ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օգոստոսի 17-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մինչ միջոցառումների մեկնարկը Դավիթ Տոնոյանն այցելել է մրցաշարի մասնակից պետությունների խոհարարների հյուրասիրության գոտի, որտեղ ազգային ուտեստներով էին ներկայացել նաև «Դաշտային խոհանոց» մրցաձևին մասնակցած հայ խոհարար-զինծառայողները: Պաշտպանության նախարարը զրուցել է հայկական թիմի անդամների հետ, շրջել այլ պետությունների տաղավարներում:
Դավիթ Տոնոյանն այցելել է նաև Բարեկամության տուն, շրջել «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի մասնակից պետությունների պատմությունն ու մշակույթը ներկայացնող տաղավարներում:
«Ալաբինո» զորավարժարանում ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է «Տանկային բիաթլոն» մրցաձևի եզրափակիչ փուլ անցած թիմերի ելույթներին:
Օրվա ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի մասնակիցների պարգևատրման և միջոցառումների փակման հանդիսավոր արարողություններին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը