30 09 2019

Գժից մինչև «սրտի դատավոր»՝ մեկ «թավշյա» հեղափոխություն է․ 7or.am

Գժից մինչև «սրտի դատավոր»՝ մեկ «թավշյա» հեղափոխություն է․ 7or.am

7or.am-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը մասամբ ճիշտ էր, երբ ասում էր, որ դռների տակ վնգստացող դատավորներ կան։ Բայց նա անկեղծ չէր, երբ խոսում էր այդ մասին։

Նախկին իշխանության օրոք վնգստացող դատավորներ կային, բայց կային նաև պարկեշտ և օրինապաշտ դատավորներ։

Երբ Նիկոլը խոսում է վնգստացողների մասին, ուզում է տպավորություն ստեղծել, թե, իբր, ինքը դեմ է այդ ամենին, բայց նա անկեղծ չէ, քանզի իր քայլերը հակառակի մասին են խոսում։ Վարչապետը ոչ թե դեմ է վնգստալու «ինստիտուտին», այլ ուզում է դատական համակարգն ամբողջությամբ լցնել վնգստացողներով։ Ի՛ր դռան տակ վնգստացողներով։

Դատական համակարգը, բնականաբար, դիմադրում է։ Անկախ դատավորները «ոչ» են ասում տոտալիտար հակումներ դրսևորող մեր տնաբույծ ֆյուրերիկին։ Հենց դա էլ հունից հանում է քուն ու դադար չունեցող Նիկոլին։

Ուշագրավն այն է, որ ովքեր վնգստացել են նախկին իշխանությունների դռների տակ, հիմա նույնն են անում, բայց արդեն նիկոլենց համար։ Գործող իշխանություններին դա դուր է գալիս։

Արմեն Դանիելյան, Արտուշ Գաբրիելյան, Աննա Դանիբեկյան, Նելլի Բաղդասարյան, Վաչե Մարգարյան՝ գաղտնալսումից հայտնի «Հրաչը»։ Սրանք բոլորը կատարում էին նախկին իշխանությունների պատվերները։ Ճակատագրի հեգնանք այն է, որ նախկինում սրանք արժանանում էին նիկոլենց սուր քննադատությանը, իսկ հիմա դարձել են նրանց «սրտի դատավորները»։

Բերենք կոնկրետ օրինակ։ Դատավոր աշխատող Աննա Դանիբեկյանին հարցեր տալու պահը նկարահանած Սարգիս Օհանջանյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը բավարարած Նելլի Բաղդասարյանին Նիկոլ Փաշինյանի ներկայիս ջերմեռանդ պաշտպանները՝ տխրահռչակ փաստաբան Տիգրան Եգորյանի ու նրա կնոջ գլխավորությամբ, համարում էին ոչ ադեկվատ ու հոգեկան խնդիրներ ունեցող։

Տիգրան Եգորյանը և նրա կինը՝ ոչ պակաս տխրահռչակ փաստաբան Լուսինե Հակոբյանը, հայտնի պառկող Վարդգես Գասպարիին պաշտպանելիս 2016թ. ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացնում Նելլի Բաղդասարյանին։

Փաստաբան Լուսինեն այն օրերին կասկածներ էր հայտնում Նելիի Բաղդասարյանի հոգեկան առողջության վերաբերյալ՝ նշելով, որ նա հակասական, փոփոխական, անհավասարակշիռ, կոնֆլիկտային, նյարդային և հիստերիկ գնահատվող տարբեր դրսևորումներ ունեցող մարդ է։

Հիմա՝ «թավշյա» քայլերթից հետո, Նիկոլենք ու Եգորյանների կոնյունկտուրային ընտանիքը, բնականաբար, հիացած են Նելլիով ու նրան համարում են իրենց «սրտի դատավորը»՝ ուրախանալով երիտասարդի կալանքի որոշումով և մոռանալով, որ ժամանակին նույն այդ դատավորին գիժ էին համարում։

Ահա այս, իրենց իսկ բնորոշմամբ, գժերի ու վնգստացողների վրա պետք է հիմնված լինի Նիկոլ Փաշինյանի պատկերացրած դատական իշխանությունը։ Ասել է թե՝ վեթթինգը վերաբերում էր պարկեշտներին, օրինապահներին ու անկախներին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ