7or.am-ը գրում է.
Փաշինյանի սիրած զբաղմունքը` ուտելուց և «կենսական» այլ գործերից առա՞ջ, թե՞ հետո, չգիտեմ, խոսելն է։
Ինչ դարձել է վարչապետ, խոսում է, խոսում, խոսում ու չի կշտանում։ Այնքան շատ է խոսում, այնքան հաճախ` լեզվին զոռ տալու որևէ առիթ բաց չթողնելով, որ երևի ինքն էլ չի հիշում` ինչ է ասել նախորդ ու նախորդի նախորդ ելույթներում։
Խոսում է երկար և ներշնչանքով, շատ դեպքերում կրկնվում է, հանգերգի պես կրկնում «ուղենիշային» ֆրազները, որ ուզում է «մեխել» հանրային գիտակցության մեջ`դաջել դիմացինի ուղեղում, սրտում և հիշողության մեջ։ Կողքից նայելիս կամ լսելիս կարելի է կարծել, թե հավատում է իր ասածներին։
Դրանցից մեկը «համազգային նոր կարգախոսն» է, որ բարձրաձայնեց շաբաթ օրը Ծաղկաձորում «Քայլ դեպի տուն» ուսումնամարզական ծրագրի փակման արարողության ժամանակ`Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է. «Մենք խոսում ենք տան մասին, որն ունի տանիք, պատեր, ժամանակակից ընկալմամբ` ունի նաև ցանկապատ։ Մենք որոշեցինք, որ նոր Հայաստանում ընդհանրապես անհատի կյանքից պետք է վերացնենք պատերը, և անհատի հնարավորությունները բոլոր ուղղություններով պետք է լինեն անսահմանափակ»։
Փաշինյանը գեղեցիկ խոսքեր ասաց «ազգային ավանդույթների և արժեքների» մասին. «Այո՜, Հայաստանն օջախ է, որովհետև Հայաստանը մեր, ձեր, բոլորիս ինքնության կենտրոնն է, և այդ օջախի շուրջ պիտի կառուցվի ողջ հայ ժողովրդի կյանքը», «Մենք իրար հետ վճռական ենք` կառուցելու նոր երկիր մեր հին օջախի շուրջ։ Այդ օջախը լինելու է հայկական օջախ, այդ օջախը կերտվելու է նորովի», «Հայաստանի Հանրապետությունն ամեն տարվա հետ պետք է լինի ավելի հզոր, ավելի իրավական, ավելի ազատ, ավելի ժողովրդավարական պետություն»։
Եվ դրա համար «մեր կառավարությունը, մենք առաջարկում ենք, որ այդ ավանդույթից վերցնենք ամենակարևորը, ամենաառանցքայինը, ամենագենետիկը` մեր օջախը, և այդ օջախի շուրջ կերտենք բոլորովին նոր իրականություն, որտեղ չկան շղթաներ, որտեղ չկան պատեր, որտեղ չկա բռնություն, որտեղ չկա սահմանափակում»,- հայտարարեց նա։
Ցավոք, չհստակեցրեց` «պատերը վերացնել» ասելով հատկապես ի՞նչ նկատի ունի։ Քանդե՞լ պատերը, թե՞ հակառակը` նոր ջրբաժաններ գծել, բաժանել մարդկանց մերոնց ու ձերոնց, սևերի և սպիտակների՞։ Այնպես, ինչպես սեր և համերաշխություն քարոզելով` վերցրեց իշխանությունը և տեղնուտեղը վհուկների որս սկսեց, ստեղծեց թշնամու կերպար` ի դեմս «նախկինների», և հասարակությունը դարձրեց ներքին առճակատման պատանդ։
Չասաց`երբ հանրապետության երկրորդ նախագահին մատից ծծած մեղադրանքով «փակելու» քաղաքական որոշում էր կայացնում, ազատ արձակվելուց հետո ապօրինաբար սահմանափակում նրա ազատ տեղաշարժի հնարավորությունը`չունենալով դրա իրավասությունը, իր սրտի դատավոր Պողոսի, կներեք` Դանիելյանի միջոցով երրորդ անգամ կալանավորելու սանկցիա տալիս, դա ի՞նչ էր։ Այդպե՞ս է կյանքի կոչում «անհատին բոլոր ուղղություններով անսահանափակ հնարավորություններ տալու», «ամեն տարվա հետ ավելի հզոր, ավելի իրավական, ավելի ազատ, ավելի ժողովրդավարական պետություն» կառուցելու իր տեսլականը։
Նաև չմանրամասնեց` ի՞նչ հասկանալ «հայկական օջախը» նորովի կառուցելու տակ. որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու հարցն այլևս դո՞ւրս է գալիս «ազգային» օրակարգից, թե՞ հակառակը` ներգրվում է «այլևս ոչ մի սահմանափակում» առաձգական ձևակերպման մեջ։
«Ես ձեզ, մեզ, բոլորիս տեսնում եմ որպես այդ ազատ և երջանիկ Հայաստանի քաղաքացի։ Եվ ուրեմն, մենք բոլորս ազատ և երջանիկ Հայաստանի քաղաքացիներ ենք՝ անկախ նրանից` ապրում ենք Հայաստանում, թե ոչ», «մենք ապրել ենք, ապրում ենք և պիտի ապրենք Հայաստանով։ Շնորհակալ եմ ձեզ, որ ապրում եք Հայաստանով»,- հայտարարեց նա։
Եվ դարձյալ շրջանցեց` ընտանիքի հայրը, ինչպիսին ինքն է, իր պատկերացմամբ՝ ո՞նց կարող է ընդգծված խտրական վերաբերմունք դրսևորել «յուրայինների» նկատմամբ, մեկին «երես տալ, նստեցնել գլխին», մյուսին հետապնդել և դարձնել քավության նոխազ։
Ի վերջո, այդ «բոլորի» մեջ իր ասած «մենք»-ից` իրենից, իր լաքեյներից, կողմնակիցներից ու զոմբիներից բացի՝ էլի ինչ-որ մեկը մտնո՞ւմ է։
Նրանք, ում երազում է բոմժ սարքել` կուլակաթափ անել, այնպես որ, բացի «պեռաշկի ուտելուց», այլ բանի ո՛չ հավես ունենան, ո՛չ հնարավորություն և մտքի ծայրով անգամ չանցկացնեն «լրատվամիջոցներ ունենալ և լրագրողներ պահել», իր ստատուսները դիսլայք անողները, դրանց տակ տհաճ մեկնաբանություններ գրողները, մի խոսքով` ընդդիմախոսները երջանիկ լինելու, Հայաստանում և Հայաստանով ապրելու իրավունք ունե՞ն, թե՞ ոչ...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը