Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովը նախօրեին ընդունել է Սըր Ռոջեր Գեյլի զեկույցը, որն անդրադառնում է և մի շարք գնահատականներ տալիս 2019 թվականի հունվարից դեկտեմբեր ամիսներին մոնիտորինգի և պոստ-մոնիտորինգի տակ գտնվող երկրների առաջընթացին։
Ընդունված տեքստում նշվում է, որ ԵԽԽՎ ամբողջական մոնիտորինգի տակ են 10 երկիր՝ Ալբանիա, Հայաստան, Ադրբեջան, Բոսնիա և Հերցեգովինա, Վրաստան, Մոլդովա, Ռուսաստանի Դաշնություն, Սերբիա, Թուրքիա և Ուկրաինա, և ևս 3 պետություն գտնվում է պոստ-մոնիտորինգային գործընթացում՝ Բուլղարիա, Չեռնոգորիա և Հյուսիսային Մակեդոնիա:
Կոմիտեն ողջունում է դրական զարգացումներն ու այս ընթացքում արձանագրված առաջընթացը կամ մտահոգություն հայտնում մի շարք երկրներ բացթողումների համար, ինչպես նաև ներկայացնում առաջարկություններ շահագրգիռ երկրներին։
Հայաստանի հետ կապված զեկույցի նախագծում վեհաժողովը ողջունում է օրենսդիր մարմնի ընտրությունների կազմակերպումը` միջազգային չափանիշներին համապատասխան, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարին պարտավորությունն ու դատական համակարգի բարեփոխումը` դրա անկախության ամրապնդման նպատակով։
Ալբանիայի հետ կապված վեհաժողովը ողջունում է դատական և արդարադատության համակարգի բարեփոխումներին շարունակական նվիրվածությունը, հատկապես դատավորների և դատախազների վեթինգի միջոցով։ Ադրբեջանում ողջունվում է նախագահական համաներումն ու 400 բանտարկյալների ազատ արձակումը։
Վեհաժողովը մտահոգություն է հայտնում նաև թերությունների առումով
Այսպես, Հայաստանում վեհաժողովը մտահոգություն է հայտնում
• դատական համակարգի առջև ծառացած մարտահրավերները բոլոր կողմերից՝ դրա անկախության և անկողմնակալության ապահովման համար,
• հայ հասարակության մեջ անհանդուրժողականության և բացասական կարծրատիպերի շարունակական գերակայումը ԼԳՏԲԻ անձանց և այլ փոքրամասնությունների վերաբերյալ,
• որոշ խմբերի կողմից հասարակության մեջ դրված խոչընդոտները՝ Ստամբուլի կոնվենցիայի վավերացման համար։
Ադրբեջանում վեհաժողովը մտահոգված է քաղբանտարկյալների առկայությամբ, ընդդիմադիրների, լրագրողների, քաղհասարակության ներկայացուցիչների քրեական հետապնդումների առումով։ Վրաստանում մտահոգությունն այն է, որ խորհրդարանը չընդունեց 2020թ․-ից ամբողջովին համամասնական ընտրակարգին անցնելու սահմանադրական փոփոխությունը։ Թուրքիայում՝ ընդդիմության վիճակի վատթարացումն է, խոսքի ազատության և հավաքների ազատության հիմնարար իրավունքներին անհարկի սահմանափակումներ, իշխող իշխանության քննադատներին լռեցնելու համար հակաահաբեկչական օրենքների չարաշահումը, ԶԼՄ-ների միջավայրի շարունակական վատթարացումը։ Ուկրաինայում հետաքննող լրագրողների և հակակոռուպցիոն ակտիվիստների վրա հարձակումները, իշխանության չարաշահումը և այլն։
Հետևաբար, վերոնշյալից ելնելով, վեհաժողովը հորդորում է բոլոր այն երկրներին, որոնք գտնվում են մոնիտորինգի կամ հետմոնիտորինգային ընթացքի մեջ՝ ջանքեր ներդնել՝ իրենց անդամակցային բոլոր պարտավորությունների կատարման համար։
Ըստ այդմ, Հայաստանի իշխանությունները պետք է ամրապնդեն արդարադատության համակարգի բարեփոխումները` նպատակ ունենալով ամրապնդվել դրա անկախությունն ու արդյունավետությունը` զերծ մնալով ցանկացած գործողությունից, որը կարելի է ընկալել որպես ճնշման գործադրում կամ դատական համակարգի աշխատանքի խոչընդոտում, ինչպես նաև շարունակեն կանանց իրավունքների ամրապնդումը, այդ թվում նաև ԼԳԲՏԻ անձանց ու փոքրամասնությունների։
Նշենք, որ զեկույցը կքննարկվի ու կքվեարկցի ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը