18 12 2019

Վատ աշխատանքի մեղավորները հենց կառավարության անդամներն են. Արսեն Բաբայան

Վատ աշխատանքի մեղավորները հենց կառավարության անդամներն են. Արսեն Բաբայան

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իշխանությունն էլ եմ ես, ընդդիմությունն էլ

Կառավարության նիստին վարչապետի հայտարարությունները պետական կառավարման համակարգի հասցեին դեռ թարմ է մեր հիշողության մեջ:Այդ պետական համակարգը, ըստ վարչապետի, դիմադրում է հեղափոխությանն ու կոռուպցիայի դեմ պայքարին: Որպես նախկին պետական ծառայող (ի դեպ դրա նախկինը չի լինում, միայն փաստացի կարգավիճակի տարբերությունն է) ինձ համար ծանր էր լսել այդպիսի քննադատություն: Ծանրն էր, քանի որ դա լսում էի ոչ թե որևէ ընդդիմադիր գործչից, որը կարող է քիչ բան հասկանալ պետական կառավարումից, այլ հենց պետական կառավարման ղեկավարից, Հայաստանի Հանրապետության վարչապետից: Ի դեպ, կառավարության անդամներին հատուկ ուզում եմ հիշեցնել Սահմանադրության 159-րդ հոդվածը, որի համաձայն՝ պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաև Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա այլ մարմիններ, որոնց կազմավորման կարգը և լիազորությունները սահմանվում են օրենքով: Հետևաբար ակնհայտ է, որ պետական կառավարման համակարգի (մարմինների) վատ աշխատանքի կամ որևէ բոյկոտի հիմնական մեղավորները հենց կառավարության անդամներն են: Նրանք կամ տեղում չեն, կամ էլ տեղում են, բայց տեղ չունեն:

Սկզբում կարծում էի, թե վարչապետն իսկապես չի պատկերացնում Սահմանադրության 159-րդ հոդվածի նշանակությունը, բայց հետո հասկացա, որ գործ ունենք այլ պատճառի հետ: Վարչապետը պարզապես չի հանդուրժում որևէ քննադատություն որևէ այլ անձից, ընդդիմության որևէ ներկայացուցչից: Վարչապետ Փաշինյանի համար անսովոր է, որ իրենից բացի կարող է լինել նաև ուրիշ ընդդիմություն: Նիկոլ Փաշինյանը երկար տարիներ գործելով որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ հրաշալի հասկանում է, որ ընդդիմությունը մշտապես ավելի ընկալելի է հանրության ականջներում, քան իշխանությունը, և դրա համար ամենևին էլ կապ չունի, թե ով է այդ իշխանության ղեկավարը: Վարչապետը գուցե կարոտում է իր ընդդիմադիր օրերը: Հանրությունը սիրում է լսել բողոք, քննադատություն, իսկ Փաշինյանն էլ հանրության աչքին կարողանում է միաժամանակ ներկայանալ թե իշխանություն և թե ընդդիմություն:

Ամեն դեպքում նա փորձում է այդպես ներկայանալ: Հանրությունն էլ դեռ ամբողջությամբ չի ընկալել այն իրողությունը, որ իշխանությունը հենց Նիկոլ Փաշինյանն է, որ նախկիններն այլևս որևէ կերպ մաս չեն կազմում իշխանությանը (որոշ դատախազաբանակային ու գանձապետահարկահավաքման բացառություններով): Այդպիսով, փաստորեն, վարչապետը փորձում է խաղից դուրս թողնել ընդդիմությանը:

Բայց մտածողները գիտեն, որ այդպես անհնար է երկար շարունակել: Ի վերջո հասարակությունը վարչապետից պահանջելու է իր պետական կառավարման համակարգին մեղադրելու և մեղքը պետական ծառայողների վրա բարդելու փոխարեն՝ աշխատել, լուծել խնդիրները, որոնց լուծման միակ լիազորված պաշտոնյան հենց ինքն է ու իր կաբինետի անդամները»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ