ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը թվիթերյան էջում հայտնել է, որ հաջորդ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քննարկման ու քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:
«Հաջորդ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատմական քվեարկություն է կատարելու՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Ամերիկան պետք է դեմ արտահայտվի մարդկության դեմ ուղղված հանցագործություններին, հատկապես, որ Թուրքիան սպառնում է Հյուսիսային Սիրիայում նոր էթնիկ բնաջնջման արշավով»,-նշել է նա:
Ամերիկայի հայկական համագումարը տեղեկացնում է, որ բանաձևի աջակիցների թիվն ավելանում է: «Ամերիկայի հայկական համագումարը բարձր է գնահատում ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները ջանքերը և ողջունում է H.Res.296 բանաձևը Ներկայացուցիչների պալատ բերելու որոշումը: Այս երկկուսակցական բանաձևը հաստատում է Հայոց ցեղասպանությունը և Ամերիկայի աննախադեպ մարդասիրական աջակցությունն՝ ուղղված 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից փրկվածներին»,- ասել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Տեղի ԶԼՄ-ները հավանական են համարում, որ հաջորդ շաբաթ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները կվավերացնեն բանաձևը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը