13 09 2019

Հորդորում եմ չչարաշահել մեր քաղաքակիրթ վարքագիծը․ Անի Սամսոնյանը՝ Արման Բաբաջանյանին

Հորդորում եմ չչարաշահել մեր քաղաքակիրթ վարքագիծը․ Անի Սամսոնյանը՝ Արման Բաբաջանյանին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարություններին, և դրանք ապատեղեկատվություն է որակել։

Նա, մասնավորապես, գրել է.

«Ապատեղեկատվություն համար 1

Մի երկու օր առաջ Ազատություն ռադիոկայանի եթերում «Լուսավոր Հայաստանի» համամասնական ցուցակի մանդատով անկախ պատգամավոր, մեր գործընկեր Արման Բաբաջանյանն ասել է, որ «Լուսավոր Հայաստանը» հրաժարվել է մասնակցել Սահմանադրական փոփոխությունների քննարկումներին, որի ջատագովն է միշտ եղել:

Հեռու եմ այն մտքից, որ այս ակնհայտ սխալ տեղեկությունը «Լուսավոր Հայաստանին» վարկաբեկելու միտում ունի:

Սահմանադրական փոփոխությունների մասին մենք խոսել ենք Կառավարության կառուցվածքի փոփոխության ժամանակ: Երբ իշխանությունը հրաժարվեց ուժային կառույցները դարձնել նախարարություններ, «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մեզ առաջարկեց քննարկել և գտնել այլ լուծում այդ կառույցները խորհրդարանական վերահսկողության դաշտ բերելու համար:

Սակայն մենք պնդեցինք, որ դրա համար կամ պետք է ընդունել մեր տարբերակը, կամ անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ: Այս հարցով որևէ քննարկում չեղավ:

Սահմանադրական փոփոխությունների քննարկումները մեկնարկում են հաջորդ տարի փետրվարից: Մինչև օրս որևէ ձևաչափով, որևէ օրակարգով, որևէ հարթակում սահմանադրական փոփոխությունների քննարկում չի եղել:

Եվ դա գիտեն բոլորը:

Ապատեղեկատվություն համար 2

Երեկ պարոն Բաբաջանյանը մեզ մեղադրեց իշխանության հետ խայտառակ պայմանավորվածության մեջ՝ կապված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հավասար ներկայացվածության հետ։

Պետք է նշեմ, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այդ նախագծի առաջին ընթերցումը գարնանն էր, երբ մենք կոշտ քննադատեցինք և ներկայացրինք առաջարկներ։ Պարոն Բաբաջանյանը Լուսավոր Հայաստան խմբակցության անդամ էր, գիտեր այդ մասին և երբևէ չի հայտնել որևէ մտահոգություն և նա գիտեր, որ մենք դեռևս գարնանը բանակցում էինք այս հարցի շուրջ նախագծի հեղինակի հետ։ Ամեն ինչ եղել է բաց, թափանցիկ, քաղաքական և համագործակցային։

Ավելին՝ երբ ես ամբիոնից ելույթներ էի ունենում խորհրդարանական ընդդդիմադիր խմբակցությունների հավասար ներկայացվածության մասին, Լուսավոր Հայաստանի համամասնական ցուցակի մանդատով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը լուռ լսում էր և միգուցե ողջունում է՞ր․․․

Հ․Գ Հորդորում եմ, խնդրում եմ չչարաշահել մեր քաղաքակիրթ և լիբերալ մոտեցումներն ու վարքագիծը։ Յուրաքանչյուր ապատեղեկատվություն համարակալվելու է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ