ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Մարդկությունը բոլոր ժամանակներում ունեցել է հոգևոր ճգնաժամեր: Եւ ամեն ճգնաժամի հետևում է հոգևոր արթնություն, որ ի վերուստ գալիս է մտածողների միջոցով:
Նրանք գործով եւ խոսքով կրթում են, բարձրացնում, իսկ առավել մեծերը՝ մարգարեանում բոլոր ժամանակների համար, քանի որ քննել ու որոշակիորեն ճանաչել են աստվածային արարչության դետալները, մարդու էությունը:
Գարեգին Նժդեհը այն բացառիկ կերպարներից է, որ միաժամանակ ազգային գործիչ է եւ մտավորական: Նա սովորեցնում է ոչ միայն սեփական օրինակով, այլ նաեւ մտածողությամբ:
Ընթերցեք եւ ասեք՝ որքանով է տարբերվում գրեթե մեկ դար առաջվա իրականությունը այսօրվանից:
«Չզարմանաս, եթե մի օր դասալիքը հերոսի դատավորը հանդիսանա: Մեր աշխարհում միշտ էլ վատասիրտը հայհոյել է աներկյուղ ասպետին, իսկ երկչոտը մութ անկյունից քար է նետել հերոսի վրա:
Մի զարմանա, քանի որ ապերախտը շուն չէ, այլ մարդ: Վայ նրանց, ովքեր չգնահատեցին սրանց սողունությունը եւ հազար վայ, եթե ժպտալու փոխարեն քաշես սրանց սանձը: Նման չարարվեստ էակներից շաղախված մի ցածրոգի ամբոխ սպանեց Սոկրատեսին եւ ավազակների հետ խաչ հանեց Նազովրեցուն:
Ես սովորեցի թքել թշնամացող ու նախանձող տգիտության վրա: Դու աշխատիր ավելի զորավոր լինել: Սովորիր ծիծաղել մարդկային վատությունների վրա եւ անցնել: Եւ իմացիր, որ հազարիցս լավ է պատմական մի գործ կատարել, թեկուզ հազար թշնամի շահելով, քան մարդկային չարությունից զերծ մնալու գնով դուրս մնալ պատմությունից:
Գարեգին Նժդեհ, «Ռազմիկ» , 1940թ.
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը