործիքները, որոնք կիրառվելու են։ Ամեն ձեւով աջակցելու ենք, ես կարծում եմ, որ սա նոր փուլ է պայքարի, երբ որ ոչ թե փորձում ենք ապացուցել, որ կեղծիք է տեղի ունեցել, դրա մասին արդեն, կարծում եմ՝ ամբողջ հանրությունը պատկերացում ունի, այլ փորձում ենք այդ կեղծիքը հայտարարել արդեն ոչ թե ուղղակի համախոհների թիմով, այլ նաեւ այն 60 հազար համախոհների անունից, որոնք ստորագրել են նախագահ Քոչարյանի ազատության համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը