«Ադեկվադ» միաբանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Օրերս ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց շուրջ 34 միլիոն դրամ տրամադրել երկու հասարակական կազմակերպությունների, որոնք այդ դրամաշնորհը պետք է օգտագործեն Արցախի Հանրապետությունում տեղի ունենալիք ընտրությունների վերահսկողությունը կազմակերպելու համար: Վերոհիշյալ ՀԿ-ները հանդիսանում են Հայաստանում գործող և տարիներ շարունակ պետության և հասարակության հիմքերը քայքայող օտարերկրյա գործակալական ցանցի մասնիկներ:
Արձանագրում ենք նաև որ այդ ՀԿ-ներին ֆինանսապես սնուցող օտարերկրյա հաստատությունները ոչ միայն հրաժարվում են ճանաչել Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը, այլ նաև շարունակաբար կեղծ հավասարության նշան են դրել ագրեսոր և հայատյաց Ադրբեջանի և իր ֆիզիկական անվտանգության համար գոյամարտ մղող Արցախի զինված ուժերի գործունեության մեջ՝ հետևողականորեն կոչեր հնչեցնելով երկու կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը, թեպետ այդ ռեժիմը խախտելու որևէ մոտիվացիա հայկական կողմը չի ունեցել:
Ըստ այդ վերոհիշյալ ՀԿ-ներին գործունեությունը հովհանավորելով ՀՀ կառավարությունը նպաստում է արտաքին ուժերի համար խիստ անհրաժեշտ և մեր պետությունների համար կործանարար հակառակորդի օրակարգին ծառայող ուժերի ներթափանցմանը մեր պաշարված ամրոցի միջնաբերդը:
Չկարողանալով մեր ամրոցի պատերը հաղթահարել դրսից, հակառակորդը փորձ է ձեռնարկում ապականել իրավիճակը ներսից: Ընտրական պրոցեսների վերահսկումը ինքնին լուրջ հետախուզական տվյալներին տիրապետելու հնարավորություն է ընձեռնում, տվյալներ որոնք ըստ ամենայնի շատ արագ կհանգրվանեն հակառակորդի համապատասխան ծառայության սեղաններին:
Ընտրական պրոցեսների «վերահսկմանը» կհետևեն նախաձեռնություններ, որոնք իբր թե միտված կլինեն խոցելի խմբերի իրավունքները պաշտպանելուն, պետկառավարաման թափանցիկությունը ավելացնելուն, փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելուն, մինչդեռ իրականում կեղծիքների հիման վրա կառուցված մեդիա-մանիպուլյացիաների արդյունքում սերմացվելու է փոխադարձ ատելություն, նախանձ և անվստահություն: Այսպես եղել է Հայաստանում տասնամյակներ շարունակ, սա է տեղի ունենալու նաև Արցախում, եթե այս նախաձեռնությունները չհանդիպեն պատշաճ դիմադրության:
Հաշվի առնելով վերոհիշյալը կոչ ենք անում Արցախի իշխանություններին և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին թույլ չտալ իրենց քաղաքական տարաձայնությունները հասարակությունը պառակտելու գործիք սարքել: Օտարերկրյա գործակալների ներթափանցման հետևանքները լինելու են շատ ավելի ցավալի և ավերիչ, քան ցանկացած քաղաքական կամ միջանձնային տարաձայնությունից բխող կոնֆլիկտ:
Մեզ հայտարարված հիբրիդային պատերազմում մենք շարունակաբար պարտություններ ենք արձանագրում, քանի որ սովոր ենք հակառակորդին տեսնել միայն Ադրբեջանի ԶՈւ համազգեստով, մինչդեռ արդեն վաղուց հակառակորդը ապրում է մեր կողքին և շատ հաճախ ունի «յան»-ով ավարտվող ազգանուն:
Հիմք ընդունելով այն աշխարհաքաղաքական բարդ բալանսն ու փխրուն ստատուս քվոն, որի պահպանման հիմնական բեռը մինչ օրս Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ուսերի վրա էր, մենք միշտ զերծ ենք մնացել Արցախի ներքաղաքական զարգացումներին արձագանքելուց: Սակայն օտարերկրյա ներթափանցման նման լկտի նախադեպը հաշվի առնելով՝ մենք ստիպված ենք արձանագրել, որ այսուհետ այդ չեզոքության պահպանումը հավասարազոր է հանցավոր անգործության: Հետևաբար այսօր ավելի քան հրատապ է օժանդակությունն այն հայրենակիցներին, որոնք, տասնամյակներ շարունակ խրամատներում պատերազմելով ակնհայտ հակառակորդի հետ, կարող են շփոթության մատնվել՝ քողարկված հակառակորդի հետ առերեսվելիս...
Եվ սա խնդիր է, որի առնչությամբ «Ադեկվադ» միաբանությունը պարտավոր է և մոտ ապագայում հանդես կգա նախաձեռնությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը