28 11 2019

Դեսպանատներին ստիպե՞լ են գումար փոխանցել համահայկականին․ ԱԳՆ պարզաբանումը

Դեսպանատներին ստիպե՞լ են գումար փոխանցել համահայկականին․ ԱԳՆ պարզաբանումը

Նոյեմբերի 28-ին Politik.am-ը գրել էր․ ««Հայաստան» համահայկական հիմնադրամը դրամահավաք է իրականացնում։ Բանից պարզվում է` իշխանությունները լավ արդյունք ցույց տալու համար գործի են դրել իրենց ողջ հնարավորությունները։ Բանը հասել է նրան, որ ԱԳՆ-ն ուղիղ հրահանգով պահանջում է (առաջարկի անվան տակ), որպեսզի տարբեր երկրներում գործող ՀՀ դեսպանությունների բոլոր աշխատակիցները փոխանցումներ կատարեն հիմնադրամի հաշվեհամարին»։

Հարցի առնչությամբ տեղեկություններ ստանալու նպատակով Yerevan.Today-ը դիմեց արտաքին գործերի նախարարությանը։ Ի պատասխան՝ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը  հայտնեց․

«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, որպես մեկ միասնական կառույց, 2009 թվականից ի վեր մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից անցկացվող հեռուստամարաթոնին, և դրա մասին ամեն տարի տեղեկացվել են ԱԳՆ համակարգի բոլոր աշխատակիցները: Ուստի, այս տարի նույնպես հեռուստամարաթոնի անցկացման վերաբերյալ համապատասխան տեղեկացում ուղարկվել է ինչպես ԱԳՆ կենտրոնական ապարատի, այնպես էլ՝ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին։

ՀՀ ԱԳ աշխատակիցների մասնակցությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակությանը խստորեն կամավոր է: Մեր աշխատակիցներն անհատապես և հավաքական կերպով իրենց նպաստն են բերում համահայկական այդ կարևոր օրակարգի իրականացմանը: Համոզված ենք, որ այս գործելակերպը ոչ թե պետք է արժանանա հանդիմանանքի, այլ ծառայի որպես հայրենասիրության և հանձնառության լավ օրինակ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ