Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Համենայն դեպս մի հարցում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները մաքսիմալ մոտեցել են անկեղծ լինելուն։ Նրանք այլևս չեն թաքցնում, որ մերժում են թե՛ պետական ինստիտուտների գոյությունը, թե՛ պետության գաղափարն ինքնին։ Նախկինում, երբ ընդդիմադիր էին կամ այսպես կոչված «քաղհասարակության ներկայացուցիչ» (կարդա՛օտարերկրյա գործակալ), այդ փաստը քողարկվում էր պետական իշխանությունը քննադատելու անհրաժեշտությամբ։ Իբրև թե դա է ցանկացած ընդդիմադիր գործչի պարտականությունն ու գործը։ Բայց հիմա այդ «հիմքով» ծածկվելն այլևս անհնար է, մեծ հաշվով՝ նաև ոչ անհրաժեշտ։ Ումի՞ց թաքնվեն կամ թաքցնեն իրենց պետականակործան մտքերն ու գաղափարները։ Ինձնի՞ց։ Քեզնի՞ց, հարգելի ընթերցող։ Թե՞ ամեն օր այս խնդիրների մասին խոսացող բազմաթիվ այլ մարդկանցից, որ նախկին ու սև են հռչալվել։ Ախր թիրախը հենց մենք ենք՝ մարդիկ, ովքեր հասկանում են, որ Գյումրուց Երևան քայլածների նպատակը պետության ոչնչացումն է։
Հիմա նստած մտածում եմ՝ ինչու՞ ենք զարմանում, որ Հրայր Թովմասյանի սանիկներին ձերբակալում են։ Միթե՞ պարզ չէր, որ փաշինյանական պետականակործան թիմին ընդդիմացողների դեմ օրենքի դաշտում չեն պայքարելու։ Օրենքն ինքն է պետություն պահող կարևոր գործոն։ Ինչպե՞ս կարող են նրանք օրենքով պետություն քանդել։ Բացառված է։
Ընկերս՝ Արթուր Դանիելյանը, գրել է, որ «սանիկներից հետո գալու են ընտանիքի անդամներն ու երեխաները»։ Ճիշտ է ասում։ «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրենն էլ ասում է, որ ընտանիքը Հայաստանից դուրս է հանել, որովհետև գիտի, որ իրեն նույնպես պատրաստվում են ձերբակալել։ Հասկանու՞մ եք՝ ինչ է տեղի ունենում։ Մեր երկրի ներսում այսպիսի բարիկադներ երբեք չեն կառուցվել։ Այսպիսի խրամատներ երբեք չեն փորվել… Օր օրի մոտենում ենք աղետին ու մեծ ողբերգությանը։ Օր օրի իշխանական թիմի պետականակործան ծրագրերն ավելի իրական ու նպատակային են դառնում։
Եվ ուրեմն, ի՞նչ անել։ Նախ և առաջ ուղիղ նայել իրականության աչքերին։ Չխաբենք ինքներս մեզ։ Չմտածենք, թե առաջինը պատահականություն էր, երկրորդը՝ զուգադիպություն։ Ո՛չ։ Մշակված ծրագիր է։
Երկրորդ, սատար կանգնել բոլոր նրանց, ովքեր հայտնվել են Փաշինյանի ու նրա թիմակիցների թիրախում։ Առաջին հերթին, իհարկե, նրանց, ովքեր դեռ պահում են իրենց բաժին խրամատը, հետևաբար նաև՝ պետություն ունենալու բոլորիս շանսը։ Այո, սա դաժան և ծանր պայքար է։ Պատկերացնում եմ, թե հոգեբանական ինչ ապրումների մեջ է հիմա ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։ Բայց նաև գիտեմ, որ պինդ է։ Շատ պինդ։ Այնքան պինդ, որ Փաշինյանն ու իր կամակատարները անգամ չեն կարող պատկերացնել։
Երրորդ, սկսել միավորվել ազգային պետություն ունենալու գաղափարի շուրջ՝ հընթացս ոչնչացնելով ապազգային և պետականակործան ուղղվածություն ունեցող բոլոր շարժումներն ու ծրագրերը։ Տարատեսակ սորոսականներ, լևոնբարսեղյաններ, սաքունցներ, չգիտես, թե էլ ինչ զիբիլներ չեն կարող հանրային օրակարգ թելադրող գործոն լինել։ Հանրությանը մատուցելու նրանք ընդամենը մեկ ծառայություն ունեն՝ խրամատներ փորեն Ադրբեջանի հետ հայկական երկու պետությունների սահմանում։ Ուրիշ ոչինչ։
Չորրորդ, պատասխանատվություն ստանձնել Հայաստանի ապագայի համար։ Ամեն մեկս մեր տեղում ու բոլորս միասին։ «Ուռուցքը» պետք է հեռացվի: Պատիվ ունեմ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը