16 09 2019

«Ադեկվադը» ՀՔԾ-ից պահանջում է քրգործ հարուցել Օսիպյանի և գլխավոր դատախազի դեմ

«Ադեկվադը» ՀՔԾ-ից պահանջում է քրգործ հարուցել Օսիպյանի և գլխավոր դատախազի դեմ

«Ադեկվադ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Սույն թվականի սեպտեմբերի 2-ին «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն:

Հաղորդման մեջ խոսքը 2019 թվականի մայիսի 19-ին դատարանները շրջափակելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի մասին է: Նիկոլ Փաշինյանը, փաստացի կազմակերպելով հանրային հավաք, չէր ծանուցել այն բոլոր համայնքների ղեկավարներին, որտեղ կային դատարանների նստավայրեր: Այդ հարցով դիմել էինք ոստիկանապետ Վալերիյ Օսիպյաին, որպեսզի վերջինս դիմեր վարչական դատարան՝ բարձրացնելու Փաշինյանի վարչական պատասխանատվության հարցը։ Սակայն, Օսիպյանը հրաժարվել էր կատարել իր այդ պարտականությունը: Գլխավոր դատախազին հորդորել էինք հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) նախատեսված հանցակազմի առկայության փաստի առթիվ:

Սակայն, ցավոք սրտի, 2019 թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված պատասխան գրությամբ մեզ հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազությունը չի ընդունել հանցագործության մասին մեր հաղորդումը՝ պատճառաբանելով դա հանցագործության փաստի բացակայությամբ, թեպետ վերոհիշյալ փաստերը ներկայացված էին հաղորդման մեջ սևը սպիտակով, պարզ շարադրված հայերեն լեզվով:

Դատախազության սույն հանցավոր անգործության փաստի առթիվ 2019 թվականի սեպտեմբերի 13-ին մենք դիմել ենք ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ ոստիկանապետի նկատմամբ քրեական գործ հարուցելու խնդրանքով:

Մոտավորապես կանխագուշակելով ՀՔԾ ղեկավարության պատասխան նամակի բովանդակությունը՝ մենք ցանկանում ենք հանրության լայն շերտերին և մասնավորապես՝ իրավապահ համակարգում աշխատող մեր համաքաղաքացիներին տեղեկացնել, որ նմանօրինակ հանցավոր գործունեությունը չի վրիպելու մեր ուշադրությունից, և մենք հետևողականորեն պայքարելու ենք համակարգում հանցավոր դրսևորումների դեմ:

Մենք, մասնավորապես, որոշել ենք ՀՔԾ-ի կողմից քրեական գործ չհարուցելու դեպքում դիմել ՀՀ ԱԱԾ, որպեսզի այդ հիմնարկի պատասխանատու անձինք քրեական գործ հարուցեն ՀՀ ոստիկանապետի, ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ: Եթե ԱԱԾ-ն ևս գործի նույն ձեռագրով, ապա ստիպված ենք լինելու դիմել դատարան:

Կոչ ենք անում բոլոր պատասխանատու պաշտոնյաներին հիշել ՄԵ՜Ր վարչապետի կանխագուշակությունը՝ «ոչ մեկ չի պլստալու»:

Շնորհակալություն ուշադրության համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ