ԱԺ «Իմ քայլը» խմբակցության Վարազդատ Կարապետյանը «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցերը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցերով արտահերթ նիստին նշեց, որ նախագծի տրամաբանությունն այն է, որ Կառավարությունը շրջանառում է վարչատարածքային բաժանման մասին նախագիծ, համայնքներում նախաձեռնող խմբերը հնարավորություն ունենան նախաձեռնել տեղական հանրաքվեներ՝ արդյունքները բերելով ԱԺ:
«Պետաիրավական հարցերի հանձնաժողովը հավանության է արժանացրել նախագիծը: Մենք հասկանում ենք, որ սա իդեալական տարբերակ չէ. ընդհանարապես տեղական հանրաքվեի ինստիտուտը Հայաստանում կայացած չէ, դրա համար մենք պետք է երկար աշխատենք համայնքներում ուղիղ ժողովրդավարության գործիքակազմը արդյունավետ ներդնելու ուղղությամբ»,- ասաց նա:
Վարազդատ Կարապետյանը տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում երկու փոփոխություն են առաջարկել: «Առաջինով բարդացնում ենք տեղական հանրաքվեի մեխանիզմը՝ սահմանելով 50 տոկոսանոց մասնակցության շեմ»,- ասաց նա:
Երկրորդ փոփոխությունն այն է, որ համայնքների ղեկավարներին հնարավորություն տան տեղերում անցկացնել բաց քննարկումներ և լսումներ և այդ արդյունքները նույնպես կցել վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագծին Ազգային ժողով բերելուց առաջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը